Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի հանրահավաքում վճռվեց Սամվել Բաբայանի ճակատագիրը

Օգոստոս 07,2019 21:40

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի համոզմամբ` Արցախի քաղաքական ուժերը պետք է դատապարտեն օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը:

Հիշեցնենք, նախագահ Բակո Սահակյանի ելույթի սկզբում, հանրահավաքի մասնակիցներից մի խումբ փորձում էր խանգարել նրա ելույթը, գոռում էին՝ «Բաբայան, նախագահ»: Այդ գոռոցները` կարճ դադարներով, շարունակվեցին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, մանավանդ ելույթի վերջում: Դատելով վանկարկումներից, այդ մարդիկ Սամվել Բաբայանի համակիրներն էին: Նրանց մի մասը, մեր տեղեկություններով, Հայաստանից էին գնացել: Արցախից Սամվել Բաբայանը կարողացել էր «մոբիլիզացնել» ընդամենը 400-500 մարդ`իր աներորդի Էրիկի գլխավորությամբ:

Նրանց մեջ 20-30 հոգանոց խումբ կար, ովքեր առավել ագրեսիվ էին տրամադրված: Սամվել Բաբայանի համակիրների արարքը շատ բացասական է ընկալվել թե Արցախում, թե ՀՀ-ում:

«Ինձ անհասկանալի է, թե ինչու՞ են նրանք թերանում այդ հարցում: Պետք է գոնե մեկ հարցում, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում եւ ընթացակարգով, ներքաղաքական կոնսենսուս լինի եւ հստակ հայտարարվի, որ Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ լիազորությունների վերջին օրը եւ իշխանությունը փոխանցելու է ժողովրդի կողմից ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններով ընտրված նոր նախագահին»,- միջադեպի առիթով քաղաքական ուժերի պաշտոնական արձագանքի հապաղումների մասով ասում է Վահրամ Աթանեսյանը:

Ուշագրավ է, որ այդ հանրահավաքի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ակնարկով անդրադարձավ այս հարցին. «Չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն է մատուցում ժողովրդին եւ հայրենիքին, եւ հետո այդ ծառայությունը փորձում վաճառել՝ արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով»: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, Սամվել Բաբայանին որեւէ կարգավիճակով չի տեսնում արցախյան քաղաքական գործընթացներում:

Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք`կարելի՞ է փաստել, որ Սամվել Բաբայանը կրկին հայտնվեց քաղաքական լուսանցքում, նկատի ունենալով նաեւ այն, որ նա ամբողջ օրը խոսում էր այն մասին, թե ինչպե՞ս եւ ինչքա՞ն է Արայիկ Հարությունյանը թալանել պետությունից եւ, ըստ էության, նրա համակիրների թիմը ձեւավորվում էր, այսպես ասած, Արայիկ Հարությունյանին դեմ զանգվածից, մինչդեռ, պարզվում է, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպումներ եւ ջերմ զրույցներ են ունեցել, հավանաբար էլի կունենան, ինչի մասին ստեփանակերտյան իր ասուլիսում հայտարարեց Արայիկ Հարությունյանը`չմանրամասնելով զրույցների բովանդակությունը:

Այդ գաղտնի հանդիպումներն Արայիկ Հարությունյանի վարկանիշի վրա՞ ինչ ազդեցություն կունենան, արդյոք Սամվել Բաբայանի հետ հանդիպումների մասին հայտարարությունից հետո Արայիկ Հարությունյանի վարկանիշն էականորեն չի տուժելու: Մեր զրուցակիցը նախ նկատեց, որ Ստեփանակերտի հանրահավաքին ներկա էին Սամվել Բաբայանի համակիրների մի խումբ՝ շուրջ 300 հոգի՝ ամբողջ Արցախից. «Ցավալի է, որ այդ մարդիկ առիթն օգտագործեցին եւ փորձեցին խոչընդոտել Արցախի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ելույթները: Ով ի՞նչ է հասկացել վարչապետ Փաշինյանի ելույթից՝ թող վերլուծի եւ համապատասխան եզրակացություններ անի իր գրասենյակում: Համազգային նշանակության միջոցառումը չէր կարող ծառայել որեւէ մեկի կամ խմբի, քաղաքական ուժի շահերին: Դժվար է ասել՝ բովանդակայի՞ն, թե՞ իրավիճակային են եղել Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հանդիպումները: Բայց դրանում արտառոց ոչինչ չկա: Քաղաքական քննարկումները նախընտրելի են, եթե այլընտրանքը փողոցային դիմակայության հեռանկարն է: Չեմ կարծում, թե այդ հանդիպումների մասին տեղեկատվությունից Արայիկ Հարությունյանը վարկանիշային կորուստներ է ունեցել: Օգոստոսի 5-ի ստեփանակերտյան հանրահավաքի կազմակերպիչը նրա գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր: Մասնակիցների ներշնչող քանակը խոսում է հանրության շրջանում Ազատ հայրենիք կուսակցության եւ նրա առաջնորդի շատ բարձր վարկանիշի մասին»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Սամվել Բաբայանի վարկանիշի վրա ինչպե՞ս կազդի այն, որ նա ողջունեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Ստեփանակերտում, ավելին, ոչ միայն Արցախում իր համակիրներին էր «մոբիլիզացրել»`հանրահավաքին մասնակցելու համար, այլեւ Հայաստանից էին նրա հետ մարդիկ գնացել: Մինչդեռ, դեռ պատմության գիրկը չեն անցել Սամվել Բաբայանի հայտարարություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «ծախում է» Արցախը: «Թե Սամվել Բաբայանի վարկանիշի վրա ինչպե՞ս է ազդելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը ողջունելու նրա հայտարարությունը՝ դատել չեմ կարող: Բայց մի նկատառում կուզենայի հնչեցնել՝ ՊԲ նախկին հրամանատարի վարկանիշի մասին տպավորությունը, որ տարածում են որոշ լրատվամիջոցներ, չափազանց հեռու է իրականությունից»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

Հավաքի ժամանակ մեկ այլ միջադեպ էլ գրանցվեց. Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ մի կին բղավում էր`«Քոչարյան վարչապետ», իսկ հետ վիրավորական արտահայտություններ արեց Նիկոլ Փաշինյանի հասցեին: Բայց կինը, կարծես մենակ մնաց, հանրային աջակցություն չստացան նրա գոռոցները: Սա ի՞նչ է փաստում`մեր հարցին, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լուսանկարների համեմատությամբ պարզել է, որ այդ կինը Երեւանում ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի անցկացվող սակավամարդ ակցիաների մասնակիցներից է: Սա նշանակում է, որ երկրորդ նախագահի արցախյան համակիրների բանակների մասին լուրերը ոչ մի կապ չունեն իրականության հետ»:

Իսկ ստեփանակերտյան հանրահավաքում Արցախի նախագահի եւ ՀՀ վարչապետի ելույթների հիմնական ուղերձների մասին հարցին եւ թե Արցախում, հանրային շրջանակներում ինչպե՞ս են այդ ուղերձներն ընկալվել, ի՞նչ քննարկումներ կան, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Մամուլում տեւական ժամանակ արծարծվում էր Հայաստան-Արցախ ներիշխանական դիմակայության թեման: Ստեփանակերտյան հանրահավաքը, կարծում եմ, ցրեց այդ տպավորությունը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բա որ Ազատ հայրենիքն է կազմակերպել հավաքը, պետծառայողներին ինչ՞ու են քշել հանրահավաքին։ Նույնիսկ առանցքային նախարարությունների աշխատակիցներին են հորդորել ներկա գտնվել հրապարակում և նրանք եկե՛լ են։ Խնդրում եմ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ, որովհետև ստացվում է, որ մեկ կուսակցություն հրապարակ է քշում պետական ծառայողներին, որոնք չեն էլ կասկածում, թե հանրահավաքը կուսակցության կազմակերպածն է։ Այսինքն, Փաշինյանը ելույթ է ունեցել հատուկ մեկ կուսակցության համա՞ր։ Այդ դեպքում ոնց են լրագրողները ասում, որ արցախցիները ջերմորեն ողջունեցին Փաշինյանին, միացում կանչեցին և այլն։ Եթե մեկ կուսակցություն էր հավաքվել, ով և ինչ իրավունքով է բոլոր արցախցիների անունից հայտարարություններ անում, ուրեմն թող խոսեին միայն այդ մեկ կուսակցության անունից և վերջ։

  2. Հարգելի Մարինա, շնորհակալություն արձագանքի համար: Եթե ուշադրություն եք դարձրել, պնդումը, որ հանրահավաքը կազմակերպել է «Ազատ հայերենիքը» նյութի հեղինակինը չէ, այլ զրուցակից քաղաքագետինը: Իսկ որ պետական ապարատի ծառայողներին «հորդորել» են մասնակցել հանրահավաքին`ուշագրավ տեղեկություն էր, ինչի համար շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031