Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է և կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Մարտ 07,2019 18:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները և անդրադարձել ԵՄ հետ համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներին:

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծերի փաթեթով հնարավոր կլինի իրականացնել կառավարության գործունեությունն առավել օպտիմալ և արդյունավետ ձևաչափով: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է՝ կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով՝ 12 նախարարություն.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:

Մասնավորապես՝ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունները կմիաձուլվեն՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրասնպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն: Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն: Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը: Նախագծի ընդունման պարագայում կընդգծվի նաև այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորի նս արագ և արդյունավետ կազմակերպումը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունների միաձուլման արդյունքում տրամաբանական է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները և կրճատել այդ ստորաբաժանումների հաստիքների գումարային թվաքանակը: Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ ակնկալվում է դա իրականացնել ոչ թե մեխանիկական ճանապարհով՝ միաձուլման ժամանակ հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ, որի արդյունքում միավորված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները կունենա ն հավասար մրցակցային պայմաններ աշխատանքի արդյունավետության առավել բարձր ցուցանիշներ դրսևորելու, առավել որակյալ աշխատանքային արդյունք ապահովելու և դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Այս գործընթացը տեղի կունենա նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում, որի արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, նշել է. «Երեկ Ազգային ժողովում այս թեմային նույնպես անդրադարձել եմ, բայց նորից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների, որովհետև այսօր արդեն շատ լուրջ խոցեր խնդիրներ ենք տեսնում երկու ուղղությամբ: Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով և ուզում եմ ասել, որ մենք այսպես ասած կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու»,-ա սել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե այդպես շարունակելու է մնալ: «Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու: Մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե, անկախ որևէ հարակից գործոնից: Եվ մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարմա համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միավորելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծվի.«Պետական կառավարման համակարգում իսկապես պետք է աշխատեն բարձր որակավորմամբ աշխատողներ՝ սրանից բխող հետևանքներով: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար: Այսպես կոչված պարգևավճարային սկանդալները և այս կարգի սկանդալները ծագում են հենց այստեղից, խնդիրն այստեղ է և ոչ թե որևէ այլ տեղ: Այսօր էլ մենք այդ խնդիրն ունենք, երբ պետական կառավարման համակարգից տ ղի է ունենում արտահոսք: Սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որովհետև նախկինում եղել են այլընտրանքային վճարումների տարբերակներ, բայց մենք բնականաբար չենք կարող գնալ այդ ճանապարհներով: Մենք պետք է այն, ինչ դե ֆակտո պետական ծառայողը ստանում է՝ եկամուտը, դե յուրե արձանագրված լինի: Եվ քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են գործել՝ խնդիր է առաջացել այդ աշխատող մարդկանց համարժեք վճարումներ իրականացնել: Հետևաբար, այստեղից են ծագում այսպես կոչված պարգևավճարային սկանդալները և լավ է, որ ծագել է, որովհետ և դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար. ովքեր են մեր պետական կառավարման համակարգի աշխատողները, մենք ինչ պահանաջներ ենք դնում նրանց առաջ, արդյոք պետական ծառայությունը պետք է նշանակի երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի աշխատանք, թե դա պետք է նշանակի առաջին կամ երկրորդ կարգի աշխատանք: Այս թեմաները պետք է մաքսիմալ բաց, թափանցիկ քննարկենք, բայց պետք է նաև համբերատար քննարկենք»:

Կառավարությոան ղեկավարն ընդգծել է, որ նախարարությունների մասնագետներին պետք է լիարժեք ներգրավել պրոցեսում. «Այն մարդիկ, ովքեր ազդակիր են, պետք է ներգրավել գործընթացի մեջ, բայց կրկին ասում եմ, այս գործընթացի մեջ որևէ նեգատիվ տրամադրվածություն պետք է չլինի, որևէ անձ, անհատ, խումբ, վարչություն չպետք է սա ընկալի որպես իր դեմ արվող գործողություն: Արդեն ասացի, թե սա ինչ տրամաբանությամբ է արվում և յուրաքանչյուրն ունենալու է իր շանսը և յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ինքն է որոշելու, այդ շանսից օգտվում է, թե ոչ: Այս պրոցես ի արդյունքում պետական կառավարման համակարգում պետք է մնան լավագույնները, այլ տարբերակ մենք ուղղակի չունենք»:

Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝ ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, 2019 թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը բարձրացնել 9 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմը բարձրացնել 18 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, 2020 թ. հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է՝ վերացնել արտոնագրային հարկի համակարգը, ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, որի շրջանակներում գործունեություն իրականացնողներն ազատվելու են բոլոր հիմնական հարկերից: Հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Հարկային օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Նախատեսվում է նաև անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2020 թ. հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը, 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառո-թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի) և այլն: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան-մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը՝ շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում սա շատ կարևոր փաթեթ է, և Հարկային օրենսգրքի քննարկումները սովորաբար Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տարբեր թվաբանությունների և մեթոդաբանությունների տեսակետից: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսի նախագծերն, ընդհանրապես, և տնտեսական պրոցեսները միայն թվաբանության մեջ տեղավորելը, կարծում եմ, շատ կոպիտ սխալ է, որովհետև շատ կարևոր է այն փիլիսոփայությունը, որ դրվում է այս ամենի տակ: Հետևաբար, ես կուզեի մի քանի կետ նշել հենց այս տեսակետից:

Առաջինը մինի բիզնեսի սահմանումն է և այդ հատվածին որոշակի արտոնություններ տալը, ըստ էության, նրանց հարկերից ազատելը: Սա մտնում է աշխատանքի խրախուսման մեր տրամաբանության և փիլիսոփայության մեջ: Երբ քիչ առաջ մյուս հարցի քննարկման համատեքստում ասում էի մենք ոչ միայն մարդկանց պետք է ասենք, քաջալերենք, որ աշխատեն , այլ պետք է հնարավորություններ ստեղծենք: Սա այդ կարևոր հնարավորություններից մեկն է և, իհարկե, այն բացառություններով, որ պարոն Ջանջուղազյանը նշեց: Ես չեմ ուզում թվարկել այդ բացառությունները, մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները և ընկերությունները կազատվեն հարկերից: Այստեղ ես ուզում եմ ընդգծել ևս մի ուղղություն, որը մեզ համար շատ կարևոր է և, իմիջիայլոց, որը մեր քննարկումների առանցքում էր նաև Բրյուսել կատարած այցի շրջանակում: Մենք հիմա քննարկում ենք, որպեսզի այս սեգմենտի համար ֆինանսական միջոցները դարձնենք հասանելի: Սա նշանակում է, որ բացվեն հատուկ վարկային գծեր, հնարավորինս ցածր տոկոսադրույքներով: Եվրամիությունը նույնպես իր պատրաստակամությունն արտահայտեց մեզ աջակցելու այս ուղղությամբ:

Այստեղ ուզում եմ նշել նաև այն ռիսկերի մասին, որ մենք ունենք: Երբ նախկինում ահա այսպիսի շրջանառության շեմեր են սահմանվել, վիճակագրությունն ինչ է մեզ ցույց տվել, որ, ենթադրենք, ընկերությունները տրոհվել են կամ շրջանառությունը թաքցրել են, որպեսզի որևէ շեմի ներքո հայտնվեն: Ես ուզում եմ ընդգծել, որ այս գործիքի նպատակն աղքատության հաղթահարման պրոցեսում մեր քաղաքացիներին աջակցելն է: Այս առումով ես հույս ունեմ, որ մենք չենք ունենա այն իրավիճակները, երբ ասենք 150 կամ 200 միլիոնանոց ընկերությունները տրոհվում են, դառնում են 5, 10, 20 , 30 հատ մինի ձեռնարկության ընկերություններ: Սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին այդ հսկիչ դրամարկղային կտրոնների հարցում լինել հետևողական: Ընդհանուր առմամբ, այո, մենք այս ռիսկերը գիտակցելով գնում ենք այս փոփոխությունների, որովհետև մեզ համար այս պրոցեսում ամենակարևորը վստահությունն է, որովհետև մենք պետք է փոխենք այդ ռեժիմը, երբ կառավարությունը և հանրությունը միմյանց նկատմամբ անվստահության կանխավարկածով են առաջնորդվում: Այսօր կա վստահություն քաղաքական մակարդակում և պետք է լինի վստահություն նաև տնտեսական մակարդակում: Այո՛, և մենք պետք է վստահենք քաղաքացիներին և մեր քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը և նրա մտադրություններին»: (Տես` Վարչապետի խոսքն ամբողջությամբ):

Հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավոր լուծում կտրվի ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին, կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ 2017 թ. հունիսի 9-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում էր ձևավորել սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքն վար մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը մինչ օրս չի կազմավորվել: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թ. օրենքը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել է Հանձնաժողովի կազմավորմամբ: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թ. օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը՝ ակնհայտ է դառնում, որ 2018 թ. հայտարարագրերի ներկայացման առումով գործնականում տվյալ պահին մեխանիզմներ առկա չեն: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես վարչական վարույթների և համապատասխան քրեական գործերի հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից: Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվու է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020 թ. հունվարի 1-ը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկությամբ այս օրինանագիծը ևս կընդգրկվի ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստի օրակարգում: «Մենք խնդիր ունենք կողմնորոշվելու մեր հետագա հակակոռուպցիոն ռազմավարության հարցում, որովհետև այս առաջարկվող տարբերակին ընդդիմությունն էլ էր կողմ քվեարկել, սակայն դրան կողմ քվեարկեցինք, քանի որ հասկանում էինք, որ այդ պահին ավելին անել հնարավոր չէ: Մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ հակակոռուպցիոն ռազմավարությամբ ենք գնալու առաջ, և այստեղ պետք է արձանագրենք մի բան, որ հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն համակարգը Հայաստանի Հանրապետությունում պետք է լիարժեք հիմնադրվեն և իրականացվեն»,- նշել է վարչապետը:

Գործադիրը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով նախատեսվում է իրականացնել փաստաբանության համակարգի հերթական բարեփոխումները: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: Մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար: Նախագծով ամրագրվել են նաև հետևյալ կարգավորումները՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները և գրասենյակի ֆինանսավորումը, անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում է սահմանվել, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ ֆոնդի միջոցներից:

Հավանության է արժանացել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝ «Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է»: Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։ Կառավարությունը, ներկայացնելով մի շարք հանգամանքներ, առաջարկում է օրենքի նախագծով քննարկ վող հոդվածը թողնել անփոփոխ: Մասնավորապես, նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը: Կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի և վերահսելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Բացի այդ, առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը:

Գործադիրն առաջարկություններ է ներկայացրել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին մարտի 13-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:


Կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության ոլորտի բարելավմանն ուղղված որոշումներ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման մասին պահանջի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիսից, որի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերսբանկ», «Ամերիաբանկ» ՓԲԸ-ները և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ 2019 թ. փետրվարի 27-ի դրությամբ ծրագրի շրջանակում բանկերի կողմից ընդունվել են 30 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 1.8 մլրդ դրամի չափով, որոնցից 2019 թ. հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է 8 հայտ՝ 44.7 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 219.8 հազար դրամ: Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացնել մինչև 450 մլն դրամ, ավելացնել ծրագրի ընդգրկման շրջանակը՝ կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացնել 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։ Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում գործող բիզնեսներին հնարավորություն է տրվում սարքավորում ձեռք բերել 4 տոկոսով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա առանձնահատուկ սկզբունքային պահ է: Մենք մարդկանց ասում ենք, որ ուզում ենք աշխատանքը խրախուսենք, մարդկանց կոչ ենք անում, որ իրենք իրենց ուժերին հավատան: Մենք մարդկանց կոչ ենք անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ: Բայց շատ կարևոր է, որ մենք մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ: Առնվազն իրենք անընդհատ պետք է տեսնեն, որ աշխատելու այդ հնարավորությունները մեծանում են: Հասկանում ենք, որ մենք միանգամից, մի գործողությամբ չենք կարող այդ ամենն ան ել, բայց շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դինամիկան»,-ասել է վարչապետը և հավելել, որ այսօրվա ընդունած որոշումը կոնկրետ դինամիկա է և կոնկրետ հնարավորություն:

Հաստատվել է նաև Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Ծրագրի նպատակն է` վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտեսավարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը՝ դարձնելով այն 3-15 մլն դրամ: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով։ 2019 թ. կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թ. պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թ. պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպատակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։

Գործադիրը հաստատել է Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը: Ծրագրի իրականացման ռազմավարական նպատակներն են` ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործումը,հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը: Ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Ծրագրի իրականացման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ բարձրացնել մակերեսային ոռոգման նկատմամբ միկրոոռոգման առավելությունների վերաբերյալ ջրօգտագործողների իրազեկության մակարդակը՝ շահագրգռելով վերջիններիս սեփական կամ վարկային միջոցներով իրենց հողակտորներում ներդնելու ոռոգման արդիական համակարգեր: Բացի այդ, նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող` արդի տոխնոլոգիաներով ոռոգման համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնելով վարկավորման մատչելիության մակարդակը, կամ մասնակի փոխհատուցելով կատարված ծախսերը:

Կբարելավվեն երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում իրականացված փոփոխություններից մեկն այն է, որ հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի գծով տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը և մնում է միայն գումարային 70 տարեկան սահմանափակումը: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման ժամանակ գործ ող կանխավճարի մեծությունը նվազել է դառնալով 7,5 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ այդ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7,5 տոկոս կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Հանվել են նաև վարկավորման գումարների սահմանափակումները և թողնվել են միայն ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի սահմանափակումները (երկրորդային շուկայի համար առավելագույնը՝ 25 մլն ՀՀ դրամ, իսկ առաջնային շուկայի դեպքում՝ առավելագույնը 30 մլն ՀՀ դրամ): Մասնավորապես, վարկի առավելագույն գումարը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար նախկին որոշմամբ չէր կարող գերազանցել 17.5 մլն ՀՀ դրամը, իսկ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար՝ 24 մլն ՀՀ դրամը։ Այս դեպքում առաջանում էր խնդիր՝ կապված վարկի գումարի սահմանափակման հետ, քանի որ համապատասխանաբար 10 տոկոս և 7,5 տոկոս կանխավճարով հնարավոր կլիներ վարկ ստանալ ոչ ավելի, քան 17.5 մլն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից և 24 մլն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից: Նոր փոփոխությամբ, վարկի առավելագույն գումարը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար երկրորդ գույքի գրավադրման կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրության առկայության դեպքում կարող է կազմել մինչև 22.5 մլն ՀՀ դրամ (նվազագույնը 10 տոկոս կանխավճար), իսկ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար՝ մինչև 27,75 մլն ՀՀ դրամ (նվազագույնը՝ 7,5 տոկոս կանխավճար)։

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կնպաստի երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանների բարելավմանը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Սաթենկար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կարի արտադրության մեջ (գյուղ Քասախ)։ Նախատեսվում է իրականացնել 200 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 55 աշխատատեղ՝ 92 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 85 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 305 523 465 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 195 300 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 15 126 000 ՀՀ դրամ:

Նույն արտոնությունից կօգտվի նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բանվորական ձեռնոցների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացնել 1 500 000 000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում և 8 048 000 000 ՀՀ դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման մեջ: Ներկայումս առկա է 600 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանու ծավալը կկազմի 12 614 400 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 048 000 000 ՀՀ դրամ (մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 402 400 000 ՀՀ դրամ):

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Ռիբեկ» ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզի ք. Չարենցավանում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի հագուստ և ներքնազգեստ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 650 մլն դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատար շուրջ 506 մլն դրամի չափով։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` 105 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երեք ամիսը մեկ հրավիրել կառավարության արտահերթ նիստ՝ արտոնություններից օգտվող ներդրումային ծրագրերի ընթացքը քննարկելու համար: «Եթե այս ծրագրերը լիարժեք իրականացվեն, ապա հսկակայան ներդրումների և հսկայական թվով աշխատատեղերի ստեղծման մասին է խոսք գնում: Այնպես որ մենք պետք է հետևենք այս ծրագրերի իրականացման ընթացքին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գործադիրը բավարարերլ է «Փյուր ընդ Նանո» ՍՊԸ-ին պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել մաքուր մետաղական փոշիների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 3 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 7 մլն ԱՄՆ դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունն է Չինաստանը։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի մոտ 9 մլն ԱՄՆ դոլար : Առաջին տարում կստեղծվի առնվազն 15 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 75-ի:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումներին և նշել, որ դրա շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են արձանագրվել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաններ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյ նը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել այդ գործի ընթացքից:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին. «Ըստ մեր գործընկերների՝ դա կտևի մոտ 2-3 ամիս»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մանրամասներ է ներկայացրել այդ գործի վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031