Չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանը դիմել հատուկ ընթացակարգի համար`արագացնելու ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ընթացակարգը, ուստի, հարցը թողնել ժամանակի վրա, ճիշտ չէ: Սա նաեւ Եվրոպայի համար լավ նշան կլինի`Հայաստանի մեծ շահագրգռվածությունն օր առաջ տեսնելու համաձայնագրի լիարժեք իրականացումը, թեպետ մեկ տարի առաջ այն մասամբ գործողության մեջ է եղել: Նաեւ Երեւանից ազդանշան կլինի`նոր իրողությունների համատեքստում: Այս հարց-դիտարկումներն այսօր Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովում հնչեցրեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: Դրանք ուղղված էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ղեկավար Տիգրան Սամվելյանին: Վերջինս իր ելույթում կարեւորել էր Հայաստանի համար ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ համագործակցությունը:
Ի դեպ, այս օրերին, Գերմանիայի Բունդեսթագում նախատեսվում է հարցի քննարկումը:
Տիգրան Սամվելյանը հստակեցրեց`համաձայնագրի 80 տոկոսը գործողության մեջ է եւ վստահեցրեց, որ վավերացման հարցը ինքնահոսի թողնված չէ: Բացատրեց`վավերացման դանդաղումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված, քանի որ իրավական պարտադիր պայման կա`յուրաքանչյուր երկիր իր լեզվով պետք է ունենա փաստաթուղթը, ինչը ժամանակ է պահանջում: «Որեւէ արձագանք, նախանշան չունենք, որ ելնելով քաղաքական կամ այլ գործընթացներից վավերացումը դանդաղում է: Որեւէ ժամկետ ասելուց զերծ կմնամ, բայց հիմա մի շրջանի ենք մոտեցել, որ իրար հետեւից կլինեն վավերացումները, քանի որ աշխատանքի զգալի մասը կատարվել է»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը`հավելելով, որ կան երկրներ, որոնք ավելի պարզեցված գործընթացներով են վավերացնելու համաձայնագիրը`նախագահի ստորագրություն եւ այլն: Մեկշաբաթյա կտրվածքում դեսպանները կներկայացնեն տեղեկատվություն, թե գործընթացը ուր է հասել, բայց բանախոսը վստահեցնում է, զգալի մասով, փաստաթուղթը գործադիրից դուրս է եկել եւ ուղարկվել է խորհրդարաններ:

Կարդացեք նաև
Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Եկատերինա Դորոդնովայից հետաքրքրվեց. «ԵՄ-ն բանակցում է Ադրբեջանի հետ`նոր իրավապայմանագրային հիմք ստեղծելու իրենց հարաբերությունների համար. բոլորին հայտնի է ձեւակերպումը ԼՂՀ-ի վերաբերյալ, որը կա ՀՀ-ԵՄ համաձայնագրում, Ադրբեջանի հետ փաստաթղթում կտեսնե՞նք նույն ձեւակերպումները, թե՞ հնարավոր են նաեւ այլ ձեւակերպումներ»:
Տիկին Դորոդնովան պատասխանեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին. «Յուրաքանչյուր համաձայնագիր հարմարեցվում է տվյալ գործընկերոջը: Հայաստանի հետ, երբ բանակցում էինք, երբեք չենք խորհրդակցել ադրբեջանցի գործընկերների հետ, թե ի՞նչ լեզու օգտագործենք»: Նույնը` Ադրբեջանի պարագայում: «Բայց մենք շատ զգուշությամբ ենք վերաբերվում հակամարտություններին վերաբերվող ձեւակերպումներին»,- ասաց տիկինը` հիշեցնելով, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին եւ տարածաշրջանում ԵՄ ճգնաժամային խմբի ներկայացուցչի կատարած աշխատանքին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































