Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սոֆիա Հովսեփյան. «Եթե օպերի արմենները չեն գիտակցում եւ չեն լինելու այնպիսին, ինչպիսին մեր պահանջն է, իրենք ուղղակի չեն լինելու այնտեղ, որտեղ կլինեն»

Ապրիլ 14,2019 16:32 Share

«ՊԵԿ-ի նշանակումները Շիրակի մարզում լինում են ծանոթ-բարեկամով: Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է». ԱԺ-ում այսպիսի հայտարարություն էր արել «Իմ քայլի» պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

Նա ասել էր, որ երբ ՊԵԿ-ին է դիմել պարզաբանում ստանալու, «լոլոներ» են եղել: Ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին՝ «Սոֆիա Հովսեփյանը եւ իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաև չհամընկնել Սոֆիա Հովսեփյանի եւ նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին եւ ցանկություններին»:

Aravot.am-ի հետ զրույցում Սոֆիա Հովսեփյանը հարցին՝ շա՞տ են հիմա մեր երկրում այն չինովնիկները, ովքեր նախկին ռեժիմի կանոններով են աշխատում՝ պատասխանեց. «Իրականում այդ մարդիկ, ցավոք սրտի, դեռ կան: Ես խնդիրը չեմ տեսնում իրենց մեջ, խնդիրը տեսնում եմ իրենց արարքներում, իրենց սովորույթների մեջ : Ցավ է, որ ժամանակ է անցել, բայց իրենք տարիների կուտակածը դեռ չեն ուզում փոխել: Չեն հասկանում, որ վերջապես նոր Հայաստան է, նոր մոտեցումներ են, նոր վերաբերմունք պետք է լինի թե՛ մարդկանց նկատմամբ, թե՛ առհասարակ երկրի, պետականության, իշխանության եւ օրենքների նկատմամբ: Բոլոր  ոլորտներում կան նմանատիպ արատավոր երեւույթներ, որոնք ստորին շերտում են արդեն իսկ եւ շատ բարդ է լինում յուրաքանչյուրին բացատրելը,. Որ գիտեք ինչ, եթե դուք նախկինում վարվել եք այսպես կամ այնպես, ապա դուք այսօր ուղղակի իրավունք չունեք այդպես վարվելու: Եթե դուք նախկինում մարդկանց ծանոթով եք գործի ընդունել, ապա այսօր դուք իրավունք չունեք, պետք է գնահատեք իրենց գիտելիքները: Եթե նախկինում դուք հարկայինում աշխատելով՝ հարկերից ինքներդ եք զերծ մնացել՝ ուրիշի հարկը հավաքելով, ապա դուք իրավունք չունեք այդպես լինելու, առաջին հարկատուն դուք պետք է լինեք»:

Սոֆիա Հովսեփյանն ասաց. «Եթե օպերի արմենները չեն գիտակցում եւ չեն լինելու այնպիսին, ինչպիսին մեր պահանջն է, ապա իրենք ուղղակի չեն լինելու այնտեղ, որտեղ որ իրենք կլինեն: Ես չեմ պատրաստվում նստեմ ու սպասեմ, որ գիտեք, oպերի Արմենը պետք է մնա եւ շարունակի նույն գործելաոճը»:

Պատգամավորը վստահ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ լավ տեղյակ է այս ամեն ինչին, որովհետեւ իր կուրսեցին է եղել. «Արմենի գործողությունների մասին նա շատ վաղուց արդեն տեղյակ էր, ամբողջ մի մարզ խոսում էր դրա մասին: Եթե տեղյակ չի, շատ լավ, ես տեղեկացրեցի, հաջորդ քայլերն արդեն ձերն են: Ես չեմ պատրաստվում բարձրաձայնեմ, ասեմ՝ դե լավ, խոսեցի ու վերջ, ի՞նչ փոխվեց, oպերի Արմենը դարձա՞վ հարկատու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել