«Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը։
– Պարոն Զաքարյան, ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ անընդհատ ահազանգում են, որ ՀՀ իշխանությունները «ջրել» են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս հստակեցրեց` այդ պայմանավորվածությունները չեն անտեսվել, դրանց ավելացել է նաեւ Դուշանբեի պայմանավորվածությունը: Նա նաեւ հստակեցրեց` Արցախի կարգավիճակի հարցը նույնքան առաջնային է, որքան անվտանգության հարցը: Հետեւաբար ո՞րն է անհանգստության հիմքը:
– Այն հանգամանքը, որ արդյունավետ բանակցությունների համար վստահության մթնոլորտ է հարկավոր, դա միանշանակ է: Մենք էլ բազմիցս ասել ենք, որ չի կարելի մի կողմից՝ անընդհատ խախտել հրադադարի ռեժիմը, ռազմական հռետորաբանություն կիրառել և մյուս կողմից էլ՝ ակնկալել խնդրի խաղաղ կարգավորման համար բանակցություններ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը իրական երաշխիքներ կտար և փոխադարձ վստահելի միջավայր կձևավորեր շփման գծում: Այն ԵԱՀԿ-ին հնարավորություն կտար զբաղվել հրադադարի խախտման դեպքերով ու պահանջել կողմերին հարգել 1994-95թթ համաձայնագիրը: Եթե դրանք անտեսված չեն, ապա պետք է խոսել դրա մասին և խոսել պաշտոնական հայտարարություններով: Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունն, իհարկե, լավ է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հույս ունի, որ իր համար լավ արդյունքներ է արձանագրելու բանակցություններում: Ոչ մի իրական երաշխիք չկա, որ առ այսօր ռազմական լուծումը չբացառող Ալիևը կանտեսի բանավոր համաձայնությունը և կրկին կակտիվացնի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները:
– ՀՀ եւ Ադրբեջանի նախարարները արդեն հինգ հանդիպում են ունեցել, չորսն էլ` նախագահները: Չի բացառվում, որ առաջիկայում Մյունխենում եւս մեկ հանդիպում կայանա: Ձեր կարծիքով՝ սրանք «հարցի նախապատմությանը» ծանոթանալ-քննարկելուն ուղղվա՞ծ հանդիպումներ են դեռ, թե՞ արդեն հստակ կարող ենք խոսել բանակցությունների մասին: Թեեւ ՀՀ վարչապետը դավոսյան «պատահական» հանդիպումից հետո էլ հստակեցրեց` բանակցություններ չկան, անակնկալներ չեն լինելու: Ի դեպ, հունվարի 28-ին Ադրբեջանի նախագահը հերթական հայտարարությամբ է հանդես եկել. «Մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է: Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ, եւ դա ցույց ենք տվել մարտի դաշտում»:
– Դատելով բոլոր կողմերից արվող հայտարարություններից՝ բանակցություններ, որպես այդպիսին, կարծես թե չկան, և խոսքը գնում է նախապատրաստական աշխատանքի մասին: Այնուամենայնիվ, չկա պատասխան, թե ինչպե՞ս են կողմերը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, և ի՞նչ է դա նշանակում: Եթե Ալիևն ասում է, որ Ադրբեջանը չի համակերպվելու իր, այսպես կոչված, տարածքների օկուպացիայի հետ, դա խաղաղարար նախաձեռնությո՞ւն է, թե՞ շանտաժ բանակցային գործընթացից առաջ: Եվ արդյո՞ք հայ ժողովրդին պետք է խաղաղության նախապատրաստել, չէ՞ որ տարածաշրջանում խաղաղության երաշխավորն ու համբերատար կերպով խաղաղության սպասող ժողովուրդը հենց մենք ենք: Պատմության դասերը մենք վերջապես պետք է սովորենք, որովհետև մեկ անգամ չէ, որ խաղաղության ու ժողովուրդների բարեկամության անվան տակ ցեղասպանություն ենք ապրել, Լեռնային Ղարաբաղում 19-20 դդ. բազում զոհեր ենք ունեցել ու տարածքներ կորցրել: Ինձ համար քիչ թե շատ վստահելի խաղաղությունը կսկսվի այն պահից, երբ միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը և երաշխավորվի նրա բնակչության անվտանգությունը:
– Իր պաշտոնավարման առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին: Ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ արել ՀՀ իշխանությունը, ի՞նչը չի արել, եւ վերջապես, Ձեր կարծիքով, ե՞րբ կտեսնենք Արցախի ղեկավարներին բանակցային սեղանի մոտ:
– Այն, որ Արցախը պետք է պաշտոնապես վերադառնա և ճանաչվի որպես լիարժեք բանակցային կողմ՝ դա կասկածից վեր է: Այն, որ Արցախի ժողովուրդը պետք է տնօրինի իր ճակատագիրը և լիարժեք հնարավորություն ունենա իրացնելու իր ինքնորոշման իրավունքը՝ սա ևս կասկածից վեր է: Հուսով եմ, որ գործող իշխանությունները չեն շեղվի այս անբեկանելի սկզբունքներից:
– Մամուլում ժամկետներ են քննարկվում, համաձայն որոնց՝ մինչեւ ամառ կստորագրվի Արցախի հարցի կարգավորման մասին փաստաթուղթ: Դրանք բամբասանքնե՞ր են, թե՞ մինչեւ ամառ հնարավոր եք համարում զարգացումներ: Ինչո՞վ կավարտվեն դրանք:
– Ոչինչ չեմ բացառում, որովհետև ինչպես նախկինում մի առիթով ասել եմ՝ իմ տպավորությամբ այս հարցում կարող են լինել նաև արտաքին ճնշումներ: Մենք պարբերաբար քննադատում ենք իշխանություններին, հատկապես Ղարաբաղյան կարգավորման հարցում, բայց դրանք մտահոգություններ են, որոնք պարտավոր ենք հնչեցնել: Ես վստահ եմ, որ եթե այս հարցում իշխանությունները հայտնվեն նեղ վիճակում, դա առիթ չի լինելու որևէ մեկի համար չարախնդալու: Այդ հարցը բոլորիս հարցն է, այդ հարցում դրական զարգացումներով շահագրգիռ ենք բոլորս: Եվ պատահական չէ, որ մամուլն էլ անընդհատ արձագանքում է՝ քննության առնելով բոլոր տիպի հնչեցված կարծիքները: Մի բան հստակ է՝ իշխանությունները պետք է հատկապես զգուշավոր լինեն ծուղակներում չհայտնվելու համար:
– Ադրբեջանի ներքաղաքական ընդվզումներին ինչպե՞ս եք վերաբերվում, դրանցից վախենա՞լ, զգուշանա՞լ, թե՞ զգաստանալ է պետք: Դրանք, ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվեն:
– Ինչով ուզում են, թող ավարտվեն: Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչպիսի՞ երկիր է Ադրբեջանը՝ ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար: 1990-94 թվականներին մենք պատերազմ ենք մղել և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավարական Ադրբեջանի դեմ: Երկուսն էլ մեծ ցանկություն են ունեցել սպանել, թալանել ու բնաջնջել հայ տեսակը Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Դա իրենց ներքին գործն է, սակայն կա մի հանգամանք, առայժմ տեսականորեն, այնուամենայնիվ՝ բացառել այն չի կարելի: Եթե Ադրբեջանում շարունակվեն, և ընդլայնվեն մասսայական բողոքի ակցիաները, ապա նրանք մեր պես ժողովրդավար ու հանդուրժող չեն, որ իշխանությունը խաղաղ փոխանցեն փողոցի առաջնորդների: Դա հղի է նաև ռազմական արկածախնդրության վտանգով՝ հասարակության ուշադրությունը շեղելու և ռազմական դրություն մտցնելու համար:
– Պարոն Զաքարյան, բուռն քննարկումների առարկա են դարձել նաեւ կառավարության կառուցվածքային փոփոխությունները, մասնավորաբար, ԱԱԾ-ի եւ Ոստիկանության` վարչապետի ենթակայության տակ գտնվելը: Այս տարբերակն առաջարկվում էր նաեւ ՀՀԿ-ական իշխանության կողմից եւ դեռ այն ժամանակ արժանացավ ընդդիմության, այդ թվում նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խիստ քննադատությանը: Երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, շարունակո՞ւմ եք պնդել, որ դա ճիշտ որոշում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարծես փոխել է մոտեցումը:
– Այդ հարցի վերաբերյալ հստակ տեսակետ դեռ չեմ կարող ասել, մինչև կհրապարակվի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Մեր ժամանակ այդ մոտեցումը ինքնանպատակ չի եղել և ունեցել է իր հիմնավորումն ու պատճառները: Գործող կառավարության սպոնտան հայտարարություններից դեռևս պարզ չէ, թե ի՞նչ ծրագիր է ներկայացնելու Ազգային ժողովի հաստատմանը, հետևաբար պարզ չէ նաև, թե ինչպիսի՞ կառուցվածքով ու կառավարման մեխանիզմներով է կառավարությունը կյանքի կոչելու այդ ծրագրերը: Առայժմ դեռ սիրողական, ավելի ճիշտ՝ ֆեյսբուքյան մակարդակի քննարկումներ ենք լսում ու կարդում մամուլում: Կարծում եմ՝ առաջիկայում այդ հնարավորությունը կունենանք ավելի լուրջ անդրադառնալու այդ հարցերին:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


















































