Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը նոր պարտք վերցրեց՝ նախկինը մարելու համար. «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2019 13:27

Հայաստանի կառավարությունը, ի վերջո, որոշեց և գնաց եվրոպարտատոմսերի հերթական թողարկման։ Այսինքն՝ նոր պարտք վերցրեց՝ նախկինը մարելու համար։

Թեև ժամանակին նաև այլ տարբերակներ էին քննարկվում, այդ թվում՝ ներքին ռեսուրսների հաշվին պարտքը մարելու վերաբերյալ, այնուհանդերձ ընտրվեց այս մեկը։ Ու դա Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր, շատ կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսության համար։

Այդպե՞ս է, թե՞ ոչ, դեռ կանդրադառնանք, բայց մի բան հստակ է. ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ պարտք վերցնելը և եղած պարտքը փակելը մեծ բան չէ ու ամենևին էլ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար լավագույն լուծումը չէ։ Հատկապես, եթե հիշենք, թե ժամանակին ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես՝ մինչև իշխանափոխությունը, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո խոստանում էր վերադարձնել պետությանը պատճառված միլիարդավոր դոլարների հասնող վնասները, պետական բյուջեն ավելացնել տարեկան առնվազն մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ՝ 1 մլրդ դոլարով։ Եթե իրականանային այդ խոստումները, ապա հիմա նոր թանկ պարտք վերցնելու անհրաժեշտություն չէր լինի։

Բայց կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել այդ գումարը։ Իսկ մարդիկ հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո պետական ամբողջ պարտքն են փակելու։

Եվրոպարտատոմսերի հերթական թողարկմամբ, ըստ էության, մեծ խնդիր չի լուծվել։ Ընդամենը հետաձգվել է պարտքի մարման ժամկետը։ Այն շարունակում է նույն կերպ մնալ և ծանրանալ պետական բյուջեի վրա։

Ճիշտ է, պարտքի բեռը՝ նախորդի համեմատ, որոշ չափով թեթևացել է, բայց այնպես չէ, որ այլևս ծանր չէ։ Դա այն պարտքը չէ, որից կարելի է այդքան ոգևորվել կամ մեծ արդյունք ակնկալել։ Այն սպասարկելու համար պետական բյուջեն բավական լուրջ գումարներ է վճարելու, որովհետև դա թանկ փող է։ Կան շատ ավելի էժան փողեր, որոնցից գուցե պետք է օգտվել։ Բայց կառավարությունը որոշել է գնալ այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ժամանակին գնում էին նախկին իշխանությունները։ Իսկ գուցե կարելի էր մտածել սեփական միջոցների հաշվին՝ այն, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մասնակի մարելու մասին։ Հատկապես որ, դրա համար կարծես բավական լավ պայմաններ էին ստեղծվել։ Վերջին ամիսներին ներքին շուկայում նկատվում են տարադրամային բուռն հոսքեր։ Ինչո՞ւ դրանց մի մասը չստերիլիզացնել և ուղղել թանկ պարտքի մարմանը՝ միաժամանակ թույլ չտալով, որպեսզի ազգային արժույթն այդքան արժևորվի և խնդիրներ ստեղծի արտահանողների համար։

Վարչապետը հպարտանում է, որ Կենտրոնական բանկին հաջողվել է վերջին տարիների ընթացքում աննախադեպ բարձր տարադրամային պահուստներ կուտակել։ Միայն այս տարվա 7-8 ամիսներին ներքին շուկայից գնվել է շուրջ 400 մլն դոլար։

Մի՞թե հնարավոր չէր այդ գումարի մի մասն ուղղել նախկին թողարկման եվրոպարտատոմսերի մարմանը։ Հատկապես որ, արժութային շուկան շարունակում է գտնվել տարադրամային հոսքերի ճնշման տակ, և Կենտրոնական բանկը տարադրամային միջոցներ գնելու ու պահուստները համալրելու հնարավորությունները դեռևս պահպանելու է։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031