Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ եմ կարոտում Վազգենին». Սերժ Սարգսյանը խոսեց

Մայիս 09,2019 21:20

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռան հետ և ընկերների ուղեկցությամբ այցելեց Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ հայերանականի հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախի նահատակների շիրիմներին: Նա հարցազրույց տվեց Արցախի հանրային հեռուստաընկերությանը:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Առաջին զգացումը, որ ինձ պատում է, ափսոսանքի զգացումն է: Ափսոս, որ այս փայլուն տղաները զոհվեցին, քանի որ նրանցից շատերը առաջնորդներ էին, մինչև վերջ նվիրված իրենց հայրենիքին, և հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը. տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները և առաջին հերթին դա նշանակում է հավատարմություն այն գործի հանդեպ, հանուն որի զոհվել են և ինչին նվիրել են իրենց կյանքն այն մարդիկ, ում երախտապարտ ես: Այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է  ցուցաբերում, ինչի համար շնորհակալ եմ: Այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի ու ավագ ընկերների արածը համարեն իրենցը ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որպեսզի հոգով նվիրված լինեն այդ գործին:

-Դուք Շուշիի ազատագրման համար եք Արցախի հերոսի կոչմանն արժանացել, այսօր ի՞նչ զգացողություն ունեք:

-Առանց չափազանցությունների ասեմ. ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերի Չիչյանի խոսքերը, որ ասաց ռուսերեն՝ противника не вижу:  Դա մայիսի իննի առավոտյան էր: Հինգ- հինգ անց տասնհինգի արանքում պարզ էր, որ Շուշին ազատագրված է: Շատ բան է ասվել Շուշիի մասին, ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում: Բոլորի համար էլ պարզ էր, որ Շուշիում հաջողություն ունենալու պարագայում հաղթանակը գրեթե ապահովված էր: Դա մեծ ոգևորություն կբերեր մեր կռվող մարտիկներին, բնակչությանը, շատ բացասական ազդեցություն կունենար Ադրբեջանի վրա, բայց ձախողման պարագայում մենք կանգնելու էինք ամբողջովին ոչնչացման, պարտության եզրին: Այդ պատճառով է, որ մենք տևական քննարկումներ ունեցանք Շուշիի օպերացիան մշակելու ընթացքում և ի վերջո որոշեցինք օրը: Երկու անգամ մինչ այդ որոշել էինք, բայց ինչ-ինչ պատճառով հետաձգեցին և որոշեցինք այդ օրը: Ուղիղ ասեմ, որ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, վերաբերմունքի առաջն առնենք:

Միանշանակ է, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը: Երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ Շուշիի վրա հարձակվելու էինք չորս ուղղություններով: Մի ուղղությունը գլխավորում էր Վալերի Չիչյանը, նրանից աջ Սեյրան Օհանյանը, ձախ Արկադի Կարապետյանը և թիկունքից՝ Լաչինի կողմից, Սամվել Բաբայանը: Այստեղ տղաներից շատերը մասնակցել են այդ օպերացիային: Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով, բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից է այն, որ դրանից երեք ամիս առաջ՝ հունվարին, Ադրբեջանը ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին տակի վրա, և այդ ընթացքում, թեև մեր տղաներից շատերը զոհվեցին, բայց գլխովին ջախջախվեց ամենամարտունակ գումարտակը:

Դրանից հետո Ադրբեջանում տեղի ունեցան պաշտոնափոխություններ, մարդիկ պատժվեցին: Երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ներքաղաքական  գզվռտոց էր՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Օպերացիային մասնակցում էին միայն կամավորներ: Կարևոր էր, որ այդ օպերացիային մասն էին ԼՂՀ այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Սամվել Կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային, ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին: Շուշիի մասին ոտքի վրա դժվար է խոսել, բայց կրկնում եմ հաստատապես, որ Շուշիի օպերացիան կանխատեսեց շատ բան:

-Շուշիի ազատագրումը Ձեր սերնդինն էր. առանց ձեր սերնդի այն պահպանել հնարավոր չէ: Հաճախ եք լինում Արցախում. ի՞նչ ծրագրեր ունեք:

-Թող սենտիմենտալություն չլինի, բայց ես կարոտում եմ այն տղաներին, որոնք մեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին, որը հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, Ասկոլկային՝ Աշոտին, փոքր Յուրային, կարոտում եմ Մարտակերտի հրամանատար Նորիկին, Դուշման Վարդանին, Լյովային, և այս քանի օրերի ընթացքում այստեղ կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին, գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու: Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Երիտասարդության դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ՝ այն ժամանակվա երիտասարդներս, մենք էլ չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու հայերերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսևորեին:

-Կա՞ն ծրագրեր Արցախի հետ կապված:

-Ծրագրերը միշտ էլ պակաս չեն եղել, տեսնենք: Մտադիր եմ այցելել նաև Ամարաս, հասկանալու համար, թե այն ինչ վիճակում է գտնվում: Առանց Ամարասի, Գանձասարի, առանց մեր այլ՝ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031