Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր». Կոչ ենք անում գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որևէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ

Մայիս 27,2019 13:54 Share

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թ․ մայիսի 27-ին, երբ ընդամենը երեք օր էր մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, ԽՍՀՄ֊ից Ռուսաստանի Դաշնության կերպափոխվող Ռուսական կայսրությունը Երևանում դիմեց պատժիչ ռազմագործողության, որին զոհ գնացին 27 հոգի՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ և խաղաղ բնակիչներ։

Այս գործողությունը հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսական կայսրության գործիքակազմի և մեթոդների վայրագությունը և, զուգահեռաբար՝ բոլորիս համար բացահայտեց մեր պետականության իրական կարգավիճակը՝ օկուպացիան։

Բայց սա ընդամենը առաջին նշանն էր, որով կայսրությունը ցույց էր տալիս, որ մեզ վերաբերվում է որպես գաղութի, գրավյալ տարածքի և պատրաստ է ամեն քայլի, որպեսզի մենք չունենանք ազատորեն ընտրելու հնարավորություն և, առհասարակ՝ որևէ այլընտրանք։

Հետագայում՝ մինչև 1992 թ. ամառ, կայսրության այդ գործելակերպը դրսևորվեց Արցախում, մասնավորապես՝ «Կալցո» օպերացիայի և արցախաբնակ հայության բռնագաղթի իրականացմամբ՝ հանգեցնելով ցեղասպանական հետևանքների։

Այսօր՝ 29 տարի անց, Ռուսական կայսրությունը գտնվում է քայքայման ու կերպափոխման հերթական փուլի մեջ և նրա աշխարհաքաղաքական ծրագրերից և քայլերից ակներև է դառնում հայությանը պառակտելու և գաղութացնելու նպատակով նոր ագրեսիվ քաղաքականության վտանգը։

Հայաստանի Առաջին Հանրապետության 101 ու Միացյալ և անկախ Հայաստանի հռչակման 100֊ամյակի նախօրյակի այս օրը մեր հայրենակիցներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել և գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որևէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ և որ միայն ու միայն անկախ, ինքիշխան ու միացյալ Հայաստանի Հանրապետությամբ ենք ունակ դիմագրավելու այս հերթական մարտահրավերին։

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maro says:

    Ռուսական գաղութացման մշակութային հետևանքները նախ և առաջ պետք է վերացնել – կինոները պետք հայերենով լինեն (կամ լրիվ թարգմանված կամ ենթագրերով) և հեռուստացույցով և թատրոններում, իսկ ում ավելի շատ դուր է գալիս ռուսերենով նայել կամ լսել կարող են տեղափոխվել Ռուսաստան: Հետո պետք է մեր փողոցներում սահմանափակել ռուսատառի ներկայությունը: Օդանավակայանում պետք է լինեն միայն հայախոս աշխատակիցներ: Ռուսաց լեզվի առարկան պետք է ընտրովի լինի

Պատասխանել