Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ մարզպետի ուշագրավ, հեղափոխական նորամուծությունները

Փետրվար 21,2019 18:35

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հանել է տվել իր առանձնասենյակի երկրորդ դուռը (Տես լուսանկարում)։

Բացի այդ,  ինչպես պատմում են նրա մոտ ընդունելության եկած քաղաքացիները ու նաև տեսնում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարներից, նա խորհրդակցական սեղանի շուրջ նստատեղերի փոփոխություն է անում․ քաղաքացիներին նստեցնում է իր համար հատկացված աթոռին ու այդպես է լսում նրանց բողոքները։

Aravot.am-ն այսօր հարցազրույց անցկացրեց Տիգրան Պետրոսյանի հետ՝ անդրադառնալով նաև այս նորամուծություններին։

 

Թե ինչո՞ւ է հանել իր առանձնասենյակի երկրորդ դուռը, մարզպետն ասաց․ «Այստեղ ամբիցիաների խնդիր չկա, ուզում ենք ցույց տալ, որ մեկ դուռը պակասեցնելով՝  դյուրացնում ենք մարդկանց ընդունելությունը։ Տարիներ շարունակ աշխատելով իշխանության հետ՝ ինձ համար երկդռնանի, երկփեղկանի գաղափարը, դռներ անցնելը ներքին մի բան էր առաջացնում,վարչարարության խորհրդանիշ կարծես լիներ։ Պարզաբանում էին, թե ձայնի մեկուսացում պետք է լինի, բայց, իմ կարծիքով, այստեղ չպիտի լինեն գործընթացներ, որոնք ունենան ձայնի մեկուսացման կարիք, ընդհանրապես սա ազդակ է կառավարման փիլիսոփայության հետ կապված։

Ու նաև փորձում ենք դուրս գալ անձնակենտրոնությունից։ Մարզպետի կերպարը, անձը մի կողմ թողնելով՝ առաջ ենք բերում քաղաքացու անձը․ աթոռը, որը ծառայում է  մարզպետին խորհրդակցությունների, ժողովների ժամանակ, այսօր տրամադրվում է քաղաքացիներին։ Մենք այս մոտեցմամբ, այսինքն՝ առանցքում քաղաքացուն ունենալով, փորձում ենք պետական ծառայությունները քաղաքացու շուրջ հավաքել։ Մարդկանց հետ այս ձևով աշխատելը ինձ համար ավելի հեշտ կլինի», -ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ իսկ քաղաքացիները չեն զարմանո՞ւմ, որ իրենց եք առաջարկում ձեր աթոռը, մարզպետը ծիծաղելով ասաց․ «Զարմանք կա, բայց սա մոտեցում է, փորձարկում ենք։ Ես անկեղծ կուզենամ հենց այս ազդակը բերել, որ քաղաքացին է ղեկավարը, նրա հարկերի միջոցով է այս պետությունը գոյանում, մենք մարդկանց խնդիրները լուծելու համար ենք ստանձնել այս պարտավորությունները, ու մարդը պետք է լինի մեջտեղում բառի բուն իմաստով, մենք էլ պիտի փորձենք իրականացնել պետական ծառայությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մարզպետի՝ քաղաքացիների հետ հանդիպման լուսանկարները Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728