Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունը ոտնձգություն է ոչ թե հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ». Վլադիմիր Վարդանյան

Ապրիլ 22,2019 23:23

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է կազմակերպության ջանքերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ցեղասպանության հիմքում ընկած է մարդատյացությունը, ինչի դեմ նա կարեւոր է համարել ամենօրյա պայքար ծավալելը: «1930-1940 թվականներին Գերմանիան զարգացած, քաղաքակիրթ երկիր էր, սակայն մարդատյացության քարոզի հետեւանքով տեղի ունեցավ Հոլոքոստը»,-ասել է պատգամավորը: Բանախոսը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը եւ անցյալի հետ առերեսվելը թուրք ժողովրդի համար կարեւոր գրավական է կառուցելու արդար ու ժողովրդավարական պետություն: Նրա խոսքով` 21-րդ դարում հնարավոր չէ ապրել հանգիստ խղճով` չառերեսվելով սեփական պատմության հետ:

«Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը նշել է, որ իրենց կառույցը պայքարում է արդարության վերականգնման համար:

«20 տարի շարունակ մենք պայքարում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցը փորձում ենք պահել Թուրքիայի օրակարգում»,-ասել է նա: Կազմակերպության նախագահի խոսքով` իրենք պայքարում են նաեւ Փոքր Ասիայի տարածքում ցեղասպանության ենթարկված պոնտոսի հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների արդար դատի վերականգնման համար: Թուրք իրավապաշտպանը հավաստիացրել է, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:

Տաթեւիկ Հայրապետյանն իր երախտագիտություն է հայտնել կազմակերպության անդամներին, կարեւորել նրանց առաքելությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ուսանողական տարիներին գործակցել են գերմանացի եւ թուրք ուսանողների հետ ցեղասպանության խնդիրների շուրջ, արդյունքում ստեղծվել է «Մուշ քաղցր Մուշ» եռալեզու գիրքը:

Հանդիպմանը ներկա են եղել գերմանացի տարբեր տարիքի դպրոցականներ: Կազմակերպության նախագահը նշել է, որ նոր սերունդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ապրիլի 24-ին նրանք այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցելու ջահերով երթին:

Հանդիպման ավարտին Ալի Էրթեմը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանալեզու գիրք եւ մեծադիր լուսանկարներ է նվիրել մշտական հանձնաժողովի նախագահին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930