Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության մասին, ոչ թե պատերազմի. Փաշինյանի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետային»

Ապրիլ 25,2019 10:14

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի լրագրող Յուրի Սիմոնյանին՝ խոսելով իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, հարևան երկրների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

– Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում տագնապալից հարց է հնչում. Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական դաշնակի՞ց է, թե՞ ռազմավարական դաշնակից է հանդիսանում առանձին հարցերում, օրինակ` պաշտպանական, իսկ մյուս հարցերում գործընկեր է:

– Դեռևս նախքան իմ վարչապետ ընտրվելը ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ ֆունդամենտալ փոփոխություններ չեն լինելու, և մենք լիարժեք պահպանում ենք այդ գիծը: Կարևոր է հասկանալ՝ որտեղից է եկել այդ անվստահությունը: Մի շարք հայտնի հեղափոխություններից հետո, որոնք ընդունված է անվանել գունավոր, այդ երկրներում առաջ եկան հակառուսական տրամադրություններ: Մեզ համար շատ կարևոր է փաստել, և ես այդ մասին բազմիցս խոսել եմ, որ մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական նրբերանգ չկա, չեն եղել աշխարհաքաղաքական դավադրություններ, չի եղել ոչ մի արտաքին ուժ, որը կներգրավվեր հեղափոխական գործընթացում: Դա շատ կարևոր է: Բայց պետք է իմանալ, որ ռուսական որոշ շրջանակներում որոշ կասկածներ կան՝ որքանով է իրականությանը համապատասխանում իմ հայտարարությունն այն մասին, որ մեր հեղափոխության մեջ որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել: Ես բազմիցս ասել եմ և ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ դա ինձ համար, մեզ բոլորիս համար միայն քաղաքական հարց չէ: Դա նաև իմ անձնական արժանապատվության հարցն է:

Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է: Ընդ որում, Հայաստանը շատ կարևոր երկիր է Ռուսաստանի Դաշնության համար: Ռուսաստանում կան փորձագետներ, մասնագետներ և քաղաքական գործիչներ, որոնք պետք է կանխատեսեին իրադարձությունները Հայաստանում, պետք է իմանային, որ հնարավոր է հեղափոխություն, հնարավոր է իշխանափոխություն: Բայց իրադարձությունների վերլուծություն, ըստ երևույթին, չի արվել. մինչև վերջին պահը նրանք պնդում էին, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, որ Սերժ Սարգսյանը հանգիստ կդառնա վարչապետ և կշարունակի կառավարել… Այժմ նրանց բացատրություններ են պետք՝ ինչու են «տեղեկություններ» տարածվում այն մասին, որ հեղափոխության հետևում եղել են ինչ-որ ուժեր դրսից: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում չի եղել գունավոր հեղափոխություն: Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխություն: Եվ դա բացառիկ հեղափոխություն է, դա բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, և մենք դրանով հպարտանում ենք:

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրականորեն: Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի վրա: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք ունենք ներքաղաքական օրակարգ, որը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ: Քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական օրակարգը, և դա որևէ կերպ չի անդրադառնում մյուս երկրների հետ մեր հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա:

Իհարկե, կան նրբություններ: Օրինակ` Եվրամիության հետ մեր հարաբերություններն ավելի են ակտիվացել: Բայց մեր ռուս գործընկերները տեղեկացված են այդ մասին: Մենք, ինչպես և խոստացել էինք, մեր հարաբերութուններում մնում ենք թափանցիկ ռուս գործընկերների համար: Եվ իմ պատասխանն է՝ այո՛, Ռուսաստանը մեզ համար ռազմավարական դաշնակից է:

– Հայաստանի ոչ մի կառավարություն Վաշինգտոնի կողմից այնքան կոշտ չի քննադատվել, համենայն դեպս հանրային կերպով, որքան ներկա կառավարությունը՝ կապված Սիրիա ռազմական հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

– Կա նաև հակառակը: Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ես: Մեզ համար ամենակարևորն է՝ պահպանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ կրոնական և միջազգային հարաբերություններից ու իրողություններից կտրված: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, անգամ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցում: Եվ պատրաստ ենք պատասխանելու նրանց բոլոր հարցերին: Մենք կարծում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, որը բխում է նաև պատմական համատեքստից:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է: Եթե հայ սակրավորները ականազերծեն փոքրիկ մի տարածք երեխաների խաղի համար, որոնց նախնիները փրկել են թեկուզ մեկ հայի (իսկ Հալեպում այդպիսիք շատ են), ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն ցեղասպանության ժամանակ թեկուզ մեկ հայի փրկած սիրիացու ժառանգներից մեկին, ապա մեր առաքելությունն արդարացված է: Իսկ դա արդեն տեղի ունեցել է. մեր բժիշկները Սիրիայում կատարել են արդեն ավելի քան 100 վիրահատություն:

– Հայաստանում իշխանափոխությունից ուրախացան նաև Ադրբեջանում՝ ենթադրելով, որ կարելի է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Այժմ Բաքվում գնալով ավելի շատ են խոսում այն մասին, որ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ մեկ պահանջում է Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, մեկ ուրիշ բան…

– Ի՞նչ է նշանակում «ժամանակ է ձգում»: Իսկ ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրու՞մ: Մեկ շաբաթու՞մ: Կամ անգամ մեկ տարու՞մ: Եթե որևէ մեկը այդպես է մտածում, նշանակում է՝ նա իրական պատկերացում չունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, ոչ թե պատերազմի: Մենք պետք է համատեղ աշխատենք այդ խնդրի լուծման շուրջ: Եթե մենք համատեղ չաշխատենք դրա շուրջ, ապա երբեք չենք ունենա լուծում, անգամ ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ խնդիրը լուծել, հնարավոր է միայն խորացնել: Որևէ մեկը պատկերացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն: Օրակարգը, որը ես հիմա առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Ժամանակ է պետք, որպեսզի մենք հանգամանորեն աշխատանքային մթնոլորտում քննարկենք բոլոր նրբությունները: Կարծում եմ մեկ տարվա ընթացքում և՛ Ադրբեջանը, և՛ Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել խնդիրը, ցանկանում ենք իսկապես հասնել խաղաղության համաձայնագրի, մեր բոլոր առաջարկները ոչ թե ժամանակ ձգելու, այլ խնդիրը լուծելու համար են, որոշակի քայլեր անելու համար: Պետք է մեր հասարակություններին պատրաստենք խաղաղության, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, մենք առայժմ չենք լսել նմանատիպ հայտարարություն ադրբեջանական կողմից: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովրդի համար, ապա մենք կխոսենք բանակցային գործընթացում բեկման մասին:

– Ցանկացած հակամարտություն լուծվում է փոխզիջումներով: Տվյալ դեպքում փոխզիջումը ենթադրում է զիջումներ: Որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանը զիջումներում:

– Ճիշտ չէ այդ հարցը տալ միայն մեկ կողմին: Կարևոր է, որպեսզի գործընթացը լինի կառուցողական: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը այդ հարցին պատասխանեն համաժամանակյա: Եվ ես պատրաստ եմ այդ հարցին պատասխանել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ համաժամանակ: Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, ապա հայկական կողմի հայտարարությունները զիջումների և փոխզիջումների պատրաստակամության մասին կարող են մեկնաբանվել որպես թուլություն: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով: Ընդհանրապես մեզ ոչ մի բանով չի կարելի վախեցնել, մենք մեզ շատ վստահ ենք զգում: Այժմ հայ հասարակությունը վերածննդի գործընթաց է ապրում բոլոր իմաստներով: Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության մասին, ոչ թե պատերազմի:

– Կողքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին վառ նախագծի համար ներդրումները չեն բավականացնում, այնպիսի նախագիծ, որպեսզի մարդիկ համոզվեն՝ հեղափոխությունը իզուր չի եղել: Նախորդ իշխանություննե՞րն են կորցրել ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը, թե՞ այլ հարց կա:

– Նման խնդիր չկա: Ներդրումների ծավալները կաճեն ամեն ամիս: Հեղափոխությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, բայց փաստացի իշխանափոխությունը եղել է երեք ամիս առաջ, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ մեզ մոտ անցումային վարչակազմ էր, դիմակայություն էր ընթանում կառավարության և խորհրդարանի միջև: Նման իրավիճակում հաջողվեց պահպանել կայունությունը մեր երկրում, չնայած շատերը կանխատեսում էին, որ Հայաստանը մտել է մեծ անկայունության փուլ: Նույն ժամանակ մենք հսկայական փոփոխությունների հասանք երկրի տնտեսության կառուցվածքում, քաղաքական կառուցվածքում: Շարունակվում է հզոր հակակոռուպցիոն արշավը: Այսինքն` մեզ հաջողվել է այդ ամենն անել հավասարակշռված, որպեսզի պահպանենք կայունությունը երկրում և երկրի շուրջ, ինչը նույնպես կարևոր է: Հատկապես գնահատելի է այն, որ մենք պահպանեցինք կայուն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ընդհանրապես ռուսական ուղղությամբ կա երկու մակարդակ. իմ անձնական հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հարաբերությունները պետական ինստիտուտների միջև: Անձնական հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ արագ ձևավորվեցին: Ես դրանք համարում եմ ազնիվ և լավ, անգամ կարող եմ ասել՝ բարեկամական: Որոշ ինստիտուտների միջև հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ: Վստահ եմ՝ դրանք շուտով կհաղթահարվեն:

– Կա մի քանի գործոն, որոնք ստվերեցին հայ-ռուսական հարաբերությունները: Օրինակ, երկրորդ նախագահի կալանավորումը: Ռուսաստանում անմիջապես սկսեցին խոսել՝ ռուսամետ Քոչարյանին, Խաչատուրովին նստեցրին, իսկ «Սասնա ծռերին», որտեղ հավաքված են ռուսատյացներ, ազատ արձակեցին, և նրանք քիչ էր մնում խորհրդարան անցնեին: Գուցե պետք է անցյալին ձեռքով անել և ա՞յլ կերպ դասավորել նախկին պաշտոնյաների քաղաքական մեկուսացումը, իսկ երկիրն ու հասարակությունը զերծ պահել շեղող գործոններից:

– Ռուսաստանի վերլուծական շրջանակներում միշտ չէ, որ լավ են հասկանում Հայաստանի իրողությունները: Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանում հաճախ ընկերներ են համարել այնպիսի հայ քաղաքական գործիչների, որոնք, այսպես ասած, բոլորովին ժողովրդականություն չունեին հանրության մեջ, անգամ նյարդայնացնում էին: Ես ցանկանում եմ ասել հետևյալը. Հայաստանում Ռուսաստանի բարեկամը ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչներ, Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է: Սա պետք է հաշվի առնել, և ոչ թե նախընտրություն տալ առանձին անձերի: Ինչ վերաբերում է հենց Քոչարյանին, ապա կասեմ, որ Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը: Դա է այն քաղաքական փոփոխությունների էությունը, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Այժմ կալանքի տակ է անգամ փոխնախարար, որին ես անձամբ եմ նշանակել: Իմ մերձավոր ազգականի դեմ քրեական գործ է հարուցված: Իսկ մարտի 1-ի իրադարձություները պետք է քննվեն, և մեղավորները՝ պատժվեն: Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է սեփական ժողովրդին: Եվ դա ոչ միայն անցյալի, այլև ապագայի հարց է:

– Կարո՞ղ եք նշել հայկական պետության առջև կանգնած գլխավոր մարտահրավերը, և ինչպե՞ս դա լուծել:

– Լեռնային Ղարաբաղի հարցը և տնտեսական հեղափոխության օրակարգը: Մենք հույս ունենք դրանք լուծել բարեկամների օգնությամբ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ այդ առումով արդյունավետ է:

– Չեմ կարող չանդրադառնալ զուտ տարածաշրջանային մի խնդրի: Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հասկանալի են. դրանք կմնան այսօրվա մակարդակի վրա, քանի դեռ տեղաշարժեր չկան ղարաբաղյան հարցում: Իրանի հետ՝ բարիդրացիական, բիզնես-նախագծեր, որոնք դանդաղ առաջ են շարժվում: Իսկ ի՞նչ է կատարում Վրաստանի հետ, որը, ինչպես պարզվեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Երևան կատարած վերջին այցից, բազմաթիվ դժգոհություններ ունի, այդ թվում ղարաբաղցի քաղաքական գործիչների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա, եկեղեցական հարցեր և անգամ էպիզոդիկ լարվածությունը Ջավախքում, որոնք, ինչպես կարծում են Թբիլիսիի որոշակի շրջանակներում, ներշնչված են Երևանից:

– Ո՛չ, Վրաստանի հետ հարաբերությունները կայուն են: Հնարավոր է՝ դրանց վրա անդրադառնում են որոշակի հակամարտություններ, որոնցում գտնվում են մեր երկրները: Ճիշտ չէ միևնույն շարքում դնել տարբեր հակամարտությունները: Ոչ մի հակամարտություն նման չէ մյուսին, չկան ընդհանուր ձևեր, չկան ընդհանուր բանաձևեր դրանց լուծման համար՝ ո՛չ Աբխազիայում և Հարավային Օսիայում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում: Իսկ Վրաստանի հետ հարաբերությունները համարում եմ հիանալի: Դա չի նշանակում, որ չկան անհարթություններ, բայց Վրաստանի վարչապետի հետ ձևավորվել է կառուցողական երկխոսություն, մենք բարեկամական հարաբերություններ ունենք, մենք հաճախ շփվում ենք ինչպես պաշտոնապես, այնպես էլ ոչ պաշտոնական միջավայրում:

* * *

Հարցազրույցի ավարտին Փաշինյանը պատասխանել է մի քանի բլից-հարցերի:

– Ե՞րբ է սկսվում ձեր աշխատանքային օրը և ե՞րբ է ավարտվում:

– Առավոտյան ութից: Ավարտվում է, երբ էլ աշխատելու ուժ չկա:

– Հո՞բբի:

– Երբեք չի եղել և չկա:

– Սիրելի ուտե՞ստը:

– Սպաս՝ հայկական ուտեստ է:

– Խմի՞չքը:

– Սուրճ: Ալկոհոլ էլ եմ օգտագործում, բայց նախասիրություններ չունեմ: Կախված է ընկերակցությունից, իրավիճակից:

– Սիրելի գրո՞ղը:

– Հովհաննես Թումանյան, Ֆյոդոր Դոստոևսկի, Հրանտ Մաթևոսյան:

– Ե՞րբ եք վերջին անգամ գեղարվեստական ֆիլմ դիտել, և ո՞րն էր դա:

– Վերջերս նայում էի իտալական «Օրենքն այստեղ տեղ չունի» կատակերգությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930