Առաջնորդը պետք է մարդկանց մղի, խնդրի արտահայտել, դրսևորել իրենց դրական կողմերը։ Երբեմն առաջնորդներին թվում է, թե լավ ղեկավար լինելու համար պետք է մարդկանց սրտով գնալ, կատարել այն, ինչին իրենք սպասում են, սակայն պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, թե ինչն է մարդկանց և կազմակերպության համար առաջնային և կարևոր։ FedEx-ի (Federal Express) հիմնադիր, ամերիկացի Ֆրեդ Սմիթը մի առիթով ասել է. «Միշտ տարբերակեք, թե ինչն է ձեզ համար լավ և ինչն է կազմակերպության համար լավ»։ Պետք է մարդկանց վրա դնել պատասխանատվություն, նշաձողը բարձրացնել և առաջնորդվել կազմակերպության գերակա շահով։ Նման դեպքում մարդիկ ավելի լավ են կարողանում ինքնարտահայտվել։ Եվս մեկ կարևոր պայման, եթե ուզում եք իմանալ, թե մարդիկ պատրաստ են, արդյոք, հետևել ձեզ, խնդրեք իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ստանձնել պարտավորություններ։ Նման դեպքում անպատասխանատու մարդիկ խուսափում և գնում են, և մնում են միայն նրանք, ում վրա կարելի է հույս դնել։ Պետք է փաստել, որ հարգանքն առաջանում է դժվար իրավիճակում առաջնորդի կայացրած ճիշտ որոշումից։
Դժվար ժամանակներում առաջնորդները պարտավոր են օրինակ ծառայել և ոչ թե պարզապես հրաման տալ: Առաջնորդները պետք է ուրիշների շահերը դնեն առաջին տեղում և բարձր գնահատեն մարդկանց, որպեսզի իրավունք ունենան խնդրել նրանց ցուցաբերել մեծահոգություն։
Դուք, որպես առաջնորդ, արդյոք, ձգտո՞ւմ եք ուրիշներին հաճոյանալ կամ նրանցից հավանություն ստանալ, եթե այո, ապա պետք է փոխեք ձեր ակնկալիքները։ Ձեր ուշադրությունն ուղղեք ոչ թե նրան, թե ինչ կստանաք, այլ դեպի այն, թե ինչպես կօգնեք մարդկանց կատարելագործվել։ Այդ ժամանակ դուք կբարելավեք ձեր կազմակերպությունը և կիրականացնեք ձեր տեսլականը։
Գնահատեք մարդկանց նույնչափ, ինչպես և ձեզ։ Եթե դուք զգում եք, որ ինքներդ արժանի եք հնարավորության, ապա անպայման կտաք հնարավորություն նաև ուրիշներին։ Եթե զգում եք, որ արժանի եք զարգացման, նշանակում է կցանկանաք զարգացնել նաև այլ անձանց։ Եթե ձեզ բարձր եք գնահատում, ուրեմն ուրիշներին էլ բարձր կգնահատեք։ Իսկ եթե ձեզ ցածր եք գնահատում, ապա այլոց արժեքն էլ կփորձեք ցածրացնել։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ նա, ով մարդկանց արժեքը չի գնահատում, չի կարող լավ առաջնորդ լինել։ Երբ առաջնորդը ցածրացնում է մարդկանց արժեքը, նրանց համար հնարավորինս քիչ բան է անում։ Նման դեպքում առաջնորդն ուզում է, որ մարդիկ ծառայեն իրեն։ Մարդկանց վերահսկում է։ Մանիպուլյացիայի է ենթարկում։ Երբ առաջնորդը գնահատում է մարդկանց, նրանց համար անում է ամեն ինչ, ինչ կարող է։ Նման դեպքում առաջորդը ծառայում է մարդկանց։ Այլ անձանց տալիս է լիազորություններ։ Մարդկանց մոտիվացնում է։
Սահմանեք ակնկալիքները։ Մեծ հաջողությունների հասնելու համար որպես ղեկավար դուք նախապես պետք է սահմանեք սպասելիքները և ձևավորեք աշխատանքային հարաբերություններ։ Եթե վերջնարդյունքը սահմանված չէ, ապա հավանական է, որ արդյունքում դուք և այն մարդիկ, ում առաջնորդում եք, կհիասթափվեն։
Նախօրոք իրականացված գնահատումն օգնում է որոշել մարդու արժեքը և միաժամանակ բարձրացնում այն ժամանակի արժեքը, որը մենք անցկացնում ենք միասին։ Ժամանակին և անկեղծ, բաց քննարկումն օգնում է սահմանել, թե ինչպես և որ ուղղությամբ ենք մենք առաջնորդում մարդկանց։
Վաղօրոք կայացված որոշումները բարձրացնում են այն ժամանակի արժեքը, որ անցկացնում ենք միասին։ Մարդիկ մշտապես սպասում են առաջնորդի զարգացմանը։ Թիմը կամ միասին է զարգանում, աճում, կամ փլուզվում, բաժանվում է։
Առաջնորդը, որը վստահ է փոփոխությունների անհրաժեշտության հարցում, նախաձեռնող է և մտածում է, որ կնպաստի փոփոխություններին, որպեսզի թիմը կատարելագործվի։ Թիմի ընդլայնումը պահանջում է ինտենսիվություն։ Թիմի մեծացումը մեծ էներգիա է պահանջում։ Թիմի ընդլայնումը մեծ սեր է պահանջում։ Միայն սերն է կապերն ավելի ուժեղ դարձնում, և սիրո հիմքում պետք է լինի մարդկանց բարձր գնահատելու ցանկությունը, ներառյալ՝ նրանց, ովքեր տարբերվում են և անգամ նրանց, ովքեր ձեր սրտով չեն։
Աշխարհը ձեր շուրջը նման է ձեռքերին, և բոլոր մարդիկ նրա մատներն են։ Եթե դուք ատում և ոչնչացնում եք մարդկանց որևէ խումբ, ձեռքը կորցնում է մատը, և ձեր աշխարհը թուլանում է։
Ամալյա Հարությունյան
«Առավոտ» օրաթերթ
04.08.2026


















































