Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց ավագանու ընդդիմադիր անդամներին և նրանց մեղադրեց հասարակությանն ահաբեկելու մեջ։
«Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է ունենանք իրավիճակ, որ հարմար լինի, որ լինի հնարավորություն թեկուզ մարզերից Երևան տեղափոխվելիս ավտոմեքենաները կանգնեցնել և օգտվել հանրային տրանսպորտից, իսկ դուք դա հանրային դաշտում ներկայացնում եք, թե՝ ժողովուրդ ջան, սահմանափակելու են, արգելելու են։ Հազար ներողություն, ձեր արածը կարող է քրեաիրավական իմաստով ոչ, բայց տրամաբանության տեսանկյունից շատ նմանվում է ահաբեկչությանը։ Դուք ահաբեկում եք մարդկանց, որովհետև մարդը մարզում նստած, իր համար ընթրիք է վայելում, ժամանց է ունենում, մի հատ սուտ է դաշտ նետվում, և դա վերագրվում է փոխքաղաքապետին, քաղաքապետին, մարդիկ ասում են՝ վայ, բա ես վաղը ո՞նց պետք է գնամ Երևան։ Այն պայմաներում, որ դա ուղղակի սուտ է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ նիստերից մեկում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր սահմանափակել մարզային տրանսպորտային միջոցների մուտքը Երեւան. «Երեւան քաղաքում ուղեւորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով։ Եվ բարձրացված հարցը շատ կոնկրետ ու հստակ է։ Լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղեւորափոխադրումների կարգը հետեւյալն է՝ նրանք կարող են փոխադրումներ իրականացնել ավտոկայաններում»։ Իսկ Սուրեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խոսքը միայն մարզային հասարակական տրանսպորտի մասին չէ, մարզերի բնակիչներն իրենց սեփական ավտոմեքենաներով էլ չպետք է մտնեն Երեւան։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































