Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարժանանա աշխարհի հոգեւոր դասի ուշադրությանը»

Հունիս 06,2019 12:30

Հարցազրույց քանդակագործ, «40 ֆլորենտացիներ» միության անդամ Վիգեն Ավետիսի հետ

– Դուք շուրջ 20 տարի ապրել ու ստեղծագործել եք Իտալիայում: Միակ հայ արվեստագետն եք, որն ընդգրկված է «40 ֆլորենտացիներ» միության կազմում եւ հանդիսանում է Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ: Նաեւ դասավանդում եք Պալլացո Սպինելլիի արվեստի եւ վերականգնման ինստիտուտում: Ասում են՝ ընդմիշտ վերադարձել եք հայրենիք…

– Դեռեւս Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի 3-րդ կուրսում ուսանելիս մեկնեցի Լեհաստան, որտեղ շարունակեցի կրթությունս ու ավարտեցի Պոզնանի գեղարվեստի ակադեմիան: Անկեղծ ասած, մեկնել էի ոչ այնքան ուսանելու, որքան աշխարհը բացահայտելու, տարբեր մշակույթների հետ շփվելու նպատակով: Ձերբազատվել էի ուզում խորհրդային փակ դռներից…

– Ձերբազատվեցի՞ք:

– Դա ամենօրյա աշխատանք է ենթադրում: Մեկ օրում կարող ես ընկնել կյանքի կապկանի մեջ եւ հակառակը: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ ժամանակը դեր չի խաղում:

– Ձեր որոշ գործընկերներ հավաստիացնում են, որ մինչ ձեր մեկնելը հայրենիքից, հանդգնել եք բարձրաձայնել իշխանափոխության մասին, ԱԺ-ն ցրելու մասին…

– Այո՛, չեմ հրաժարվում: Բայց իմ քաղաքական ուղերձները պետք է ընդունել ոչ թե զուտ ազգասիրություն, այլ ուղերձ տիեզերքից:

– Հիմա կոնկրետ ձեզ համար ի՞նչն է փոխվել:

– Իմ գտնվելու վայրը ես չեմ որոշում՝ ինչ-որ մի ուժ ինձ տեղաշարժում է: Օրինակ՝ հեղափոխության օրերին գտնվում էի Հայաստանում: Այդ պահին ես ու իմ իտալացի գործընկերները Ապարանում քանդակներ էինք անում: Իմ աշխատանքն անվանեցի «Սուրբ Հոգի»: Իմ խորին համոզմամբ, Սուրբ Հոգու խորհուրդն էր հայ ժողովրդի ազատագրումը, եւ իմ ներկայությունն այդ պահին հենց այդ վայրում ի վերուստ էր որոշված: Ի վերջո, մարդը երկրագնդի վրա էներգիայի ամենամեծ աղբյուրն է ու նրանցից ոմանց ներկայությունը տվյալ պահին, տվյալ վայրում պարտադիր է, որպեսզի ի կատար ածվի տիեզերքի կամքը… Ողջ փիլիսոփայությունն այն է, որ մարդիկ երկնային մարմինների նման են, ունեն իրենց հատուկ չափերն ու տեսքը, էներգետիկ դաշտն ու ամենակարեւորը՝ ուղեծիրը: Նրանցից ոմանք մոլորակներ են, մյուսները՝ արեւներ կամ արբանյակներ… Բոլորը շարժման մեջ են՝ ազդում եւ հակազդում են մեկը մյուսին: Երջանիկ են նրանք, ովքեր միանում են իրենց գենետիկ ուղեծրին, որը տրվում է ծննդյան օրվանից:

– Այսինքն՝ անկախ ձեր կամքից, դուք հայտնվեցիք Ֆլորենցիայո՞ւմ: Ավելին՝ դարձաք «40 ֆլորենտացիներ» միության անդամ միակ հայը:

– Առաջին անգամ ոտք դնելուս պահից Ֆլորենցիան իմ առջեւ բացեց իր հոգեւոր աշխարհը: Այո, ինձ սպասում էր Ֆլորենցիան: 40-ից մեկը դառնալը ինձ համար այնքան բնական էր, այնպես, ասենք, ինչպես սերմը հողում ծլարձակում ու դառնում է ծառ…

– Արտասահմանյան մամուլից ենք տեղեկանում, որ միայն Ֆլորենցիայում տեղադրված են ձեր շուրջ 5 քանդակները, իսկ Երեւանում, ավելի քան տասը տարի առաջ ընդամենը մեկը՝ «Սասնա ծռեր,Ծովինարը Սանասարի եւ Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը…

-Ուզում եք ասել, որ իմ աշխատանքները երբեւէ մերժվե՞լ են այստեղ: Ո՛չ: Գուցե կրկնվում եմ, բայց իրականությունը հետեւյալն է՝ ասացի, չէ՞, որ մարդիկ երկնային մարմինների նման են եւ ունեն իրենց ուղեծիրը: Այդտեղ կան բազմաթիվ հատվածներ: Օրինակ, ինչ հեռավորության վրա ես արեւից եւ ստեղծածդ արժեքները ուղիղ համեմատական են արեւի հեռավորությանը: Իսկապես: Գտնվելու վայրդ ինքդ չես որոշում՝ դա քո ուղեծրի շառավիղն է, որի ընթացքում տեղի է ունենում այն, ինչը լինում է կամ ինչին արժանի ես:

– Ձեր աշխատանքները նաեւ Կանադայում են, Մեքսիկայում, Չինաստանում… Այնուամենայնիվ, ըստ ձեր «ուղեծրի», երկրորդ աշխատանքը կտեսնե՞նք մեզ մոտ:

– Մայիսի 27-ին մեկնել էի Ֆլորենցիա եւ նոր եմ վերադարձել: Հանդիպում ունեցա եւ մի շատ կարեւոր պատվեր ստացա՝ Երեւանում աշխատանքս տեղադրելու:

– Կմանրամասնե՞ք:

– Կներեք: Այս պահին՝ ոչ:

– Գուցե միայն ասեք, ի՞նչ է նշանակում՝ շատ կարեւոր:

– Ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեցի ու ճիշտ գործ առաջարկվեց, ինչն իրականություն դառնալուց հետո Հայաստանը կարժանանա աշխարհի հոգեւոր դասի ուշադրությանը:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

05.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930