Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ

Նոյեմբեր 14,2019 19:33

Հայաստանը եւ ԱՄՆ-ն այս տարի ռազմավարական երկխոսություն են սկսել, որը որոշակի արդյունքներ է տալիս: Այսօր Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ, խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ տպավորությունը վարչապետը ստացել է վերջերս ԱՄՆ դեսպանատան տարածած այն հայտարարությունից, որով տեղեկացվում էր, որ ԱՄՆ-ը ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ծավալն էականորեն ավելացնում է: «Սա շատ լավ լուր է,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու համար կարեւոր ռեսուրս ունենք՝ մեր Սփյուռքի մեծ հատվածը:

Իր ելույթում մինչ այդ վարչապետը խոսել էր տնտեսական հեղափոխությունից, որի առաջնային քայլերն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, ստվերային տնտեսության դեմ պայքարը: Ասաց, որ այս գործիքների կիրառման արդյունքում է, որ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներով յոթ տոկոս տնտեսական աճ ենք սպասում՝ տնտեսության մեջ ունենալով էական փոփոխություններ, որոնք կառավարության ապագայի տեսլականներում են տեղավորվում: Հետագա տնտեսական աճը եւ ներդրումները խթանելու ուղղությամբ կառավարությունում հասկանում են, որ այլ գործիքներ են պետք եւ ներդրել են:

Օրինակ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ համահարթ եկամտահարկի ներդրումը, որը թեեւ քննադատությունների է արժանանում, բայց վարչապետն ասում է՝ դրանք գաղափարական բնույթ ունեն: Հարկային փոփոխություններն այս կառավարության պատկերացումներն են, որոնք Նիկոլ Փաշինյանը կարճ այսպես է բնութագրում՝ ցանկանում ենք խթանել այն ուղղությունները, որոնք պայմանական անվանում ենք բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ:

Այս համատեքստում բարձր աշխատավարձով ոլորտներում էականորեն նվազեցվում են եկամտահարկերը. հունվարի 1-ից 23 տոկոս եկամտահարկ է ներդրվում եւ այս ուղղությունը կշարունակվի՝ մինչեւ 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի նվազումներ կլինեն նաեւ շահութահարկի մասով, միկրոբիզնեսն է հարկերից ազատվում, ինչը, ըստ վարչապետի, ցույց է տալիս կառավարության՝ տրամադրությունները՝ Հայաստանում IT ոլորտի ներդրումներ ներգրավվելու մասով:

Իսկ միկրոբիզնեսին հարկերից ազատելն էլ կառավարությունում գնահատում են աղքատության հաղթահարման գործիք: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատության հաղթահարման համար հնարավորություն պետք է տալ մարդուն, որպեսզի աշխատի, ինչը եւ անում են: Նաեւ հավելում է, որ իր ղեկավարած կառավարության սոցիալական ոլորտի քաղաքականությունն էլ է դրա մասին խոսում: Նաեւ՝ ԱԱՀ-ի պարտքերի վերադարձի մասին օրենքն է կիրառվում եւ 2017-ին, եթե 54 միլիարդ էր վերադարձվել տնտեսությանը, ապա ընթացիկ տարվա 11 ամսվա կտրվածքով 114 միլիարդ է վերադարձվել:

ՀՀ-ում ներդրումներ ապահովելու ռեպրեսիվ մեթոդներ կառավարությունը չունի, բայց վարչապետը հուսով է՝ կլինեն ընկերություններ, որոնք կգնահատեն կառավարության քայլերը:

Ըստ վարչապետի, ՀՀ-ում ներդրումային միջավայրը իդեալական տեսարան չունի, կան հանրահայտ եւ լատենտ խնդիրներ, որոնց լուծումը կառավարության ուշադրության ներքո է: Արժեթղթերի շուկայի եւ ֆոնդային բորսայի չզարգացված լինելն է խնդիր համարում՝ թե ներդրողների, թե քաղաքացիների համար: Ասում է, նախկինում այդ ոլորտների չզարգանալը կապված է եղել մենաշնորհների հետ, հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են պետական աջակցությամբ հասցնել զարգացման: Խոսքը պետական ձեռնարկություններին արտոնություններ տալու մասին է: Այս պահին չորս նման ձեռնարկություն կա: Վարչապետը փաստում է նաեւ՝ կան ընկերություններ, որոնք օգնում են խթանել դաշտի զարգացմանը: Բանկային համակարգում էլ, թեեւ չենք կարող պարծենալ, թե տոկոսները ցածր են, բայց նվազման միտում նկատվում է:

Օտարերկրյա ներդրումների մասով էլ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրավիճակը վերջերս գնահատել են. եվրոբոնդեր թողարկումը առանձնահատուկ էր, քանի որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց եւ Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ: Մեր թողարկման ծավալը հինգ հարյուր միլիոն դոլար էր, պահանջարկը շուկայում գերազանցում էր երկու միլիարդ դոլարը:

Այս եւ այլ փաստարկումների արդյունքում ՀՀ վարչապետը հայտարարում է՝ ՀՀ-ն ի վիճակի է իրականացնել մեգա նախագծեր, որոնք տնտեսության խթանման համար մեծ դեր կունենան: Մնում է կողմնորոշվել՝ որ նախագծերն են մեզ պետք: Ասում է՝ հիմա ունենք դրանք ֆինանսավորելու պոտենցիալ՝ եվրոբոնդերի թողարկումը: Նաեւ՝ ՀՀ-ն ներքին շուկայից միջոցներ ներգրավվելու հնարավորություններ էլ ունի:

Վարչապետն ասաց՝ ՀՀ-ում առկա է եւ պահպանվում է բարձր տնտեսական տրամադրությունը, որը թույլ է տալիս ասել, որ եկող տարի կմեծացնենք զարգացման տեմպը: Մանավանդ որ միջազգային կազմակերպությունները եվս վերագնահատել են իրենց կանխատեսումները՝ ավելի բարձր աճի տեմպեր կանխատեսելով: Վարչապետը վստահ է՝ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական համագործակցությունը, պատրաստ է: Ինքն էլ ՊՎԾ-ին առաջարկել է ուսումնասիրել եւ հասկանալ, թե ՀՀ կառույցները որտեղ են թերանում միջազգային ներդրումների ներգրավման մասով, որպեսզի համապատասխան փոփոխություններ արվեն:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ գործարարը ՀՀ-ում ամեն օրվա հետ նոր իմիջ եւ համարում է ձեռք բերում եւ կան մարդիկ, ովքեր հավելյալ արժեք են ստեղծում՝ օրենքի առաջ իրենց պարտականությունները պատշաճ կատարելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930