Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պիտի դառնանք մի հասարակություն, որտեղ մարդիկ խնամքով են վերաբերվում մեկը մյուսին». Աննա Հակոբյան

Փետրվար 04,2019 23:03

«Հասկացել եմ՝ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է տրամադրությունից. ոչ միայն հիվանդի տրամադրությունից, այլև հասարակության»,-այսօր՝ փետրվարի 4-ին «City of Smile» բարեգործական հիմնադրամի կողմից քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Այսօրվա բարեգործական միջոցառման ընթացքում հայ դիզայներները վաճառքի էին հանել իրենց կողմից ստեղծված տարբեր իրեր, որոնցից ստացված հասույթը տրամադրվելու է հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակների համար։

Տիկին Հակոբյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ մենք պիտի լինենք մի հասարակություն, որտեղ հիվանդը չպետք է ամաչի ասել, որ բուժվում է այս կամ այն հիվանդությունից. «Նույնիսկ ավելորդ է ասել, որ այս հիվանդությունը ոչ ամոթ է, ոչ խարան է: Հասարակության արձագանքն է խնդիրը, որ մարդիկ խուսափում են բարձրաձայնել հիվանդության մասին: Հասկանում ենք, որ քաղցկեղը բարդ հիվանդություն է, բայց այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Մենք պիտի դառնանք մի հասարակություն, որտեղ խնամքով են վերաբերվում մեկը մյուսին ցանկացած պարագայում, ընդամենը պետք է ուժ տալ այդ հիվանդության դեմ պայքարողներին, չխղճալ, խղճահարված հայացքով չնայել: Պետք է բարձր գիտակցությամբ և դրական տրամադրությամբ մոտենալ այս խնդրին, իսկ մնացած հարցերը՝ առողջ ապրելակերպ, ֆինանսական խնդիրներ ավելի հեշտ լուծելի  են»:

«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը քաղցկեղի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, դրա վաղ ախտորոշման և կանխարգելման կարևորության ընդգծումը. «Բացի այդ՝ 20-ից ավելի հայ դիզայներներ այսօր միացել են մեզ և ստեղծել իրեր, որոնք վաճառվելու են, և ողջ հասույթը գնալու է հիմնադրամին, որպեսզի նպաստենք մեր երեխաների բուժմանը: Այսօր վաճառքը տեղի կունենա այստեղ, իսկ հետագայում բոլոր այն խանութներում,  որտեղ ներկայացված են մեր հայ դիզայներեների աշխատանքները: Այն իրերը, որոնց վաճառքի հասույթը գնալու է հիմնադրամին, առանձնացված են լինելու»:

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այսօր արդեն 90-ից ավել երեխաների բուժման  ֆինանսավորմամբ է զբաղվում «City of Smile»-ը: «Մեզ համար գնահատելի է ամեն 100 դրամը, և  ցանկացած մարդու մասնակցելու և նվիրաբերություն կատարելու ցանկությունը մեզ համար գնահատելի է: Եթե ամեն մարդ փորձի որևէ ձևով աջակցել, կարծում եմ՝ ընդհանուր գումարը մեծ կլինի»,- հավելեց Է. Դեմիրճյանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Just black» բրենդի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանը նշեց, որ միանգամից է արձագանքել նախաձեռնությանը, քանի որ սա մի հնարավորություն էր սեր փոխանցելու իր աշխատանքի միջոցով՝ հուսալով, որ այն ինչ-որ մի բալիկի դեմքին ժպիտ կբերի. «Սոցիալական պատասխանատվության մասին խոսելիս առաջին հերթին սիրո գաղափարն է գալիս մտքիդ, հատկապես այն մարդկանց նկատմամբ, որոնք  դրա կարիքը առավել քան ունեն»:

Դիզայները հատուկ բլուզ է ստեղծել այս միջոցառման համար. «Ուզում էի հատուկ մի բան ստեղծել, որի մեջ անկեղծություն կտեսնեին մարդիկ: Առաջին բանը, որ մտքիս եկավ քրիստոնեությունն էր, որովհետև մեր կրոնն ասում է՝ սիրի՛ր դիմացինիդ: Դիմացինին սիրելու պարտավորվածությունը մեր մեջ սթափ պահելու խորհրդանիշը ինձ համար խաչն է: Խաչերը սրտի՝ ձախ կողմից տարածվում են բլուզի վրա, կա մեկ կենտրոնական՝ կոմպոզիցիոն խաչ, որը ինձ համար պայմանականորեն այն բալիկն է, որին ուղղել ես քո օգնությունը՝ գնելով իմ պատրաստած բլուզը»:

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն էլ  նկատեց, որ մանկական ուռուցքների բուժումը ծանր գործընթաց է, մեծ գումարներ է պահանջում. «որպեսզի հնարավոր դարձնենք ամբողջական բուժում կազմակերպել մեր երեխաների համար, անհրաժեշտ է, որ հասարակությունը միավորվի այդ խնդրի շուրջ»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728