Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ հանդարտ, կառուցողական մթնոլորտում՝ առանց ինտրիգների ու փոխադարձ խայթոցների։
Այն բավական երկարատև էր․ օրակարգում 20 հարցեր էին՝ չհաշված քաղաքի տարբեր խնդիրների շուրջ նիստի ավարտին հնչող ավանդական հարց ու պատասխանը։
Մարտուն Գրիգորյանի հիմնած քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը օրակարգի հարցերից մեկը քննարկելիս ասաց, որ Գյումրու սրտում գտնվող պատմական Աբովյան ճեմափողոցը դիմազրկվել է, ինչ տեսակի առևտուր ասես այստեղ չեն անում, և որ քաղաքային իշխանությունը միջոցներ պիտի ձեռնարկի այդ հարցը կարգավորելու համար։
«Սուրճի ապարատներին պիտի անդրադառնամ ու պիտի տնտեսվարողին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ, որ Գյումրու հրապարակում՝ մեծարժեք «Յոթվերք» եկեղեցու դիմաց, այնքան բարեգութ են գտնվել, որ բերել-տեղադրել են սև գույնի սուրճի ապարատ, որովհետև կարող էին դնել կարմիր կամ նարնջագույն ու ընդհանրապես տեսքն աղճատեին։
Ասեմ, որ այդտեղ մի քիչ բարեգութ են եղել, պատմական միջուկում ի հատվածի համակարգումը պիտի լինի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում։
Կարդացեք նաև
Ֆրունզի տիկնիկից ոնց որ թե պրծել ենք, չկա, բայց ով ասես կա։
Անցած ամիս դեպք ունեցանք, ճիշտ է՝ բոլոր քաղաքներում էլ լինում է, տիկնիկը հյուրին էր ծեծել քաղաքում»,- ասաց Լիզա Գասպարյանը։
Գյումրու ավագանու անդամները, սա լսելով, չկարողացան զսպել իրենց ծիծաղը։
«Ծիծաղում ենք, բայց սա հարիր չէ Գյումրուն, հատկապես պատմական միջուկին վերաբերող հարցին մեր քաղաքը չափազանց հետևողական է և զգայուն»,- շարունակեց Լիզա Գասպարյանը։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը պատասխանեց՝ ընդունելի է Լիզա Գասպարյանի ասածը, և քաղաքի կենտրոնական հատվածներից մաքրվելու են սուրճի բոլոր սարքավորումները։
«Ումը ուզում է լինի, հալալ ախպորս էլ լինի, մաքրելու ենք, դրանից հետո փողոցներում տեղադրվելու են չափորոշիչներով՝ 150-200 մետր հեռավորության վրա և նորմալ սուրճի ապարատներ»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Լիզա Գասպարյանը նշեց՝ հասկանում է, որ շատ գյումրեցիներ այդ միջոցով են հացի փող վաստակում, և որ ինքը չի ասում՝ մի արեք, բայց պետք է այնպես անել, որ չաղճատվի քաղաքի պատմական միջուկի տեսքը։
«Հոգացավ պիտի լինենք մեր քաղաքային դիմագծին»,- ասաց Լիզա Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































