«Մենք այս պայքարի մեջ լինելով՝ գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկությունը։ Շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, կարող է լինել բոլորի հետ։ Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր ընկերությունները, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, հարկայինը զինված մտել է ամեն տեղ։ Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ։ Այո՛, ոչ դիմակներով, բայց մնացած ողջ հանդերձանքով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Լրագրողի հարցին՝ «Պապակա՞ն հարուստ եք եղել, թե Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո եք կուտակել ունեցվածքը», Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ այն, ինչ ունի իր ընտանիքը, օրինական ճանապարհով է. «Ես սա ասել եմ և՛ ամբիոնից, և՛ հիմա եմ ասում։ Հիմա դատական պրոցես է ընթանում, այդ ամենը, բնականաբար, ցույց ենք տալու»։
Ինչ վերաբերում է հարկայինի իրականացրած ստուգումների արդյունքներին, Լևոն Քոչարյանն ասաց՝ խախտում չէին կարող հայտնաբերել, որովհետև այն չկար. «Աչք վախեցնելու գործողություն է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաև Սահմանադրության փոփոխությունների մասին՝ վստա՞հ է Լևոն Քոչարյանը, որ «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը չի միանա ՔՊ-ին՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։
«Համոզված եմ։ Չէ՛, չի լինի, այս դեպքում հաստատ չի լինի։ Տո՛, մեզ այնքան են վախեցրել։ Ոչ միայն վախեցրել են, այլև նստացրել են՝ տեսել են, որ դա արդյունք չունի։ Անկեղծ եմ ասում, ես չեմ էլ կարծում, որ մեր մասով կփորձեն։ Ինձ թվում է՝ չեն էլ փորձի։ Ոչ թե սկզբունքի մասին է խոսքը, որովհետև մենք փորձված ենք. շատ են փորձել՝ չի ստացվել։ Եղել են մեր շարքերից մարդիկ, բայց նրանք լքել են, չեն մնացել»։
Հարցազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































