Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ դաշնակահարն իր անձնական Steinway-ը կնվիրաբերի Երևանի կոնսերվատորիային

Հունիս 02,2026 13:30 Share

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ռեկտորատը օրերս հյուրընկալել էր ամերիկահայ անվանի դաշնակահար, Հայաստանում մշակութային, կրթական բազմաթիվ ծրագրերի աջակից, կոնսերվատորիայի երկար տարիների բարեկամ Շահան Արծրունուն։ Հյուրընկալվել էին նաև Հայ Օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը և փոխտնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։ Ներկա էր նաև Aravot.am-ը։

Հյուրերին ներկայացվեց կոնսերվատորիայի Կոնստանդին Սարաջևի անվան գրադարանի կահավորման աշխատանքների ընթացքը։ Քանի որ մենք անդրադարձել ենք կոնսերվատորիայի առաջին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և ավարտին, հիշեցնենք, որ այդ աշխատանքներով պայմանավորված՝ գրադարանը նույնպես վերանորոգվեց, սակայն նորոգված տարածքը պետք է համալրվեր նոր գույքով, նոր դարակաշարերով, գրապահարաններով, գրադարանին անհրաժեշտ այլ պարագաներով։ Գրադարանի կահավորման նախագիծը ներկայացվել է Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամին ու հավանության արժանացել՝ պայմանով, որ նախահաշվի 63000 ԱՄՆ դոլարից հիմնադրամը հանձն կառնի 43000 դոլարի ներդրումը, եթե մնացած 20000-ը համաֆինանսավորի որևէ այլ կազմակերպություն։

Պարզվում է՝ այդ կարևոր առաքելությունը ստանձնել է Հայ Օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղը՝ շնորհիվ կոնսերվատորիայի վաստակավոր բարեկամ, անվանի դաշնակահար, մեկենաս, ազգանվեր մի անձնավորության՝ Շահան Արծրունու նվիրատվության, նաև կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված դրամահավաքի։

Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն իր խոսքում ընդգծեց նման նվիրատվության կարևորությունը մշակութային ժառանգության պահպանման գործում և, ի նշան երախտիքի, կոնսերվատորիայի հարգարժան բարերարին շնորհեց «Կոմիտաս» հուշամեդալը։ «Հուշամեդալը հանձնում ենք մեր պատվավոր պրոֆեսորներին, ավագ հոբելյարներին, մեր երախտավորներին, հովանավորներին, ովքեր տարիներ շարունակ մեր կողքին են եղել, մեզ աջակցել են։ Շնորհակալ ենք, որ այսչափ անշահախնդիր աջակցությամբ մշտապես մեր կողքին եք եղել, և դա մեզ համար անգնահատելի է»,– ասաց Ծովինար Մովսիսյանը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Արծրունի դաշնակահարը անակնկալ մատուցեց կոնսերվատորիային՝ հայտնելով իր որոշման մասին։ Դաշնակահարը, ով հանդիսանում է ռոյալների հանրահայտ Steinway ֆիրմայի արտիստ, որոշում է կայացրել իր անձնական գործիքը Երևանի կոնսերվատորիային նվիրաբերելու մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև դաշնակահարի անձնական գրադարանի, ձայնադարանի տեղափոխման կարգն ու ժամանակացույցը։

Վերջում նշենք, որ այս հանդիպմանը ներկա էին ԵՊԿ կառավարման խորհրդի նախագահ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Կ. Սարաջևի անվան գրադարանի վարիչ Վարվառա Հովհաննիսյանը, արտերկրի քաղաքացի ուսանողների պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը, ռեկտորի օգնական Շուշանիկ Մեհրաբյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930