Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ճանապարհը բնավ բարեկամական ծառուղիներ ստեղծելը չէ. Նարինե Դիլբարյան

Ապրիլ 30,2019 21:01

«Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ սուվերենությունը երևելի չի բարձրացել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն այս առիթով հավելեց. «Ես կասեի տեղ-տեղ սկսել է կասկածի ենթարկվել: Չի կարելի պաշտոնյաներին այսպես անվստահություն հայտնել՝ ելնելով նրանց կրթական կամ քաղաքակրթական կողմնորոշումներից: Դեռ ժամանակին Օսկանյանի կողմից հայտարարված այդ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության դրսևորումը՝ և-և-ի, պետք է միանշանակ լինի»:

Ըստ Նարինե Դիլբարյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում խութերն ակնհայտ են. «Մենք ինքնիշխան պետություն ենք, պետք է գնանք մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում բարձրացնելու ճանապարհով, բայց այդ ճանապարհը բնավ բարեկամական ծառուղիներ ստեղծելը և հայտարարություններ անելը չէ: Մեր տարածաշրջանն այսօր մեծ հետաքրքրության ներկայացման գոտում է, ՌԴ համար ռազմավարական կարևորություն ունի, եթե կարողանանք ինքնիշխան պետության հայեցակետից համագործակցել, ապա հաջողության հնարավորություններն ավելի մեծ կլինեն»:

Դառնալով արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Նարինե Դիլբարյանը նշեց՝ արցախյան հարցի կարգավորման ներկա իրավիճակը խոսում է այն մասին, որ մենք ամբողջովին չենք մշակել ընդհանուր դիրքորոշում: Կամ եթե մշակված է, ապա կղզյակներով է: Այնուհետև հավելեց. «Գնահատելի է այն սրբագրումը, որ կատարեց Նիկոլ Փաշինյանը Տնտեսագիտական համալսարանում: Նա մինչ այդ ասում էր, որ ինքը չի ստացել մանդատ Արցախի իշխանություններից արտահայտելու նրանց  տեսակետը, բայց իմ համոզմամբ՝ Արցախի և ՀՀ միասնականությունը կայացած փաստ է: Տնտեսագիտական համալսարանում Փաշինյանը մի հաստատագրում կատարեց՝ դիմելով հասարակությանը, կուսակցական ուժերին այն պահանջով, որ պետք է մշակվի միասնական տեսակետ, քանի որ չի կարող Արցախի հարցը լուծվել որևէ նախագահի, վարչապետի կամքով, դա պետք է լինի հավաքական որոշման արդյունք: Հասարակական-քաղաքական մակարդակով մեկ դիրքորոշում պետք է ամրագրվի»:

Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ այն, ինչ երևում է հրապարակային տիրույթում, ընդամենը գործընթացի շատ փոքր մասն է՝ այսբերգի գագաթը. «Մեզ համար ողջունելի են Փաշինյանի հրապարակային ելույթներն այն մասին, որ ինքն Արցախի ժողովրդի անունից բանակցելու ցանկություն չունի: Սա ավելի ճկունություն կհաղորդի գործընթացին: Բայց միևնույն ժամանակ արտաքին քաղաքական տիրույթից գալիս են բացասական ազդակներ, որոնք չեն խոսում ՀՀ ուժեղ դիրքերի մասին»:

Անդրանիկ Գրիգորյանը նաև կոչ արեց խորհրդարանական ուժերին օր առաջ ԱԺ մտցնել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը և ասաց. «Գործող Ընտրական օրենսգիրքը թույլ է տվել, որ շատ համայնքապետեր կառչեն իրենց իշխանությունից, միջնադարյան ֆեոդալի տրամաբանությամբ պետական գույքը դարձնեն իրենց սեփականություն»:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է հենց այս պահին ԸՕ-ն փոփոխելու խնդիրն առաջնահերթ, Նարինե Դիլբարյանը պատասխանեց. «Առջեւում ՏԻՄ ընտրություններն են։ Մենք արդեն ականատես եղանք համայնքներում իշխանության ճգնաժամին, որը քաղաքացիական անհնազանդության դրսևորումների ձեւ ստացավ։ Ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման ոլորտ չի մտնում, եւ պատճառը հին օրենքի պարտադրանքն է։ Եթե օրենքը չփոխվի, հին իշխանության վերարտադրությունը շարունակվելու է»:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեն այն, որ ՀՀ-ն չինական «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ծրագրին բնապահպանության նախարարի մակարդակով է մասնակցել, մինչդեռ Ադրբեջանը ու նաև շատ այլ երկրներ երկրի ղեկավարի մակարդակով են մասնակցել, Նարինե Դիլբարյանը պատասխանեց. «Արդարանալ, որ այդ ծրագրին մեր բնապահպանության նախարարն է մասնակցել, փաստարկ չէ: Այստեղ նաև մեղքն իշխանություններինն է, որոնք սպասողական կարգավիճակ են դրսևորում: Գուցե կան նաև ֆինանսական խնդիրներ. ենթակառուցվածքների զարգացման ասիական բանկի հիմնադիր անդամ դառնալու համար հինգ միլիոն դոլար էր պահանջվում, բայց նման գումար գտնել, այն էլ այն պարագայում, որ այժմ տարբեր կոռուպցիոն բացահայտումների շնորհիվ գումարներ են վերադարձվում, այսօր դա կարելի էր անել: Չինաստանի հետ հարաբերությունների բարձրացումը, որն ամրագրված է իշխող կուսակցության ծրագրում, չպետք է դուրս մնար»:

Դառնալով 50 հազար աշխատատեղ ստեղծելու մասին՝ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Անդրանիկ Գրիգորյանն ասաց. «Պետական վիճակագրության ծառայության հրապարակած տվյալներով՝ էջ 71, այստեղ հստակ սանդղակով երևում է, որ 2018-ի մայիսին ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը 540 հազարին մոտ է եղել: 2019 թվականի հունվարին այդ թիվը հասել է 560 հազարի: Այսինքն՝ անգամ ստվերից դուրս գալով՝ հեղափոխական իշխանությունների կողմից պաշտոնապես կատարվել է 20-21 հազար գրանցում: Նախկին իշխանություններն էլ նման թվանկարչությունից զերծ չեն մնացել, բայց փորձը ցույց տվեց, որ այս ճանապարհով գնալը բերում է հարյուր հազարավոր քաղաքացիների ընդվզմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930