Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ լավ է, որ բաց տեքստով Ադրբեջանին հարձակման չեն հրավիրում ու Ռուսաստանին էլ կոչ չեն անում զենքի նոր խմբաքանակներ վաճառել նրանց. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2019 12:36

Ի՞նչն է պատճառը, որ առաջին հայացքից կարծես թե միանշանակ շատ վատ բան է տեղի ունեցել լրատվամիջոցի դեմ ակցիա է կազմակերպվել դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ: Գուցե պատճառն այն է, որ տվյալ դեպքում խոսքն այնքան է «լրատվամիջոցների ազատության սահմանափակման» մասին չէ եւ հասարակությունը շատ լավ հասկանո՞ւմ է դա։

Բանն այն է, որ եթե հայկական որեւէ լրատվամիջոց խստորեն քննադատեր Հայաստանի իշխանություններին, նյութեր հրապարակեր, ասենք, տարբեր կոռումպացված պաշտոնյաների կատարած հանցագործությունների մասին եւ այլն, ու իշխանությունները փորձեին լռեցնել այդ լրատվամիջոցը, հասարակությունը, վստահաբար, մեկ մարդու նման կկանգներ այդ լրատվամիջոցի կողքին։ Բայց մեր դեպքում «հալածյալ լրատվամիջոցը» ոչ թե իշխանություններին է քննադատում, այլ մեծ հաշվով՝ քարոզչական աջակցություն է ապահովում քաղաքական այն ուժերի համար, որոնք փորձում են Հայաստանում իրենց խնդիրները լուծել «դրսից տղա բերելով» եւ չեն խորշում անգամ ադրբեջանական գործոնն օգտագործելուց։

Այդ քարոզչության հիմնական թեզերը սրանք են՝ «Հայաստանը չի կարող ինքնիշխան երկիր լինել եւ ընտրել սեփական իշխանություններին, որովհետեւ եթե այդ իշխանությունները Ռուսաստանի սրտով չլինեն՝ նրանք կհրահրեն, եւ Ադրբեջանը հուժկու հարվածով մեզ կպատժի։ Հետեւաբար՝ հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքը եւ ռուսական հնարավոր աջակցությունն այդ ագրեսիային, մենք պիտի Հայաստանում շուտափույթ իշխանափոխություն իրականացնենք՝ անկախ նրանից, թե հասարակական ինչ մեծ աջակցություն են վայելում իշխանությունները»։ Դեռ լավ է, որ բաց տեքստով Ադրբեջանին հարձակման չեն հրավիրում ու Ռուսաստանին էլ կոչ չեն անում զենքի նոր խմբաքանակներ վաճառել նրանց՝ հույս ունենալով, որ ծանր պատերազմի արդյունքում Հայաստանի նոր իշխանությունները կհեռանան, ու հները կվերադառնան։

Չնայած՝ լավ էլ համարյա բաց տեքստով են ասում։ Նիկոլ Փաշինյանին Էլչիբեյի հետ են համեմատում, իսկ տողատակում հետեւյալն է՝ «Էլչիբեյի օրոք Ադրբեջանում ներքաղաքական խառը վիճակ էր, ու մենք, դրանից օգտվելով, տարածքներ վերցրեցինք։ Հիմա էլ մեզ մոտ է խառը վիճակ…»։

Խոսքի ազատությունն, իհարկե, թույլ է տալիս քողարկված ձեւով նաեւ նման քարոզչություն իրականացնել, բայց այդ դեպքում չարժե հալածյայի կեցվածք ընդունել, եթե ինչ-որ խմբեր էլ պայքարում են դրա դեմ։ Եթե անգամ պայքարում են անընդունելի մեթոդներով։ Իսկ կոնկրետ այդ լրատվամիջոցն ընդամենը Հայաստանի դեմ աշխատող հսկայական մեքենայի աննշան մասնիկն է, ու հնարավոր է՝ մինչեւ վերջ չի էլ գիտակցում, թե ըստ էության ինչով է զբաղված։ Հնարավոր է՝ չեն գիտակցում նաեւ այդ լրատվամիջոցին սատարողներից կամ հայհոյողներից շատերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031