Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը. ԱԳՆ

Օգոստոս 05,2026 13:17 Share

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:

Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են: Ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել