Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը «Մարտի 1-ին» Երեւան են բերվել ոչ թե «արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրից հետո, այլ՝ մինչ այդ

Մայիս 14,2019 22:50

Ներկայացնում ենք «Մարտի 1-ի» գործով 2008-ին  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ  Սեյրան Օհանյանի նախաքննական ցուցմունքը:

Մաս 2

Հարց- Դուք նշեցիք, որ ՀՀ ՊՆ ԶՈւ-երը ծառայության են դուրս բերվել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրից հետո: Ասացեք՝ երբ է հրապարակվել ՀՀ նախագահի հրամանագիրը, եւ զինված ուժերի ստորաբաժանումները դրա հրապարակումից որքան ժամանակ անց են դուրս բերվել ծառայության:

Պատասխան-Պարզապես չեմ հիշում, թե նախագահի հրամանագիրը որ օրն է հրապարակվել:

Հարց– Հայտնում եմ, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-ին ժամը 22-ի սահմաններում, ըստ այդմ՝ առաջարկում եմ հայտնել՝ զինված ուժերի ստորաբաժանումները դրա հրապարակումից որքան ժամանակ անց են դուրս բերվել ծառայության:

Պատասխան– Որքան հիշում եմ՝ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել ծառայության 2008 թվականի մարտի 2-ի վաղ առավոտից:

Հարց– ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումներին որ ժամին է հրահանգավորվել լինել Երեւան քաղաքում եւ արդյոք բոլոր ստորաբաժանումները նույն ժամին գտնվել են իրենց տեղակայման վայրերում, թե՝ ոչ:

Պատասխան– Դա պետք է հարցնել Երեւանի կայազորի պետին, այդ տեղեկություններին չեմ տիրապետում:

Հարց-Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչեւ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008 թվականի հրամանագրի ընդունումը ՀՀ ՊՆ նախարարի հրամանով բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին:
ԶՈւ բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից ու տեղափոխվել էին մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ժամը 16:09-ին, 16:11-ին  եւ 16:27-ին համապատասխանաբար Հանրապետության հրապարակում, Մելիք Ադամյան փողոցում եւ Տիգրան Մեծ փողոցում գտնվող շուկայի դիմաց տեղակայվել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ, նույն օրը ցերեկը Հանրապետության հրապարակում կայանել է ՀՀ ՊՆ զրահամեքենա: Հարկ է նշել, որ այդ կապակցությամբ, վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ են հայտնվել ուղղակի վկայություններ այն մասին, որ նշված ժամերին արդեն Երեւան քաղաք տեղափոխվող զինվորական շարասյուններին ուղեկցելու գործառույթն իրականացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

Մելիք Ադամյան փողոցում տեղակայված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներով տրանսպորտային միջոցներ եւ զինծառայողներ, որոնք զինված են եղել  ինքնաձիգներով: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ՀՀ զինված ուժերը Երեւան քաղաք են բերվել ոչ թե արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրից հետո, այլ՝մինչ այդ: Ընդ որում, ըստ այդ վկայությունների՝ բանակային 5 կորպուսներից մեկական վաշտ՝ 100-120 զինծառայողներով մոտեցվել են Երեւանին: Ասացեք արդյոք դուք կապ տեսնո՞ւմ եք ՀՀ Պն նախարարի թիվ 0038 հրամանի եւ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումները Երեւանք աղաքի տարբեր փողոցներում տեղակայելու միջեւ:

Պատասխան- Ես չեմ հիշում: Եթե փաստեր կան, ապա դրանք պետք է ճշտել Երեւանի կայազորի պետից, ով այդ ժամանակ հանդիսացել է Խաչատուրովը, իսկ մնացած կայազորներում՝  զորամիավորման հրամանատարներից: Ես չեմ հիշում, որ այդ օրը Երեւանում ծառայողներ լինեն:

Հարց– Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումները Երեւան քաղաք բերվելու ծրագիրը մշակվել է նախապես՝  հնարավոր արտակարգ  դրության իրավիճակ ստեղծվելու  դեպքում, այդ ստորաբաժանումները Երեւան քաղաքի փողոցներում տեղակայելու  եւ, ինչպես դուք եք նշում, կարեւոր օբյեկտների պահպանություն իրականացնելու նպատակով: Ինչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան- Ես նման տեղեկության չեմ տիրապետում, որ զորքերը նախապես Երեւան բերված լինեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031