Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կոնսերվատորիան կոմիտասյան համերգներ է «կազմակերպում» արտասահմանում

Ապրիլ 13,2019 12:30

«Առավոտը» Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ վերջերս Բելառուսի մայրաքաղաքում տեղի երաժշտական ակադեմիայի դասախոսների ու ուսանողների մասնակցությամբ կայացել է համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Վարդապետի հոբելյանին նվիրված նման միջոցառումները Երեւանի կոնսերվատորիայի նախաձեռնությամբ իրականացվելու են նաեւ աշխարհի մի շարք երկրներում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեցինք Երեւանի կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

«Մեր կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը 34 երկրների, այդ թվում՝ Ռուսաստան, Վրաստան, Էստոնիա, Լատվիա, Ֆինլանդիա, Պորտուգալիա, Իտալիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան եւ այլն, երաժշտական բուհերի՝ կոնսերվատորիաների եւ երաժշտական ակադեմիաների ռեկտորներին դեռեւս տարեսկզբից առաջարկել է միանալ կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, խմբավար, երգիչ եւ մանկավարժ Կոմիտասին նվիրված հոբելյանական միջոցառումներին, իրենց ուսումնական, համերգային ծրագրերում ընդգրկել նրա ստեղծագործություններից: Նշեմ, որ արտասահմանյան երաժշտական հաստատություններին ուղարկվել են Կոմիտասի վոկալ, խմբերգային, դաշնամուրային երկերի նոտաների էլեկտրոնային տարբերակները»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը: Հավելեց նաեւ, որ վերջերս կոնսերվատորիայի ժողնվագարանների ամբիոնի քանոնի մասնագիտական դասարանի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ուսանողը՝ Էթերի Հովհաննիսյանը, Բուլղարիայում AGBU Սոֆիայի կամերային նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Լեւոն Մանուկյանի ղեկավարությամբ հանդես է եկել մենահամերգով, այլ ստեղծագործությունների թվում ներկայացնելով նաեւ Կոմիտասի գործերից:

Ուսանողները ջազ են ներկայացնում

Զրույցի ընթացքում պրոռեկտորը հավաստիացրեց, որ, իր խոսքերով՝ համերգային խիտ գրաֆիկ ունեցող կոնսերվատորիան տարբեր միջոցառումներով աշխատում է ուսանողներին պահել լավ «մարզավիճակում». «Օրերս հյուրընկալել էինք Իտալիայի «Siena Jazz Academy»-ի ներկայացուցիչներին: Սա Erasmus+ ծրագրի շրջանակներում էր, քննարկվեց դասախոսների եւ ուսանողների փոխանակման ծրագիրը, իսկ հանդիպումից հետո կայացավ ջազ համերգ՝ մեր ուսանողների մասնակցությամբ»:

Միջազգային համագործակցության եւ հասարակության հետ կապերի գծով ղեկավարը տեղեկացրեց, որ կոնսերվատորիայի չորս ուսանողները՝ ջութակահար Աստղիկ Սիրադեղյանը, ալտահար Սոնա Թուրաբյանը, թավջութակահար Դանիել Պետրոսյանը եւ շեփորահար Հայկ Գուրգենյանը մայիսի 5-ին Չայկովսկու անվան համերգային դահլիճում հանդես կգան Ռուսաստանի ազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կազմում, որտեղ ընդգրկված են ԱՊՀ երկրներից երաժիշտներ, Բելառուսի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Անիսիմովի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաեւ Ռուսաստանի Յուրլովի անվան պետական ակադեմիական կապելլան, մոսկովյան «Նովայա օպերա» թատրոնի մեներգիչ Նիկոլայ Կուզմինը: Այնուհետեւ նվագախմբի համերգները կշարունակվեն մինչեւ մայիսի 16-ը, նաեւ Մինսկում եւ Բրեստում: Տիկին

Հովհաննիսյանը առաջարկեց հանդիպել՝ ավելի մանրամասն ծանոթանալու մինչեւ տարեվերջ նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ կոմիտասյան:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930