Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ մարզում տեղադրվել է 217 տեսախցիկ ու բացահայտվել բնակարանագողության հերթական դեպքը

Հուլիս 15,2019 23:23

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքում տեղ գտած այսօրվա լրահոսից,  ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Գյումրու Մանուշյան փողոցի տներից մեկում կատարված բնակարանագողությունը։

«Հուլիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մանրադրամ հավաքելու տարան, որի մեջ եղել է մոտ 100.000 դրամ:

Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից բաժին է բերման ենթարկվել 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ լոգարանի բաց պատուհանից մտել և գողացել է պահարանում դրված մանրադրամ հավաքելու տարան՝ մանրադրամներով։ Գումարը ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում:

Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»,-գրված է այսօրվա լրահոսում:

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզում իրո՞ք կան բնակարանային գողությունների բացահայտումներ, ինչպես որ պարբերաբար հաղորդվում է ոստիկանության պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ բնակարանային գողությունների թվի աճը լուրջ մտահոգության թեմա էր դարձել Շիրակի մարզի դատախազի համար, որի նախաձեռնությամբ էլ Շիրակի մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում տարբեր համայնքապետերի ու իրավապահ համակարգի աշխատակիցների մասնակցությամբ։ Համայնքապետերին հորդորել էին տեսախցիկներ տեղադրել բազմաբնակարանային շենքերի մուտքերում։

Դատախազն ասաց, որ նկատելի է բնակարանային գողությունների բացահայտումների աճ, որը պայմանավորված է մարզի ողջ տարածքում տեսախցիկների տեղադրմամբ։

«Նախորդ եռամսյակում քննարկել ենք, վեր ենք հանել թիրախային, ռիսկային համարվող այն հատվածները, որտեղ որ հիմնականում կատարվում են բնակարանային գողություններ, և այդ տարածքներում իմ հանձնարարությամբ, իմ հորդորով, իմ նախաձեռնությամբ, ներգրավվել են և՛ համայնքի ղեկավարներ, և՛ ոստիկանության բաժնի աշխատակիցներ, տեղադրվել են շուրջ 217 տեսախցիկներ, որի արդյունքում էլ բարելավվել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը»,-ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Shantnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031