Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչներն ակնարկել են «հայաստանյան քաղաքական հետապնդումների» մասին եւ ստացել հայկական պատվիրակության անդամների պատասխանը: «Փորձեցին ասել, թե իբր ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ կան, բայց, բնականաբար, դա լուրջ չէր ընկալվում: Բոլորը գիտեն, թե ՀՀ-ում ինչպիսի քաղաքական գործընթացներ են, եւ թե Ադրբեջանում ինչպիսի քաղաքական վարչակարգեր կան»,-լրագրողների հետ զրույցում այսօր նշեց հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/1237908109733194/
Թե մասնավորապես ինչ շահարկումներ է արել Ադրբեջանի պատվիրակությունը, Զոլյանը նշեց. «Իրենց կողմից ասվածը պարզապես ռեպլիկ էր, թե «եկեք չխոսենք քաղաքական հետապնդումների մասին, որովհետեւ ՀՀ–ում դրանք շատ են»: Դա արձագանք էր մեր ելույթներին, որոնցում կոշտ քննադատել էինք Ադրբեջանին՝ այդ թվում մարդու իրավունքների տեսանկյունից: Հիշեցրել էինք նաեւ Ալիեւի այն հայտարարությունը, որ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում, որ Եվրոպայում կանանց տղամարդկանցից չեն տարբերում»:
«Եվրանեսթում» հայկական պատվիրակներից «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ նկատեց, որ ադրբեջանական կողմի ռեպլիկները փաստարկներից զուրկ են եղել. «Փաստարկված չէ նախադասությունը, թե «չխոսենք ՀՀ-ում մարդու իրավունքներից, այլապես օրերը չեն բավականացնի»…»:
Կարդացեք նաև
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ երբ հիշատակել են Ալիեւի խոսքերը, ներկաներն անգամ զարմացել են ու հարցրել. «Ալիեւը նման բան է ասե՞լ», եւ որպես ապացույց` Գայանե Աբրահամյանը գործընկերներին Ալիեւի խոսքերը փաստող հղումներն է ուղարկել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































