Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մարջանյան. «Էներգետիկ համակարգում վթարի արդյունքում «Բլեք աութը» բացառվում է»

Հուլիս 17,2019 15:04

Մենք ունենք աստծու տված ռեսուրս, քիչ երկրներ կան, որ 300-ից ավելի արեւային օրեր ունեն, ուստի վերականգնվող էներգետիկան հավելյալ գործոններով պետք է զարգացնել: Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ՀՀ էներգետիկ համակարգի մասին քննարկմանը:   Նա նշեց, որ ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» բավականաչափ մեծացրել են իրենց շահույթը. «Գազպրոմը» 2017-ին 9.3 միլիարդ դրամի վնաս ուներ, 2018-ին՝ 14.9 միլիարդ շահույթով է փակել: ՀԷՑ-ը 2017 թվականին ՀԷՑ-ը 6.6 միլիարդ շահույթ ուներ, 2018-ին 10.7 միլիարդ: Սա ֆինանսական ծախսերի օպտիմալացման արդյունքն է»:

Քննարկմանը ներկա էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն էլ անդրադառնալով հուլիսի 10-ին հանրապետությունում էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին, ասաց, որ ոլորտի պատասխանատուները տիրապետում են իրավիճակին եւ ճգնաժամային պահերին հավասարակշռվեց, եւ կարողացանք լուրջ վթարից խուսափել, որից չկարողացան խուսափել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը տարիներ առաջ եւ տարբեր տարիներին: «Մենք կարողացանք քիչ, թե շատ անցնցում դուրս գալ իրավիճակից: Մեր տատիկ-պապիկներից ժառանգած մեր էլեկտրաէներգետիկ համակարգը ունիկալ է տարածաշրջանում. հարմոնիկ եռաբաղադրիչ գեներացնող հզորություններով, բարձրավոլտ ցանցի բավականին խիտ ցանցով ու ծավալով, ՍԿԱԴԱ համակարգը՝ մեր սերնդի ձեռքբերումն է՝ ավտոմատ համակարգն է: Դրանից առաջ մոդեռնիզացվեցին բարձրավոլտ ենթակայանները»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով համակարգի բացասական կողմերին, Մարջանյանը նշեց՝ մենք 2-րդ անգամ ենք կանգնում նույն խնդրի առաջ. «Համանման վթար տեղի ունեցավ 2013 թվականի նոյեմբերին, դասական տիպի վթար էր՝ հաճախականության եւ լարվածության, որը ենթակա էր վերլուծության այն ժամանակ եւ եզրակացություններ անելու: Դա ահազանգ էր, որպեսզի պատկան մարմինները լրջորեն զբաղվեն ոլորտով»: Փորձագետն ասաց, որ հուլիսի 10-ին վթարի առնչությամբ տարակուսանք առաջացնող խնդիրն այն էր, որ վթարից անմիջապես հետո առաջին ժամերին, ոչ պատշաճ հանրային իրազեկում էր կատարվում, տագնապային, ոչ համակարգված տեղեկատվական հոսքը, եւ առաջին ժամերին սկսեցին օգտագործել «Բլեք աութ» բառը, որը տեղին չէր. «Բլեք աութը» բացառվում է: Դա այն է, որ վնասը 1 մլն մարդ/ ժամ հոսանքազրկում է լինում: Ադրբեջանում իրոք այդպես էր՝ 300 միլիոն մարդ /ժամ, մեզ մոտ նույնիսկ չհասավ 1 միլիոնի: Բայց որոշակի հետեւություններ պետք է անել, ուշադրություն դարձնել մասնագետների առաջարկներին: Օրինակ՝ 90-ականներին, երբ Հայաստան-Իրան ծրագրի առաջին փուլն էր իրականացվում, 96-ին հայ մասնագետներն ասում էին, որ այդ կապը պետք է ապահովված լինի, այսպես ասած՝ հաստատուն հոսանքի կամրջով, որը թույլ չի տալիս հաճախականային ալիքներին մեկ համակարգից տեղափոխվել մյուս համակարգ: Այն ժամանակ անհրաժեշտ էր այդ գիծը թողարկել հնարավորինս արագ, ինչը եւ այն ժամանակ հաջողությամբ արվեց: Բայց 2005-ին 2-րդ գծի մասին էր խոսքը, այդ հաստատուն հոսանքի կամրջակի չօգտագործումն ուղղակի անբացատրելի էր: Մենք հիմա տեսնում ենք ժամանակին ոչ ռազմավարական հեռանկարում դիտարկված որոշումների ընդունման հետեւանքները: Այն հանգամանքը, որ մենք ժամանակին էներգետիկայի եւ հատկապես էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարությունը տվել էինք այլ ուժերի մշակմանը՝ USAID-ի, ԱՄՆ եւ Եվրոպայի ֆինանսավորման որոշակի ծրագրերը, եւ կարծես թե Հայաստանը մեկուսացել էր իր սեփական ռազմավարությունը մշակելու գործընթացից: Մենք հիմա տեսնում եք այդ որոշումների հետեւանքը: Այն ժամանակը ծնվեց մոտեցում հիմնված՝ «նվազագույն ծախսերի վրա», բայց եթե դուք խոսում եք նվազագույն ծախսերի մասին, պետք է մոռանալ ռազմավարությունը: Ժամանակն է, որ Հայաստանն ինքը զբաղվի իր էլեկտրաէնեգետիկ ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրերով»:

Քննարկմանը ներկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանն էլ արձագանքելով Մարջանյանին՝ ասաց, հուլիսի 10-ի վթարը 2013-ի վթարի հետ համադրելը սխալ է. «Մեզ մոտ հաճախության տատանում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել լարման հակում, մենք ունեցել ենք ռեակտիվ հզորության կորուստ, մեգավատի մասին է խոսքը: Համեմատելի չէ 2013 թվականի վթարի հետ: Սպասում ենք վերջնական վերլուծությանը: Մենք ունենք համակարգում ֆիզիկապես մաշված սարքավորումներ եւ պետք է յուրաքանչյուր լիցենզավորված էներգետիկ ընկերություն ապահովի հուսալի, կայուն, անխափան, շուրջօրյա էլեկտրաէներգիայի մատակարարում»: Բադալյանը վստահեցրեց՝ վթարը տեղի էր ունեցել ռեժիմի կառավարման ընթացքում, արտաքին ազդեցություն չի եղել, մարդկային ներազդեցությունը համակարգի վրա հնարավոր չէ, համակարգն ամբողջովին ավտոմատացված է:

Արտակ Մանուկյանն էլ նկատեց՝ 2011-2025 թվականի ռազմավարական ծրագրով նախատեսվում է ամեն տարի, շատ լավատեսական սցենարով, էներգետիկ ոլորտում արտադրությունը 3 տոկոս ավելանա. «Բայց դա չի համապատասխանում իրականությանը, դրա համար պետք է տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը պետք է աճի: Ռազմավարական փաստաթղթում ակնկալում ենք հարեւանների հետ համագործակցության զարգացում, բայց սա պետք է համահունչ լինի տնտեսական զարգացումներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031