Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. Չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում կտեսնենք այն, որ էլ ընդհանրապես Ռուսաստանից գազի մատակարարում չի լինի. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2019 10:25 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրանական գազը որակական առումով զիջում է ռուսական գազին:

– Հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ արդյոք Իրանից գազ ստանալու տարբերակը կարո՞ղ է ազդել դրանց վրա:

– Չեմ կարծում, որովհետեւ մենք հիմա էլ ենք ստանում: Այստեղ արդեն կամայական պետությունը՝ այդ թվում նաեւ Ռուսաստանը, ձգտում է իր երկրի շահերն առաջ տանել՝ նույնիսկ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում: Դրա դասական օրինակներից մեկը հենց այս շուկան է: Եթե մենք ուսումնասիրում ենք նույն ԵԱՏՄ-ն, որի հիմքում նաեւ որոշակիորեն դրված է ռուսական օրենսդրությունը, ապա ԵԱՏՄ համագործակցության համատեքստում՝ էներգետիկ բնագավառում, որպես երկարաժամկետ տեսլական էներգահամակարգերի ինտեգրացման գործընթացն է: Դա ենթադրում է, որ ռուսական սուբյեկտները, որոնք հավելյալ մրցակցային առավելություններ են ստանում՝ ի շնորհիվ էժան էներգետիկ ռեսուրսների, դրանով ավելի լավ պայմաններում են, քան տնտեսական միավորի մեջ գտնվող երկրները: Այս առնչությամբ եւս պետք է իրականացվի որոշակիորեն բալանսավորված քաղաքականություն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ կարծես թե այդ միտումները չկան:

– Գնային առումով որքա՞ն տարբերություն կարող է տալ, եթե, օրինակ, գազի մատակարարման համար հիմնական աղբյուրը դառնա Իրանը:

– Ես չափազանց սկեպտիկ (կասկածամիտ) եմ, որ մեր ամբողջ աղբյուրը կարող է լինել հավասարապես փոխարինելի: Անկախ նրանից, թե ով է այդ մատակարարը, կլինի դա Իրանը, Ռուսաստանը, երբ դու կախված ես մեկից, դա մեծ ռիսկ է: Ինչո՞ւ, որովհետեւ տեսաք՝ նույն էներգոհամակարգում եւ այլ բնագավառներում ինչքան դիվերսիֆիկացված հարաբերություններ ես ունենում՝ այդքան լավ է: Այս տեսանկյունից մենք կարող ենք խոսել, որ ապագայում պետք է ամեն ինչ անենք, որ իրանական գազի մասնաբաժինը որոշակիորեն նաեւ բարձրանա: Բայց չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում կտեսնենք այն, որ էլ ընդհանրապես Ռուսաստանից գազի մատակարարում չի լինի: Ինչո՞ւ, որովհետեւ դա առաջնային է: Ռուսաստանը աշխարհի մակարդակով խոշորագույն խաղացող է եւ, ըստ էության, բավականաչափ մրցակցային գներով է կարողանում եվրոպական երկրների համար մատակարարումներ իրականացնել: Ու, ինչպես նշեցի, որակական տեսանկյունից նույնպես գերազանցում է իրանական գազին: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է այս առնչությամբ փորձենք է՛լ ավելի սերտացնել իրանական կողմի հետ բանակցությունները ու այս կոնտեքստում՝ նաեւ մեր բանակցային ուժը այդ քննարկումներում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել