Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիային՝ սիրով

Փետրվար 06,2019 12:30

Բեռլինում Գերմանիայի Դաշնային կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Հայ-գերմանական պաշտոնական հանդիպումը եզրափակվեց հանդիսավոր ճաշով: Այս տեղեկության մասին կարող եք գտնել 2019 թվականի փետրվարի 1-ին վերաբերող երկու երկրների լրատվական բոլոր աղբյուրներից:

Նույն օրը Երեւանում մեկ այլ հանդիպում էր՝ հայ-գերմանական խորհրդանշական մի համերգ: Դրա մասին դժվար հանդիպեք որեւէ պարբերականում: Մեր օրերի դասական, ականավոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի ու միշտ սպասված ալտահար Մաքսիմ Նովիկովի համատեղ համերգին չնկատեցի «նախկին» մշակութային նախարարության պաշտոնական ներկայացուցիչների, չէին եկել վաստակավոր դաշնակահարներ ու վիրտուոզ ալտահարներ…չկայիք նաեւ դուք, այս համերգի մասին հենց նոր իմացող ու այս տողերը կարդացող Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահից «հեռավոր» բնակարաններում ապրող երեւանցիներ:

Խաղաղ անտարբերության մեջ պայթեց մի համերգ: Առաջին անգամ մի ծրագրի ընթացքում հանդիպեցին երաժշտության մեջ շարունակ ապրող երկու արվեստագետ՝ Էլիզաբեթ թագուհու ու երաժշտության արքաների անունները կրող մրցույթների դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը, ով ամբողջ կյանքում հայրենանվեր իր ծառայությամբ իմաստավորված, Հայաստանից երբեք չհեռացող ու Հայաստանին ամենաբարձր պատիվները շնորհող արտիստներից մեկն է ու ալտահար Մաքսիմ Նովիկովը՝ լեգենդար դաշնակահարուհու կրտսեր ժամանակակիցը, ով առաջ է մղում հայ եւ արտասահմանյան կատարողական, մանկավարժական ու ստեղծագործական շարժումը, գործունյա որոնումներով ամենատարբեր երկրներում ուսուցչի՝ համբավավոր Յուրի Բաշմետի օրինակով հաստատում է իր նվագած գործիքին հատուկ բնածին ազնվական, արժանապատիվ տեղը:

Այսպիսի խորը եւ իրական զգացմունքայնությամբ օժտված, երկու բոցավառ արտիստներին անհրաժեշտ էր միայն ռոմանտիկականի հետ մի պատահում, մասնավորապես՝ գերմանական շեշտվածությամբ: Համերգից հետո արդեն կմտածենք, որ այն բերեց համերգասրահի խորհրդանշական համընկնմանը՝ գերմանացի կոմպոզիտորների օպուսները հնչեցին Բեռլինում պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացած Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ալտի ու դաշնամուրի կատարմամբ երաժշտական ռոմանտիզմին ուղղված կոմպոզիտորական չորս հայացքը ձգվեց 19-րդ դարից մինչեւ 1919 թվականը: Ալտը Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի սիրելի գործիքն էր, Պ. Հինդեմիտի համար համերգային կենսագրության ձեռքի գործիքն էր, իսկ դաշնամուրը այս բոլոր ռոմանտիկների համար առաջնային ու ստեղծագործական ընթացքի անբաժան խորհրդանիշն էր: Համերգի առաջին բաժնում նշվեցին ռոմանտիզմի ժամանակագրական բեւեռները՝ սկզբից Ֆրանց Շուբերտ (Arpeggione Sonata D.821), ապա՝ Պաուլ Հինդեմիտ (Sonata op.11 n.4), իսկ երկրորդ բաժնում էին հասուն ռոմանտիզմի հսկաները՝ Յոհաննես Բրամս (Sonata op.120 no.2) եւ Ռոբերտ Շուման (MՊrchenbilder /Հեքիաթային պատկերներ/ Op. 113):

Կարելի է առանձնացնել, որ ալտի ու դաշնամուրի անսամբլի միջոցով ռոմանտիզմին մոտենալու հնարավորությունները տարբեր են. դաշնակահարների դեպքում գործիքի համար գրված ստեղծագործությունների հսկա ծավալը եւ Սվետլանա Նավասարդյանի կատարողական երկացանկում այս ժամանակին ընդգծված համակրանքը թույլ են տվել ունկնդրի հետ հաղորդակցվել հատկապես ռոմանտիկ կոմպոզիտորների ու նրանց ստեղծած իդեալի միջոցով: Ալտի համար 19-րդ դարը մենակատարային կեսագրության մեջ նոր սկսվող ժամանակ էր՝ ստեղծագործությունների համեստ ծավալով: Բայց նորաստեղծ գործերին նախապատվություն տվող Մաքսիմ Նովիկովը ալտի հետեւողականորեն թարմացնող երկացանկում նախընտրում է քնարերգություն, երեւակայություն, ազգային-ինքնատիպություն, արվեստների սինթեզի գաղափար բովանդակող շեշտադրումներ, այսինքն՝ նրան հարազատ է ռոմանտիզմի իդեալը:

Համերգին հնչած երեք գործերի մեջ Մ. Նովիկովի համար հետաքրքիր էր մի տրամաբանություն, այն է՝ 41-ամյա Ռ. Շումանը «Հեքիաթային պատկերները» գրել է մահից 5 տարի առաջ, 61-ամյա Յ. Բրամսի նշված Սոնատը ծնվել է վախճանից 3 տարի առաջ, 27-ամյա Ֆ. Շուբերտը գործը գրելուց 4 տարի հետո կնքում է իր մահկանացուն: Այսպիսի օրինաչափությանը կարող ենք պատասխանել, որ իրենց կյանքի մայրամուտին կանգնած երեք ռոմանտիկների ալտի տեմբրին անդրադառնալը խորհրդանիշ է դառնալու: Հաջորդող 20-րդ դարում այդ գործիքը ասոցացվելու է իբրեւ կոմպոզիտորի հասունության, իմաստնության, երկնային կյանքին մոտ կանգնածի խոստովանության սիմվոլ: Այն կդառնա մինչեւ Դ. Շոստակովիչ ու Ա. Խաչատրյանի մոտ հասնող միտում:

Ֆրանց Շուբերտի Arpeggione Սոնատից հետո Պաուլ Հինդեմիտի op 11 թիվ 4 Սոնատի հնչողությունը միանգամից բացեց ալտի արտահայտչամիջոցների ամբողջ զինանոցը: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919-ին գրված սոնատում 24-ամյա Հինդեմիտը օպերային թատրոնի նվագախմբում ու լարային կվարտետում նվագող իր գործիքը՝ ջութակը մեկընդմիշտ փոխում է ալտով: Երաժիշտների համերգի առաջին բաժնի երկրորդ համարով հնչած սոնատը մեկնաբանվեց որպես երաժշտական ռոմանտիզմի ամփոփում: Յ. Բրամսի ալտի եւ դաշնամուրի համար op 120 թիվ 2 սոնատում արտացոլվեց Նավասարդյան-Նովիկով դուետի հղկված ճաշակը, ոչ սեւեռուն, միայն ակնարկային խոսքը: Առաջին մասում թավշյա ու մեղմ երանգներով ուրվագծվում էր անտառային մի խիտ պատկեր, որտեղ չէր սքողվում երգի գիծը հնչեցնելու նրբությունը: Զուսպ ու անշտապ էր հավաքվում փոխեփոխ հաջորդականությամբ ամբողջացող հարմոնիան: Սոնատի ֆինալում, ժողովրդական թեմայի վրա շարադրված 6 վարիացիաները լուրջ ու խորը մտորումների վեցակի հայացք դարձան, որտեղ սինկոպաների ռիթմական լուծումը, հատ-հատ խոռալակերպ քայլերը դաշնամուրին միանգամից հաղորդեցին Բախի ժամանակի երգեհոնային պատրանքը: Ռոբերտ Շումանի «Հեքիաթային պատկերներ»-ում ռոմանտիզմի պարզ երգային գծերի մեջ երեւաց հավերժականը՝ ոչնչով չսահմանափակող ոգու ազատությունը, որը ամեն վայրկյան ի վիճակի է տրվել խորը մտորումների, կարող է թախծոտ ժպտալ ու ապրել հուսադրող ոգեւորությամբ: Արվեստագետի իրական աշխարհն իր երեւակայությունների աշխարհն է, որն ավելի կարեւոր է: Այդպիսին էր համերգի դաշնամուրային մենակատարային bis-ը, որտեղ երազն ու եղելությունը միմյանց գրկեցին. Սվետլանա Նավասարդյանը նվագեց մի համար Յոհանես Բրամսի Կլարա Շումանին նվիրված «Վարիացիաներ Ռոբերտ Շումանի թեմայով» ստեղծագործությունից:

Ձմռան ժամանակով գարնանային զգացողություն…Այդպես զգայուն հոգու տեր արտիստները ցնծացրին Գերմանիայում սովորած Կոմիտասի տուն-թանգարանի համերգին ներկա բոլոր ունկնդիրների երեկոն: Հուսանք, որ Սվետլանա Նավասարդյան-Մաքսիմ Նովիկով դուետի համերգը ավանդույթ կդառնա:

ՕԼՅԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է
հոդվածի հեղինակը:

«Առավոտ» օրաթերթ, 

05.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728