Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընտրատեղամասերից մեկում թեկնածուները խորովածով, քաղցրավենիքով կերուխում են կազմակերպել

Սեպտեմբեր 09,2019 16:19

«Ականատես» դիտորդական առաքելության անդամների կարծիքով՝ Արցախում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթացել են խաղաղ մթնոլորտում, եղել են սահուն: Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այսօր ասուլիսում հրապարակեց այն խախտումները, որոնք սակայն, նրա ենթադրմամբ, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունենա, քանի որ կրել են դրվագային բնույթ:

Այսպես՝ դիտորդներն արձանագրել են, որ որոշ ընտրատեղամասերում ճաշի ժամանակ բացակայել են հանձնաժողովի անդամները, ինչի պատճառով ամբողջ գործընթացը խաթարվել է եւ տեղամասերում ընդամենը երեք կամ մեկ հանձնաժողովի անդամով են այդ գործընթացը կազմակերպել, ինչն, ըստ Սոնա Այվազյանի, նորմալ չէր կարող լինել եւ խոչընդոտներ է ստեղծել: Նրա խոսքով, մի քանի ընտրատեղամասերում եղել են հոսանքազրկումներ, որի պատճառով խաթարվել է ընտրական գործընթացը. «Տեղի է ունեցել գաղտնիության խախտում, ընտրողները չեն կարողացել տեսնել քվեաթերթիկները մթության մեջ եւ ստիպված են եղել բաց քվեարկել, պատուհանի մոտ եւ այլն: Դա պատճառաբանվել է, որ նախորդ օրվա անձրեւով, որի պատճառով առաջացել է այդ խնդիրը եւ եղել է ֆորսմաժոր, որը ոչ ոքից կախված չի եղել»:

Սոնա Այվազյանը նաեւ ասաց, որ որոշ ընտրատեղամասերում բաց քվեարկության դեպքեր են եղել, որը համատարած բնույթ չի կրել. «Ընտանեկան քվեարկության դեպքեր են եղել որոշ տեղամասերում, որը համատարած երեւույթ է նաեւ Հայաստանում: Ընտրողների կարգի հետ կապված խախտումներ եւս գրանցվել են, բայց բավականին քիչ տեղամասերում: Կողմնակի անձանց ներկայություն եւս արձանագրվել է մոտ 25 տոկոս տեղամասերում, որտեղ մենք ներկա ենք գտնվել»:

Դիտորդները Նորագյուղի դպրոցում, որտեղ տեղակայված է թիվ 29 ընտրատեղամասը, շահերի բախում են արձանագրել: Տիկին Այվազյանի խոսքով, այստեղ հանձնաժողովը գործել է շահերի բախման պայմաններում. «Կար մի ընտանիք, որտեղ թեկնածուն մի եղբայրն է, հանձնաժողովի անդամը՝ երկրորդ եղբայրը, երրորդ եղբայրը՝ ԶԼՄ ներկայացուցիչ, բայց համատեղության կարգով ժամանակ առ ժամանակ փոխարինում էր հանձնաժողովի մյուս անդամներին: Նրանց որդիները կրկին վստահված անձ էին: Սա խաթարել է ընդհանուր հարաբերությունները»:

Մեկ այլ տեղամասում էլ, ըստ Սոնա Այվազյանի, նկատվել է համայնքի ղեկավարի ակտիվ մասնակցություն գործընթացներին՝ որը որոշ չափով փորձել է ներգործել ընտրությունների արդյունքների վրա:

Մեկ այլ տեղամասում էլ վստահված անձը ներխուժել է քվեախցիկ, որպեսզի ստուգի՝ արդյոք անձը այնպես է քվեարկում, ինչպես որ ճիշտ է: Նրա պահանջով ընտրողը բացահայտել է թե ում է քվեարկում: Այդ գործով հաղորդում է ներկայացված ոստիկանություն:

Մարտունու շրջանի մի համայնքում եղել է իրավիճակ, երբ հանձնաժողովի նախագահը ոչ սթափ վիճակում է գտնվել, ինչի պատճառով ամբողջ գործընթացը բարձիթողի իրավիճակում է եղել.

«Տեղամասային կենտրոններում եղել է կերուխում թեկնածուների մասնակցությամբ, բերել են խորոված, քաղցրավենիք: Նաեւ բռնություն է եղել, եւ աչք է փակվել բազմաթիվ խախտումների վրա»,-պատմեց Սոնա Այվազյանը: Նա նաեւ մի դեպք էլ պատմեց՝ «Մի ընտրատեղամասում, որ հանձնաժողովի անդամները պետք է մարեն անվավեր քվեաթերթիկները, մարել են բոլոր քվեաթերթիկները, և դա հնարավոր է եղել կանխել դիտորդի ահազանգի հիման վրա»:

Ամփոփելով դիտարկման արդյունքները տիկին Այվազյանն ասաց, որ մեծ մասամբ խախտումները պայմանավորված են եղել կամ հանձնաժողովների չիմացությամբ կամ, որոշ դեպքերում, օրենսդրության անկատարությամբ. «Այսինքն՝ միտումնավոր բնույթ, ըստ էության, դրանց մեջ չի եղել»:

Նա խնդիրներից առանձնացրեց նաեւ ընտրատեղամասերի կահավորանքի հարցը. «Նման է Հայաստանում եղած խնդիրներին, թեքահարթակների խնդիր կա որոշ չափով, ինչը խոչընդոտում է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժը, թեեւ Արցախի օրենսդրության համաձայն, ի տարբերություն Հայաստանյան օրենսդրության, նրանց համար հնարավորություն ընձեռված է, որոշ մեխանիզմներով մասնակցություն ապահովելու համար»:

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունների եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախաձեռնությանը անդամակցում է նաեւ Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը:  Արցախում նախաձեռնությունը համագործակցում է «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30