Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Թե ո՞վ է ժառանգը՝ որպես նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ

Սեպտեմբեր 11,2026 13:30 Share

Ըստ ՍԴ դիմողի՝ վիճարկվող դրույթները չեն սահմանում, թե արդյո՞ք ժառանգության նկատմամբ իրավունք ունեցող, սակայն ժառանգությունը նոտարական կարգով դեռեւս չընդունած անձը նոտարական գործից տեղեկություններ, փաստաթղթեր, պատճեններ կամ քաղվածքներ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտ է, եւ արդյո՞ք վերջինիս նկատմամբ տարածվում է նոտարական գաղտնիքի պահպանման սահմանափակումը։

Սահմանադրական դատարան դիմած Լեոնիդ Ասլոյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության հարցը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանելիության համատեքստում։  Դիմողը գտնում է, որ հստակեցված չէ, թե ով է ժառանգը՝ որպես նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ, պարզ չէ՝ «ժառանգ» հասկացության ներքո օրենսդիրը նկատի ունի օրենքի ուժով ժառանգության կոչված անձի՞ն, թե՞ միայն այն անձին, որը նոտարական կարգով ընդունել է ժառանգությունը կամ ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր:

Քաղաքացիական գործի շրջանակներում, այնպես էլ սույն անհատական դիմումով ներկայացվել է պնդում առ այն, որ Լոռու մարզի նոտարական տարածքի նոտարը Լեոնիդ Ասլոյանի դիմումին ի պատասխան հայտնել է, որ կարող է տեղեկություններ հայտնել, սակայն «գրավոր չի կարող տրամադրել տեղեկատվություն՝ օրենսդրի պահանջից ելնելով», նշված քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թ. վճռի՝ «Պատասխանողի դիրքորոշումը» վերտառությամբ հատվածում վկայակոչվել են պատասխանողի՝ մարզի նոտարական տարածքի նոտարի դիրքորոշումները:

Դիմումում նշվել էր, որ իրավական անորոշության արդյունքում ձևավորվել է հակասական իրավակիրառ պրակտիկա. «Մի դեպքում՝ դատարանները գտնում են, որ ժառանգության բացումից հետո օրենքի ուժով ժառանգ հանդիսացող անձը կարող է ստանալ ժառանգության վերաբերյալ տեղեկություններ, քանի որ դրանց տրամադրումը նոտարական գաղտնիքի խախտում չի համարվում՝ «թիվ ՎԴ6/0052/05/23 և թիվ ՎԴ6/0082/05/23 վարչական գործեր», իսկ մյուս դեպքում՝ նույն նորմերը մեկնաբանվում են այնպես, որ նման իրավունք ունի միայն ժառանգությունն ընդունած անձը, իսկ ժառանգությունը դեռևս չընդունած ժառանգը չի համարվում այդ տեղեկություններին հասանելիություն ունեցող սուբյեկտ՝ «թիվ ԼԴ/0159/02/25 քաղաքացիական գործ»:

Դիմողի պնդմամբ՝ ժառանգելու սահմանադրական իրավունքը դառնում է ոչ թե իրական և արդյունավետ, այլ կախված իրավակիրառ մարմնի հայեցողական մեկնաբանությունից, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և անհամաչափորեն սահմանափակում է ժառանգելու իրավունքը։ Ավելին, ժառանգական գործին վերաբերող տեղեկություններին և փաստաթղթերին անհասանելիությունը փաստացի անհնարին է դարձնում կամ էականորեն բարդացնում է ժառանգի կողմից իր իրավունքների պաշտպանությունը, ժառանգական գույքի կազմի պարզումը, նոտարական գործողությունների օրինականության ստուգումը և անհրաժեշտության դեպքում դրանց դատական վիճարկումը։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները ոչ միայն սահմանափակում են ժառանգելու իրավունքը, այլև ուղղակիորեն ազդում են արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման վրա:

Սահմանադրական դատարանի դատական կազմը սեպտեմբերի 8 -ի ՍԴԴԿՈ-82 որոշմամբ  բավարարել է Լեոնիդ Ասլոյանի դիմումը,  «Նոտարիատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5.1-ի մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել է քննության, դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել