Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունից պարզաբանում են` Կոնստանտին Օրբելյանը հարգված է, բայց լիազորությունները դադարեցված են

Մարտ 29,2019 14:20

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը հաստատեց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից:

Խնդրեցինք ներկայացնել ազատման հիմքերը: «Պարոն Օրբելյանի աշխատանքային լիազորությունները դադարեցրել ենք, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը գործատուին, տվյալ դեպքում՝ նախարարին, թույլ է տալիս, որ ինչպես նշանակել, այդպես էլ ազատել, կամ լիազորությունները դադարեցվում են, եթե օրենքի խախտմամբ է տնօրենը նշանակվել:

Պարոն Օրբելյանին, մի քանի անգամ ե՛ւ գրավոր ե՛ւ բանավոր նշել ենք, որ կա օրենքի խախտում, այն է` ինքը տնօրեն լինելով հանդերձ, միաժամանակ զբաղեցնում է այլ պաշտոն` գեղարվեստական ղեկավարինը եւ կատարում վճարովի աշխատանք:

Օրենսդրությունը հստակ սահմանում է, որ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, տնօրենները այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու իրավունք չունեն, այս պատճառով մենք մի քանի անգամ գրավոր դիմել ենք, նշել ենք` կամ տնօրենի պաշտոնից հրաժարվեք կամ գեղարվեստական ղեկավարի: Պարոն Օրբելյանը գրավոր մեզ բացասական պատասխան է տվել, որ չի հրաժարվում կատարել նախարարի հանձնարարականը եւ չի պատրաստվում հրաժարվել ոչ տնօրենի, ոչ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այդ պատճառով լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը դադարեցրել է նրա` որպես տնօրեն, լիազորությունները»,-ասաց տիկին Ղազարյանը:

Հարցրինք` իսկ որպես գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կարո՞ղ է շարունակել աշխատանքը:

«Պարոն Օրբելյանը կարող է շարունակել որպես գեղարվեստական ղեկավար, ցանկալի կլինի, որ շարունակի: Ինքը բավականին հարգված անձնավորություն է: Մեզ էլ պետք են նման մարդիկ: Դրա համար միայն տնօրենի հետ կապված հարաբերություններն են դադարեցվել…

Նոր տնօրենի հետ կապված չեմ կարող այս պահին մեկնաբանություն անել, քանի որ տեղեկություններ չունեմ, բայց կասեմ, որ չի կարող ՊՈԱԿ-ը առանց տնօրենի մնալ: Հավանաբար շուտով ինչ-որ մեկը նախարարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի»,- հավելեց իրավաբանական վարչության պետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031