«Ձեզնից է կախված լինելու բարեկրթության մթնոլորտի ապահովումը։ Վստահ եմ՝ չի հաջողվելու։ Ոչ բարեկիրթ պահվածքի որոշ դրսևորումներ պարոն Ռուբինյանի ընտրվելուց հետո տեսանք։ Ինչ ասես՝ մարդը վերևում է նստած, մեխն ու մուրճն իր ձեռքին, փորձում է ոնց ուզի, օգտագործել, բայց ամեն դեպքում թույլ չենք տալու»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Խոսելով իշխանությունների վարած քաղաքականությունից՝ ասաց․ «Ժողովրդավարությունը լավ կարողանում եք հրամցնել, բայց իրական պատկերը լրիվ այլ է։ Բազմաթիվ քաղբանտարկյալներ ունենք։ Այդ ժողովրդավարության վառ արդյունքն է իմ գործընկեր Արթուր Սարգսյանի՝ հնարավորություն չունենալը այստեղ լինել, 70-ամյա Գագիկ Ծառուկյանին՝ 30 հոգով դիմակներով, առանց դիմադրության գետնին պառկեցնելը։ Այդ ժողովրդավարության վառ արդյունքն էր Ծառուկյանից գույքերը խլելը։ Իրավական վենդետա հասկացողություն աշխարհում չկա։ Օրինակ՝ «Մուլտի Վելնեսը» պետությունը վերցրել, տվել է քաղաքապետարանին, Տիգրան Ավինյանն առավոտյան աշխատանքի գնալուց լայվ էր մտել, հորդորում՝ գալ ու մարզվել այնտեղ։ Ինձ մոտ տպավորություն է, որ Գագիկ Ծառուկյանը, եթե ունենար վարսավիրանոց, կխլեիք, ու Տիգրան Ավինյանը կասեր՝ բոլորդ գաք, ֆենվեք ու էպիլյացիա անեք այս վարսավիրանոցում, կամ ունենար գիշերային ակումբ»։
Արձագանքելով հայրենիքի հետ կապված Արման Եղոյանի պնդումներին՝ Սևակ Խաչատրյանն ասաց․ «Մարդն ասում է՝ այսինչը իմ հայրենիքն է, փորձում եք ապացուցել, որ չէ, քո հայրենիքը չէ։ Դուք կարո՞ղ եք մի ջավախքցու համոզել, որ Ջավախքը իր հայրենիքը չէ։ Չեք կարողանալու։ Տարբեր պատմական շրջաններում պետությունների սահմանները շատ են փոխվել՝ կապված պետության ղեկավարներ հետ, բայց միշտ հիշեք՝ հայրենիքի սահմանները երբեք չեն փոխվում»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն արձագանքեց․ «Այո, եթե մեկն իսկապես Ջավախքից է, իհարկե, կարող է ասել՝ Ջավախքն իմ հայրենիքն է, Վրաստանի դեսպանին էլ, հանդիպման ժամանակ՝ զգալով պահը, մի բաժակ գինու շուրջ, մի երկու բառ խոսելուց հետո։ Խնդիր չկա։ Եթե մեկը Թեհրանից է, կարող է ասել՝ Թեհրանն իմ հայրենիքն է։ Բայց ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Իրանն իմ հայրենիքն է, ոչ ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է։ Շատ զգույշ կլինեք բոլորդ։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք, միանգամից Մուշ, Արդահան, Կարս, Ադանա, ինչքան խոսքը կտրում է, այնքան կարող է գնալ։ Իսկ ո՞րն է դրա պատճառը, պատճառն այն է, որ ՌԴ տեսանկյունից՝ Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը, դրա համար դուք նման բան չեք ասի։ Իսկ Թուրքիայի հետ, խնդրեմ, ինչ ուզում եք՝ ասեք, հետո ռուսները կգան, կբարիշացնեն, թե մենք կարող ենք լինել միջնորդ, քարտեզներ և այլն»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































