Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հիշում՝ 0038 հրամանը Քոչարյանի հրավիրած խորհրդակցությունից առաջ, թե հետո է ձեւավորվել». Սեյրան Օհանյանի նախաքննական ցուցմունքը

Մայիս 13,2019 23:23
ohanyan

2008-ին  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը վարույթ իրականացնող մարմնին պատմել է, որ մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածությունը ներքաղաքական իրադարձություններին եղել է ՀՀ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի եւ ՊՆ նախարարի հրամանի պահանջներին համահունչ, որով զինված ուժերի Երեւանի կայազորի որոշակի ստորաբաժանումներ անցել են պետական եւ Երեւան քաղաքի հատուկ նշանակության ու հույժ կարեւոր օբյեկտների  պահպանությանը:

Հարց- ՀՀ ՊՆ ո՞ր ստորաբաժանումներն են ներգրավվել 2008 թվականի մարտի մեկին հայտարարված արտակարգ դրության ռեժիմում Երեւան քաղաքում ծառայություն իրականացնելու համար: Մասնավորապես,  ում հրամանով, երբ, ինչ կազմով/հրամանատարական, զինվորական, սպայական/ ինչ զենքերով, հատուկ միջոցներով,  ում ենթակայության տակ եւ որ վայրերում, ինչ միջոցառումների իրականացման համար են ներգրավված եղել ՀՀ ՊՆ ստորաբաժանումները եւ կոնկրետ ինչ գործողություններ են կատարել:

Պատասխան- ՀՀ նախագահի հրամանագրի եւ ՀՀ ՊՆ նախարարի հրամանի համաձայն՝ Երեւան քաղաքի կայազորի զորամասերի անձնակազմն է ընդգրկված եղել համապատասխան հանդերձանքով իրենց հրամանատարների եւ ստորաբաժանումների հրամանատարների գլխավորությամբ հատուկ կարեւոր օբյեկտների պահպանության համար, զինծառայողները զինված են եղել իրենց տաբելային հրաձգային զենքերով: Տեղակայումները, թե որ ստորաբաժանումը Երեւան քաղաքում որտեղ էր տեղակայվել, հիմա չեմ հիշում:

Հարց-Քննությամբ տեղեկություններ են ստացվել, որ դեռեւս 2008 թվականի փետրվարի 22-ին  ՀՀ ՊՆ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ նախագահի մոտ, այնուհետեւ նույն թվականի փետրվարի 23-ի առավոտյան ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարությունում կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում նույն բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: 2008 թվականի փետրվարի 22-ի եւ փետրվարի 23-ի խորհրդակցություններին դուք մասնակցե՞լ եք, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա  անվանական նշեք նաեւ խորհրդակցությամբ մասնակցած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որտեղ է անցկացվել փետրվարի 23-ի խորհրդակցությունը, յուրաքանչյուր խորհրդակցության ժամանակ ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են կայացվել, ով ում ինչ հանձնարարականներ է տվել:

Պատասխան- Ես մեկ խորհրդակցություն եմ հիշում, որն անցկացվել է նախագահականում ՝ խորհրդակցությունների սենյակներից մեկում: Խորհրդակցությունն անցկացնում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա էին վարչապետը, նույն ինքը ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, ես, որքան հիշում եմ նախարարի տեղակալները, վարչությունների եւ առանձին բաժինների պետերը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ ԶՈՒ մարտունակության խնդիրները: Քանի որ այդ օրերին անհրաժեշտություն կար ԶՈՒ զգոնության բարձրացման եւ հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների,  գործողությունների հետ մղման հարցերը: Բոլոր հրահանգները եղել են ԶՈՒ մարտունակության եւ զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաեւ ՀՀ ՊՆ նախարարը ԶՈՒ ղեկավարությանն ու նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին:

Հարց- Նշված խորհրդակցությունում արդյոք քննարկվել են երկրում տիրող հետընտրական զարգացումների, ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հարցեր, եթե՝ այո, ապա այդ կապակցությամբ ում կողմից ինչ հանձնարարություններ են տրվել:

Պատասխան– Ես նման հարցեր չեմ հիշում: Հարցերը վերաբերել են միայն նշված իրավիճակում ԶՈՒ զգոնության եւ մարտունակության խնդիրներին:

Հարց-Նշված իրավիճակ ասելով ինչ նկատի ունեք

Պատասխան– Խոսքը վերաբերում է պետության կարեւոր միջոցառումների, այսինքն, ընտրությունների ժամանակ ԶՈՒ մարտունակության եւ զգոնության բարձրացմանը:

Հարց- 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին՝ դեռեւս փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում…ասացեք՝ արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահի կողմից հրավիրված ԶՈւ բարձրաստիճան  պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքո՞ւմ է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է թիվ 0038 հիշյալ հրամանը, ՀՀ ԶՈՒ բերվել են զորանոցային վիճակի, զինվել են տաբելային զենքերով ու սպասել հետագա կարգադրությունների:

Պատասխան- Ես չեմ հիշում՝ հրամանը խորհրդակցությունից առաջ, թե հետո է ձեւավորվել, որովհետեւ գոյություն ունի հրամանների ձեւավորման համապատասխան ընթացակարգեր: Ընթացակարգեր ասելով՝ նկատի ունեմ հրամանի ձեւավորման միտքը, համապատասխան ծառայությունների հետ քննարկումները, ժամկետները եւ վերջնական ձեւավորումը, որի համար տեւական ժամանակ է պետք: Ինքս ներկա եմ եղել խորհրդակցությանը, այն վերաբերել է զորքի մարտունակությանը, ինչպես նշել եմ նախորդ պատասխանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031