Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պատկերացնում էի»

Ապրիլ 11,2019 18:44

Ապրիլի 11-ին Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ստրասբուրգի եւ հարակից բնակավայրերի հայության հետ:

«Եթե խոսել չկարողանաք, առնվազն կարող ենք  արագ նկարվել»,-ասաց Փաշինյանը եւ առաջարկեց դրսում շփվել, քանի որ ներսում նեղվածք էր:

Հանդիպման մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե հասարակական եւ քաղաքական գործիչ Փաշինյանի պատկերացումներն ու սպասելիքները արդյոք համընկնում են վարչապետ Փաշինյանի պատկերացումների, իրավասությունների հետ: Երկրորդ հարցը վերաբերում էր տարբեր երկրներում ապրող հայերի վերադարձին, արդյոք կառավարությունն՞ ունի  համապատասխան ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ի սկզբանե վերադարձի վերաբերյալ հարցը եղել է եւ շարունակում է մնալ իրենց օրակարգում. «Օրինակ` այսպիսի հարց էր հնչում, թե ինչ հնարավորություն կստեղծենք պոտենցիալ ներգաղթյալների համար, կար օրինակ՝ տալ արտոնյալ վարկեր եւ այլն: Բայց ծրագրի քննարկումների ժամանակ շատ պարզ հարց ծագեց՝  ՀՀ այն քաղաքացիներ, որոնք Հայաստանում են, որոնք  նույնպիսի հնարավորությունների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել՝ բա որ մենք այստեղ ապրում ենք, ի՞նչ եք առաջարկում, գնանք հինգ տարի դրսում ապրենք, հետո հետ գանք, որ օգտվե՞նք: Ուղղակի խնդիր առաջացավ, որ հավասար հնարավորություններ ստեղծենք բոլորի համար:

Օրենքը պետք է աշխատի բոլորի համար, տնտեսական գործունեության հասանելիությունը պետք է լինի հավասար: Երկիրը ապրելու եւ հնարավորությունների համար պետք է լինի գրավիչ: Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, որ որեւէ հարցի լուծում հնարավոր չէ առանց աշխատանքի»:

ՀՀ վարչապետը հիշեց Վիեննայի հայության հետ իր հանդիպումը; Ասաց, որ այդ ժամանակ գաղափար է առաջացել ստեղծել ծրագիր՝ «բնակարան ներգաղթյալների համար»,որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն  է մատչելի տոկոսներով: Փաշինյանն ասաց, որ այժմ կառավարությունն ու կենտրոնական բանկն աշխատում են այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր գործիչ լինելու ժամանակվա իր պատկերացումներին,  Փաշինյանն ասաց, որ դրանք երկրի վիճակի մասին շատ ավելի լավն էին մի շարք ոլորտների վերաբերյալ, քան հիմա կա իրականում:

Նա ասաց, որ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պատկերացնում էր: «Մի տարի է՝ ասում են՝ վայ տնտեսական իրավիճակը, ռազմավարությունը, գաղափարախոսությունը…Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մենք ասում ենք, որ նույն՝ քաղաքական հեղափոխության հիմքում դրված բանաձեւը դնում ենք նաեւ տնտեսական հեղափոխության հիմքում: Մարդուն պետք է օգնել, որ իր ուժերին հավատա, պետք է քաջալերել մեր ժողովրդի տաղանդը: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում տասնմեկ ծրագիր ենք իրականացրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930