Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սա ազդանշան է, որ խնդիր կա ու այդ խնդրով պետք է շատ շտապ զբաղվել». Կարեն Վրթանեսյանը՝ Լավրովի հետ նկարված ադրբեջանցի «բլոգերի» հետ միջադեպի մասին

Նոյեմբեր 21,2019 21:00

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

Ինչպես ավելի ուշ պարզվեց՝ նա պատահական չէր հայտնվել հայկական եկեղեցում ու բոլորովին էլ սովորական վիդեոբլոգեր չէր:Համացանցում տարածվեցին նրա լուսանկարները Ալիեւի հետ, հանրահավաքների ժամանակ ցույց ցրելիս եւ այլն:

Այս առնչությամբ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, թե ճշտում են՝ տվյալ բլոգեր ներկայացածը հատուկ ծառայությունների աշխատակի՞ց է թե՞ ոչ: Մինչ կառավարությունից կճշտեն, համացանցում արդեն ճշտումներ արել են ու հրապարակել, թե ով էր այդ ադրբեջանցին ու ինչացու էր՝ իրականում Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտնի «տասովշիկ ու սադրիչ» է, նախկինում ՆԳՆ հասարակական կարգի պահպանման բաժնի վարիչ:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդ խնդրին, թե ինչպես է ադրբեջանցին հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հանգիստ հայտնվել ներսում ու կարողացել մոտենալ վարչապետին, գրել էր, որ փաստորեն, մինչ վարչապետը զբաղված էր «պադվալներից կբռնեմ-կբերեմ» գոռալով, իրականում Ալիեւի «բանբերն» էր եկել-մտել «Նիկոլի պադվալ» ու Բաքվից «մեսիջ» բերել. «Մինչ Նիկոլը Արցախի ճանապարհներին մարդ է տեսնում ու լարվում, իր իսկ խոստովանությամբ սկսում մտածել, թե «էս ո՞վ ա, ի՞նչ կա մտքին», Միլանում իրեն Ալիևից «պրիվետ» են փոխանցում՝ ապշած թիկնապահների քթի տակ… Ադրբեջանցու ուժայինի ինքնությունը պարզել էին ադրբեջանցի ընդդիմադիրները դեռ ցույցերը ցրելու ժամանակ, իսկ հասկացել էր, որ «վիդեոբլոգերն» ու ցուցարարներ ցրողը նույն մարդն է, Արցախից Ալեն Ղուլյանը։ Իմ խնդրանքով սա վերստուգեց ու վերահաստատեց Հայկ Խաչիկյանը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Վրթանեսյանը հարցին՝ դուք ինչպե՞ս եք գնահատում, սա ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից ձախողո՞ւմ է՝ պատասխանեց. «Բնական է, իշխանությունները պետք է սա մասնագիտորեն իրենց գործիքակազմով ճշտեն, դա բարդ ստուգվող ինֆորմացիա չի: Նույն այդ այսպես ասած «բլոգերը» նաեւ պահի տակ հաջողացրել է Լավրովի հետ հանդիպել ինչ-որ միջոցառման ժամանակ, լուսանկարվել, միանշանակ է, որ պատահական մարդ չի: Պատահական մարդիկ ցույցեր չեն ցրում, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողքին չեն հայտնվում: Հիմա շատ-շատ վախենալու բան գուցե դեռ չկա, այս միջադեպից հետեւանքներ չկան, բայց սա կարելի է դիտարկել որպես ուղերձ: Այդ ուղերձն այն է, որ անվտանգությունն ապահովելու խնդիր չկա: Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությամբ մտահոգված չի: Նա մտահոգված է, բայց մյուս կողմից ինքը կենտրոնացած է հների վրա, այդ ուրվականն իրեն անընդհատ հետապնդում է: Մենք փաստացի տեսնում ենք, որ իր անվտանգության համակարգը այնպես չի աշխատում, ոնց որ պետք է աշխատեր»:

Տեղեկություններ կան, որ եկեղեցի մտնելիս անվտանգության աշխատողները ստուգել են հանդիպման մասնակիցների հեռախոսները, բայց հանդիպումը բաց է եղել: Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա նորմալ պրակտիկա է, շատ տեղերում կարող է ընդհանրապես արգելեին որեւէ տեսաձայնագրող սարք մտցնել. «Ի վերջո, կարող էր դա լինել միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ»:

Սոցցանցերի մեկնաբանություններում քննադատում են ՀՀ անվտանգության ծառայությանը՝ ասելով, որ նույն հաջողությամբ կարող է Ռամիլ Սաֆարովն էլ ներս մտներ, դեմքով չճանաչեին: Հարցին՝ այդ աստիճան ոչ պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմ կա՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց եթե մի կողմ դնենք այն կատակները, որոնք երեկ արվեցին, նաեւ խոսակցությունները երբեմն ջղայնացած, ցանկացած դեպքում ակնհայտորեն ինչ-որ խնդիր այստեղ երեւում է, սա ազդանշան է, որ խնդիր կա ու այդ խնդրով պետք է շատ շտապ զբաղվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930