Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եւ «Մշակը»

Հուլիս 17,2019 10:00

Ժամանակ առ ժամանակ այս կամ այն քաղաքական հոսանքի չափից դուրս արմատական կողմնակիցները կշտամբում են «Առավոտին», թե ինչու ենք հարթակ տրամադրում իրենց հակառակ հոսանքի ներկայացուցիչներին: Օրինակ, երբ 1995-96 թվականներին «Երկիր» թերթն արգելված էր, եւ մենք այդ պարբերականին մեր էջերն էինք տրամադրում, ՀՀՇ-ականները մեզ հարցնում էին՝ ի՞նչ է, դաշնակցակա՞ն եք դարձել, փոխե՞լ եք ձեր արժեքային համակարգը: Ոչ, չէինք փոխել, այն նույնն է մնում՝ ազատական, եւ հենց այդ պատճառով էլ մեր թերթը կարող է եւ անգամ պարտավոր է ներկայացնել ցանկացած տեսակետ,  անկախ նրանից՝ այդ տեսակետն, օրինակ, ինձ՝ որպես խմբագրի, դուր է գալիս, թե չէ:

Հիմա էլ է այդպես: Փաշինյանի չափից դուրս բոցավառ երկրպագուները դժգոհում են, երբ մենք հրապարակում ենք ՀՀԿ-ականների կամ քոչարյանականների տեսակետը:  Այդ դժգոհները լինում են երկու տեսակի՝ քաղաքակիրթ եւ «ժողովրդի ձայնը հնչեցնող»: Առաջինները սովորաբար ասում են՝ մենք դեմ չենք քննադատությանը եւ բազմակարծությանը, բայց այն պետք է լինի փաստարկված, լուրջ, տրամաբանական: Նկատեմ, որ այդպիսի (տեսականորեն ճիշտ) տեսակետ հայտնողները, որպես կանոն, չափազանց գոհ են լինում, երբ իրենց ընդդիմախոսների հասցեին չփաստարկված, անմակարդակ, անտրամաբանական «քլնգոցներ» են հնչում («վախ, ինչ լավ էր, մեյդը փռեց»), եւ իրենց այս կոչն ուղղված է բացառապես վարչապետին քննադատողներին: Դե, իսկ «ժողովրդականները», երբ տեսնում են ՀՀԿ-ականների կամ քոչարյանականների  տեսակետն «Առավոտում», առանց երկար մտածելու եւ անգամ kdwin-ը փոխելու գրում են՝ «duq el caxveciq»: Պետք է նկատել, որ վերջերս հայտնվել են նաեւ «քոչարյանական խանդավառներ», որոնք իրենց դժգոհությունն արտահայտում են նույն՝ «ժողովրդական» ոճով:

Այդ բոլոր կշտամբողներին ուզում եմ պատասխանել մեր մեծ գրող եւ շատ հետաքրքիր հրապարակախոս Րաֆֆու խոսքերով, որոնք նա գրել է 1880 թվականին. «Մի լրագիր, որը նպատակ է դրել հաշտարար լինել ազգի անջատված, թշնամացած եւ խորթացած անդամների միջեւ, նրա պարտքն է լսել եւ հրատարակել յուրաքանչյուրի խոսքը: «Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական եւ հունադավան հայերը, նա ազգային օրգան է եւ ոչ՝ եկեղեցական»:

Այսօր Շարմազանովին կամ Աշոտյանին ձայն տալը մոտավորապես հավասարազոր է 19-րդ դարի վերջում Թիֆլիսում լույս տեսնող թերթում ոչ առաքելական հային ամբիոն տրամադրելուն: Բայց պետք է հասկանալ, որ մենք որեւէ մեկի օգտին կամ որեւէ մեկի դեմ քարոզչությամբ չենք զբաղվում, ոչ էլ փորձում ենք հանդես գալ կրոնական կամ քաղաքական հավատաքննիչի դերում: Հակառակը՝ ինչպես եւ «Մշակը», կցանկանայինք հաշտարար լինել ազգի տարբեր հատվածների միջեւ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031