Հեղինակային հրատարակչությամբ լույս է տեսել ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, տեխնիկական -գիտական հոդվածների հեղինակ Մեխակ Գաբրիելյանի «Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն. Ապագա Հայաստանի տեսլականը» գիրքը։
Գիրքը նվիրվում է բոլոր ժամանակներում Հայաստանի անկախությանը նվիրյալ մարտիկների հիշատակին, և Աստուծո պատվիրաններով առաջնորդվող, հանուն Աստուծո փառաբանության՝ Հայաստանի փառքի վերականգնումը գերակա համարող և ամեն օր այդ նպատակի համար արարող հայորդիներին։
Առաջաբանում Մեխակ Գաբրիելյանը գրում է. «Գրքում ներկայացվում է հայ ազգի ինքնության առաջնահերթությունը որպես ուղեցույց ունենալը՝ Աստվածահաճո կյանքով ապրելու, արարելու և ստեղծագործելու, կերտելու կենսունակ պետություն կառուցելու՝ մեզ հայերիս հարիր պետություն։ Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե մեր պատմության հետ ինչպիսի ավերածություններ են կատարել խորհրդային պատմագիրները, համեմատական աղյուսակի տեսքով ներկայացվում է 10-6 -րդ դարերի՝ մինչև մեր թվարկությունը, մեր արքաների անունները, և հորինված, այսպես կոչված՝ «ուրարտական» շրջանի հետ»։
Գրքում տեղ են գտել նրա տասնյակ հրապարակումները. «Ապագա Հայաստանի տեսլականը», «Հոգևորը և նյութականը», «Հայաստանը հին աշխարհում», «Անկոռուպցիոն պետություն», «Ապահովագրական համակարգ», «Ազգայնականությունը և հայ ժողովուրդը»…
Կարդացեք նաև
Մեխակ Գաբրիելյանը գրում է. «Պետք է հայ պատմաբանները և մշակութաբանները լուրջ ուսումնասիրություններ սկսեն և բացահայտեն առ այսօր հիմնավորապես չուսումնասիրված մեր նախնյաց առաքինությունները։ Ճշմարտությունը կարող է ժամանակավորապես անտեսվել, սակայն այն չի կարող չբացահայտվել , երբ հասել է նրա բացահայտման ժամանակը»։
«Խորհրդանիշները» մասում նա առաջարկում է քառագույն դրոշը՝ սպիտակ ուղղահայաց շերտով, վերից վար՝ դրոշի սկզբնամասում ՝ վրան Սուրբ Խաչի նկարը, որի ներքեւի մասում գրված է 301 թիվը, և վերից վար հորիզոնական հավասար շերտերով երեք երիզներ՝ կապույտ, ծիրանագույն։
«Զինանշանի կենտրոնում պատկերված են Արարատ լեռը՝ գագաթին Նոյյան տապանը և Արևի գունդը՝ նրանից դուրս եկող ճառագայթներով՝ մեջը գրված 301 թիվը թվականը՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու տարեթիվը, ցորենի հասկեր և խաղողի ողկույզներ։ Օրհներգի երաժշտությունը Արամ Խաչատրյանի «Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունն է»։
Մեխակ Գաբրիելյանի գրքից որոշ հրապարակումներից հատվածաբար տպագրվել են նաև «Առավոտում», դրանք վերաբերել են պետականաշինությանը, պետական կառույցներին, ազգային խնդիրների հանգուցալուծմանը։
Նա ներկայացրել է ապագա Հայաստանի տեղն ու դերը վերակերտվող նոր աշխարահակարգում, նրա առանցքային դերակատարությունը արիական առանցքի ձևավորման գործում, և այդ առանցքին հոգևոր, մշակութային և նյութական նշանակությունը, համաշխարհային զարգացումների վրա։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2026


















































