Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն մնացել է НКВД-ի հոգեբանության մեջ. Նինա Կարապետյանց. «Ժամանակ»

Դեկտեմբեր 12,2019 11:15 Share

Իրավապաշտպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները խայտառակություն են որակում Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ անդրադարձ էր կատարվել իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան մի գրառման։ «ԱԱԾ-ն մնացել է իր ոճի մեջ, որը եղել է մինչ հեղափոխությունը և առհասարակ՝ Սովետական միությունից սկսած։ ԱԱԾ-ն մնացել է НКВД-ի հոգեբանության մեջ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Արթուր Սաքունցը, հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ԱԱԾ-ի վերաբերյալ՝ նշելով, որ այդ կառույցում դեռևս հին բարքեր են տիրում, կոռուպցիա, հովանավորչություն:

Գրառման մեկնաբանություններում Սաքունցը նաև կոնկրետ օրինակով գրել էր, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ պաշտոնատար անձը 550 հազար դոլարով գազալցակայան է գնել։

Այս գրառումը փաստացի զայրացրել է ԱԱԾ-ին, որը բավական երկարաշունչ հայտարարություն է տարածել:
ԱԱԾ-ն կոչ է արել «իր գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ԱԱԾ այս հայտարարությունը վառ ապացույց էր, որ ԱԱԾ-ն տարիներ շարունակ հետևել է, գաղտնալսել է իրավապաշտպաններին, բացի դրանից՝ հայտարարությունը հնչել է որպես ուղիղ սպառնալիք հենց իրավապաշտպանների նկատմամբ. «Եվ սա այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներով թալանվել է, ՀՀ-ում կատարվել են հանցագործություններ անգամ ահաբեկչության տեսքով, եղել է հոկտեմբերի 27, որը ԱԱԾ-ն չի կանխել և չի բացահայտել։ ԱԱԾ-ն է կրում այն բոլոր բացասական երևույթների և հանցագործությունների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում։ Հետևաբար իրավապաշտպանների հասցեին սպառնալիք հնչեցնելու և մատ թափ տալու իրավունք իրենք չունեն։ Բայց դա անում են, քանի որ հատկապես հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի նկատմամբ չափից ավելի մեծ վերաբերմունք եղավ իշխանությունների կողմից։ Կարծում եմ, որ իշխանությունները լուրջ մտածելու խնդիր ունեն»,- ասաց Կարապետյանցը:

Նա հավելեց, որ իշխանության առաջնահերթությունը պետք է լինի այս կառույցում լրջագույն բարեփոխումներ անելը, քանի որ արդեն լուրջ հիմքեր կան կարծելու, պնդելու, որ այս ԱԱԾ-ն այս կազմով իրականում չի ծառայում ՀՀ շահերին: «ԱԱԾ-ն հիմա թշնամի է փնտրում այնտեղ, որտեղ թշնամիներ չկան։ Իրենք մինչև այսօր իրավապաշտպաններին համարում են իրենց անձնական թշնամիները, քանի որ նրանք միակն են, որ բացահայտում են նաև իրենց թերացումները և որոշ իրադարձություններին նրանց մասնակցությունը։ Հետևաբար նոր իշխանությունները լրջագույնս պետք է քայլեր ձեռնարկեն իրապես անկախ Հայաստանի անկախ Ազգային անվտանգության ծառայություն ունենալու համար։ Քանի դեռ դա չունենք, որևէ լուրջ հանցագործություն չի բացահայտվելու, և մենք մեզ չենք կարող անվտանգ զգալ»,- ասաց Կարապետյանցը՝ ավելացնելով, որ ԱԱԾ-ի մասին խոսելիս «բարեփոխում» բառը մեղմ է ասված. ԱԱԾ-ում լյուստրացիա է պետք։

«Մենք պետք է հասկանանք՝ ովքե՞ր են ԱԱԾ-ում ծառայել, ծառայում, ո՞ւմ են նրանք իրապես ծառայում՝ ՀՀ-ի՞ն, թե՞ այլ ուժերի և այլ տերերի։ Քանի դեռ այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել, շատ լուրջ հանցագործներ շարունակելու են հովանավորված լքել ՀՀ-ի տարածքը, մենք չենք կարողանալու Հայաստան վերադարձնել թալանված և երկրից հանված փողերը, որևէ հանցագործ Հայաստանում չի պատժվելու, և դա լինելու է կոնկրետ ՀՀ ԱԱԾ-ի մեղքով։ ԱԱԾ-ն ներկայումս իրական սաբոտաժ է անում, և դրա պատճառը նախկին պաշտոնյաներին նույն պաշտոնում թողնելն է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031