Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում»

Ապրիլ 16,2019 18:15

Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) ինքնատիպ համերգը, որտեղ կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ ու դաշնակահար Վահագն Հայրապետյանի ինքնատիպ ստեղծագործությունները:

«Համերգը կոչվում է Gate of Frequency , որովհետեւ մտնում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Մեզ հետ է լինելու նաեւ Սեմ Սարյանը, որը ձայնային էֆեկտների մասն է ապահովելու, նաեւ աննախադեպ համագործակցություն կլինի  Կամերային նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ասաց Վահագն Հայրապետյանը:

«Վահան Մարտիրոսյանը եւ աշխարհով մեկ հայտնի երաժիշտ է, եւ բաց անձնավորություն, եւ իմ ընկերը, որի հետ կարելի է լիքը գիժ, խենթ  բաներ անել… Այնպես որ համերգին մի գիժ բան է սպասվում»,-հավելեց ջազմենը: Նշեց, որ իրենց միանալու է նաեւ կոնտրաբասահար  Մակար Նովիկովը  Ռուսաստանից:

Արտո Թունչբոյաջյանը նշեց, որ երաժշտությունն իր համար կյանք է, անկեղծ մտածելու ձեւ: Նա կոչ արեց, որ բնության տված շնորհները առողջ ձեւով գործածել; Ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք չեն կարողանում ինքնադրսեւորման հարթակներ գտնել ու ստիպված այլ երկրներում են բախտ որոնում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստան գալուց հետո ամենաշատ ինչ է իր մեջ փոխվել, Արտո Թունչբոյաջյանը պատասխանեց. «Ավելի շատ վստահ եմ հիմա, թե ինչ եմ պատկերացնում: Ուրախ եմ, որ երիտասարդները ստեղծագործելու վստահություն ունեն…Խորովածը որքան համով եղնի, Երեւան չեմ ապրի, բայց ինձի ինչն է էստեղ պահում՝ էդ հույսը, որ ավելի ուժեղանում է …Հիմա ավելի շատ ՄԵՆՔ դառնում ենք… Այդ ՄԵՆՔ դառնալու ձայնն էլ մեկուկես ժամանոց մյուզիք է՝ կյանքին հետ կապնված: Էդ փոփոխությունը չլինի, էստեղ դժվար է ապրելը»:

Վահագն Հայրապետյանը նշեց, որ համերգին միայն նոր ստեղծագործություններ են լինելու. «Այնպիսի անակնկալներ կան, որ մեզ համար էլ են անակնկալ, դրա համար չեմ ուզում դրանց մասին պատմել…Հիմա լոլիկի համար ոնց կարող ես պատմել՝ առանց ուտելու…Մի խոսքով, լիքը տարօրինակ ձայներ են դուրս գալու բեմից…»:

Արտոն էլ հավելեց, որ համերգը տեսակով բացառիկ է, քանի որ տարբեր ժանրերի ու ոճերի երաժիշտներ են մեկտեղվելու: Վահան Մարտիրոսյանի խոսքերով, միշտ մնալով դասական նվագախումբ՝ իրենք գնում են դեպի նորություններ, չփոխելով իրենց բնույթը: Դիրիժորի ձեւակերպմամբ, նորը միշտ հետաքրքիր է կամերային նվագախմբի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930