Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն տարի ընտանեկան բռնությունից միջինում 10 կին է սպանվել, այս տարվա կեսին արդեն 10 սպանված կնոջ դեպք ունենք. Ստամբուլյան կոնվենցիան պե՞տք է, թե՝ ոչ

Օգոստոս 02,2019 16:48

«Եթե ամեն տարի միջինն ունեցել ենք տասը կնոջ սպանություն՝ ընտանեկան բռնության արդյունքում, ապա, այս տարվա կեսին արդեն ունենք 10 կնոջ սպանություն»,- այս մասին ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը:

Այսօր «Հոդված 3» ակումբում Ստամբուլյան կոնվենցիային դեմ եւ կողմ մասնագետները քննարկեցին կոնվենցիան:

Ըստ Զառա Հովհաննիսյանի, այդ տասը կնոջ սպանությունը տեղի է ունեցել այն դեպքում, երբ մեր երկիրն արդեն ունի ընդդեմ ընտանեկան բռնության օրենքը, բռնության մասին էլ, կարծես թե, բոլորը գիտեն. «Դա նշանակում է, այն ինչն մենք ընդունեցինք անցյալ տարի, բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք կանխարգելել ընտանեկան բռնությունը եւ բավարար աջակցություն տրամադրել կանանց՝ ընտանեկան բռնությունից պաշտպանվելու համար»:

Ըստ նրա, նույն այդ աղմուկի պատճառով ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծից դուրս մնացին գործընկերային հարաբերությունները եւ այս տարի արձանագրված դեպքերից մեկը հենց այդ պատճառով էր.
«Կինը դիմելով իրավապահ մարմիններին, այդպես էլ պաշտպանություն չստանալով, սպանվեց բռնարարի կողմից: Մինչդեռ այդ զույգը մտերիմ էր, ուներ սեռական կապ, սակայն «ընտանիքում» ձեւակերպումը չէր բավարարում որպեսզի կինը ճանաչվեր ընտանեկան բռնության զոհ»:

Քննարկմանը ներկա փաստաբան Արմինե Ֆանյանը, որը դեմ է կոնվենցիայի որոշ դրույթներին, ասաց՝  որեւէ մեկը չի հերքում, որ այդ խնդիրները մեր երկրում կան: Տիկին Ֆանյանը խնդրեց տրամադրել այն պաշտոնատար անձանց անունները, որոնք չեն արձագանքել սպանված կնոջ հաղորդումներին.«Ես ինքս հաղորդում կներկայացնեմ, որպեսզի բռնության ենթարկված անձը ենթարկվի քրեական պատասխանատվության:  Բացարձակապես պարտադիր չէ, որ ինքը ընտանեկան բռնության կոնցեպտի մեջ լինի: Ցանկացած հանցագործություն, արարք, որն իր մեջ հանցակազմ է պարունակում, քրեորեն հետապնդելի է: Պարտադիր չէ ամրագրված լինի, որ դա ընտանեկան բռնություն է»:

Ըստ փաստաբանի, կոնվենցիան պարունակում է խնդրահարույց հոդվածներ. «Կոնվենցիայի կոնցեպտներից մեկը՝ խտրականության արգելքն է, մենք անընդհատ բռնությունից ենք թիրախավորում, բայց կոնվենցիան նաեւ հռչակում է որոշակի սոցիալական խմբերի նկատմամաբ խտրականության բացառում: Ես չեմ ասում, որ այդ խմբերի  նկատմամբ մենք պետք է խտրականություն դրսեւորենք, խոսքը վերաբերում է նրան, որ օրենքի իմաստով, հատկապես՝ այս կոնտեքստում՝ ընտանիք-կին-հարաբերակցության շրջանակներում, ընտանեկան միավոր-զուգընկեր շրջանակներում, ես գտնում եմ, որ այդ անձանց իրավունքների ամրագրման կոնցեպտ, բացարձակապես, մեր օրենսդրությանն անհրաժեշտ չէ, խտրականության արգելքից պաշտպանված են բոլորը Եվրոպական կոնվենցիայով: Մենք Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետություն ենք»:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ երկիրը 2018 թվականին ստորագրել է կոնվենցիան. «Սա քաղաքական հանձնառություն է՝ այս ինստրումենտը վերցնելու եւ իրագործելու եւ հիմա իրավական գործընթացի մեջ ենք գտնվում եւ ասել, որ ուղղակի մենք ստորագրել ենք, որպեսզի հետո չվավերացնենք, առնվազն արդար չէ միջազգային մեր գործընկերների եւ մեր հասարակության նկատմամբ»:

Չնայած արդարադատության նախարարության մասնագետները որեւէ ռիսկ չեն տեսել ընտանիքի, երրորդ սեռի, ավանդույթների վերաբերյալ, այդուհանդերձ, ինչպես նշեց փոխնախարարը, հանրային քննարկումներին ականջալուր լինելով, դիմել են Վենետիկի հարցերի հանձնաժողով: Ըստ Քրիստինե Գրիգորյանի, ոչ թե նրա համար, որ հանձնաժողովն ասի՝ սա համապատասխանում է սահմանադրությանը թե՝ ոչ, այլ՝ խորհրդատվական կարծիքի համար: Հանձնաժողովին խնդրել են կենտրոնանալ, հատկապես՝ ընտանիքի կոնցեպտի շուրջ կետերին: Նշենք, որ կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիները նշում են, որ կոնվենցիան վտանգի տակ է առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, սպառնում ավանդական ընտանիքի մոդելին:

«Իմ քայլը»  խմբակցության ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքով, մենք առայժմ ապրում ենք մեր օրենքներից ու Սահմանադրությունից մեծ խզման մեջ. «Այսինքն՝ դուք գտնում եք, որ օրենքներն ու Սահմանադրությունը մի բան պետք է ասեր, իսկ իրականությունն ա՞յլ լինի: Մենք պետք է այդ խզումը փակենք, կարողանանք լինել օրենքի երաշխավորներ: Սահմանադրությունն ասում է, որ ընտանիքը առանձնահատուկ պաշտպանության հոգածության առարկա է պետության համար: Ի՞նչ է սա նշանակում, երբ մարդիկ երջանիկ են, ապրում են իրենց ընտանիքներում, պետությունն այդտեղ անելիք չունի, միջամտելու որեւէ պարտականություն չունի: Պետությունն ունի պարտականություն միջամտելու այն դեպքերում, երբ ընտանիքում ինչ-որ մի բան այն չէ: Կանխելու համար հնարավոր հանցագործությունը, որը, եթե ընտանիքի անդամները չեն կարողանում ինքնուրույն գալ այդ եզրահանգման, բռնության կրկնվող դեպքեր են տեղի ունենում, պետությունն ունի պարտավորություն, ըստ Սահմանադրության, միջամտելու եւ օգնելու բոլոր այդ ընտանիքներին, գտնելու լուծումներ, պաշտպանելու նրանց եւ նրանց հարազատներին բռնությունից»:

Ըստ Մարիա Կարապետյանի, մենք ունենալու ենք մի այնպիսի հանրություն, որտեղ կանայք եւ աղջիկները կարողանալու են իրենց սոցիալական եւ տնտեսական ներուժն իրագործել: Միայն այդ պարագայում մենք որպես պետություն կհաջողենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031