Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բոլոր գործուղումների ժամանակ, որոնք մի քանի հազար դոլար արժողություն ունեն, մեր խորհրդարանականները նման պահվածք են ցուցաբերում, ապա ի՞նչ իմաստ ունեն այդ գործուղումներն ընդհանրապես. «Փաստ»

Հուլիս 04,2019 12:52

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին:

Ցավոք, իրականությունն այս մի քանի ամիսների ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելը ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն:

ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուրռեալ:

Ընդհանուր թվով մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ից եղել է 26 գործուղում, որը միանշանակ ահռելի ծանր բեռ է պետբյուջեի և, որ նույնն է, հարկատուների ուսերին:

Այս «տուրնեների» մասին ծանոթանալիս տպավորություն է, որ համաշխարհային մեգաաստղերի շրջագայությունների ցանկն է, այնինչ…

Վերջին մեծ պատվիրակությունը, որը գտնվում էր Մոսկվայում, բավական անատամ և թույլ պահվածք դրսևորեց և պատշաճ չհակադարձեց մեր պետականության թիվ մեկ հակառակորդի պառլամենտական հռետորաբանությանը, նրանք անգամ միջազգային այդ բարձր հարթակից ադրբեջանական քարոզչամեքենային չհասցրին համարժեք հակահարված:

Եվ հենց այստեղ հարց է առաջանում՝ եթե բոլոր վերոնշյալ գործուղումների ժամանակ, որոնք մի քանի հազար դոլար արժողություն ունեն, մեր խորհրդարանականները նման պահվածք են ցուցաբերում, ապա ի՞նչ իմաստ ունեն այդ գործուղումներն ընդհանրապես: Ի դեպ, հավելենք, որ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, Մոսկվայում թեմային խառնվել են նախկինները: Նշանակում է՝ մեր խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը լեթարգիական քնի մեջ են, և մենք իրոք լուրջ փաստի առաջ ենք կանգնած, որի պտուղները կտեսնենք առաջիկայում: Դրա փոխարեն, սակայն, մենք տեսնում ենք սելֆիների շարք, ժպտադեմ ու հպարտ կեցվածքով կադրեր, որոնք այնպիսի տպավորություն են ստեղծում, որ տվյալ անհատներն օր ու գիշեր մտածում են միայն ազգային ու պետական խնդիրների մասին:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031