Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան երկու միջազգային փառատոններ «քույրացել» են

Սեպտեմբեր 07,2019 13:00

Բացառիկ, հազվադեպ երեւույթ է, երբ երկու փառատոներ, այն էլ ավանդաբար անցկացվող, համագործակցության եզրեր են գտնում: «Առավոտին» հասած տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) կողմից սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը 13-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կհամագործակցի 20 տարի առաջ հիմնված մեկ այլ երեւանյան փառատոնի՝ «21-ի հեռանկարների» (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) հետ: Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ֆիլհարմոնիկի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: «Սա մեր հերթական համագործակցությունն է, որի արդյունքում հայ հանդիսատեսը կվայելի աշխարհահռչակ երաժիշտների՝ դիրիժոր Փիթըր Ունջյանի (Կանադա), թավջութակահար Գոթիե Կապյուսոնի (Ֆրանսիա) եւ հայաստանցի հանդիսատեսին ծանոթ ջութակահար Փինխաս Ցուկերմանի արվեստը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Նշեց, որ փառատոնային համերգների ընթացքում, որոնք կկայանան բացառապես «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կլինեն սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության երեկոներ: Բացման համերգին նվագախումբը կղեկավարի իտալացի դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոն, որպես մենակատար էլ հանդես կգա դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա), իսկ փակման համերգին Էդուարդ Թոփչյանի մեկնաբանմամբ կհնչի Գերշվին, մենակատարն է Ֆրեդի Քեմփֆը (Մեծ Բրիտանիա):

Զրույցի ընթացքում Ռուզաննա Սիրունյանը հնչեցրեց փառատոնի հայտնի հյուրերի մեկ-երկու անուններ, նրանք են՝ դաշնակահար Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), դարձյալ Մեծ Բրիտանիայում ստեղծագործող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Հայտնեց նաեւ առաջին անգամ Հայաստան ժամանող, իր խոսքերով՝ պահանջարկ վայելող երաժիշտներ՝ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխի (Գերմանիա), դիրիժորներ Անդրեյ Բորեյկոյի (Բելգիա), Պոլ-Էմանուել Թոմայի (Ֆրանսիա), ջութակահար Աննա Տիֆուի անունները: Տնօրենը հատուկ շեշտեց, որ համաշխարհային մեծություններից բացի (Դվորժակ, Շտրաուս, Բեթհովեն, Պագանինի եւ այլն), ծրագրված է ներկայացնել նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ, օրինակ՝ առաջին անգամ կհնչի Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործությունը՝ ըստ ամերիկաբնակ պոետ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի եւ «Ավանդական ռեքվիեմի» տեքստի, իսկ Մանսուրյանի Թավջութակի կոնցերտի կատարմամբ հանդես կգա բելգիաբնակ Սեւակ Ավանեսյանը, դիրիժորն է մաեստրո Բորեյկոն:

Դիտարկմանը՝ ֆիլհարմոնիկը, ինչպես համերգաշրջանների, այնպես էլ փառատոների անցկացման ժամանակ մշտապես գոնե մեկ երեկո կազմակերպում է Հայաստանում որեւէ դեսպանության հետ համատեղ, տիկին Սիրունյանը հիշեցրեց, որ պարբերաբար համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանությունների հետ, կայանալիք փառատոնային մեկ կամերային երաժշտության երեկոն կանցկացվի Չեխիայի դեսպանության հետ համատեղ:

Հետաքրքրությանը՝ ինչու երբեւէ փառատոնային գոնե մեկ համերգ չի անցկացվում որեւէ մարզում, Ռուզաննա Սիրունյանն ընդգծեց, որ ֆիլհարմոնիկը հաճախակի է լինում Գյումրիում, ինչ վերաբերում է մյուս մարզերին, սիրով ելույթ կունենան, բայց ոչ մի մարզում չկա համապատասխան բեմահարթակ:

Ռեպլիկին՝ ցանկացած նվագախմբի հովանավոր ինքն է հոգում նոր գործիքների կարիքը, տնօրենը հավաստիացրեց, որ իրենց դեպքում գործիքների նորացման հարցը լուծում է իրենց հովանավորը՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Հավելեց նաեւ, որ փառատոնը կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու «Կոնվերսբանկի» աջակցությամբ, եւ շուրջ մեկուկես տարի է՝ ֆիլհարմոնիկի կողքին է «Իմ քայլը» հիմնադրամը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հայկական ծրագիրը, այնուամենայնիվ, խիստ քիչ է: Այն պետք է, առնվազն, փառատոնի ծրագրի 50 + տոկոսը կազմեր: Ներառելով հայ դասականներին՝ Սպենդիարյանից սկսած … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30