«Կարծում եմ՝ պարոն Իգիթյանի հայտարարությունը համատեքստից հանված է ներկայացվել, նրա փոխարեն չեմ կարող մեկնաբանել: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» վերաբերյալ օրերս արած մեկնաբանությանը, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Հիշեցնենք՝ Իգիթյանն ասել էր, թե վարչապետը դեմ չէ, որպեսզի Ալիեւի հետ բանակցություններին գան նշյալ համայնքի ներկայացուցիչները: Իգիթյանի ասածի շուրջ քննադատությունն արտահայտվում է այն մտայնությամբ, որ այս կերպ Արցախը, որի մասնակցությունը պնդում է հայկական կողմը, հավասարեցվում է համայնքի մակարդակին՝ կորցնելով ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2572972756263836/
Միքայել Զոլյանը նշեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ համայնքի՝ որպես բանակցային կողմ մասնակցելու փաստարկն անհիմն է, որովհետեւ այդ այսպես կոչված համայնքի ներկայացուցիչները համարվում են ադրբեջանցիներ, եւ ինչպես մյուս քաղաքացիները, նրանք եւս մասնակցել են ընտրությունների եւ ընտրել Ալիեւին, որն էլ նրանց ներկայացնում է բանակցություններում: «Համայնքի»՝ բանակցություններում առանձին ներկայացվածությունը որեւէ հիմնավորում չունի: Սա մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մի շարք դիտարկումներ էր արել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































