Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը` պաշտոնը «վայելելու», Շեքսպիրի եւ օվկիանոսը «կտրելու» մասին

Դեկտեմբեր 12,2019 23:00

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո զրույցում մանկության մասին խոսելիս ասաց, որ շատ անհամբեր երեխա է եղել. «Երբ ինչ-որ բան խոստանում էին, պարտադիր պետք է արագ լիներ: Եթե, օրինակ, ասում էին, որ 2 օրից պետք է գնանք մեր գյուղի բարեկամների տուն, կարող է անգամ այդ երկու օրը չքնեի…Կամ՝ եթե ձմեռ էր ու ձյուն պետք է գար, գիշերները անընդհատ պատուհանից նայում էի, թե երբ է վերջապես ձյունը գալու…Այն ժամանակ անհամբեր էի, իսկ հիմա երեխաներս չեն թողնում, որ անհամբեր լինեմ, հիմա պետք է հետեւողական լինել»:

Հիշում է հոր խորհուրդները. «Կային բաներ, որոնք հայրս անընդհատ էր ասում, կային բաներ էլ, որոնք ժամանակի հետ էին առաջանում: Օրինակ, 90-ականներին հայրս միշտ պնդում էր անգլերեն եւ համակարգիչ սովորել…Դա կարեւոր խորհուրդ էր: Նա նաեւ ասում էր, որ պարտադիր չէ` մարդիկ լինեն հարուստ, կարեւորը երջանիկ լինելն է, եւ եթե կարողանաս ընտանիքիդ առօրյա կարիքները բավարարել, երջանիկ կլինես, իսկ այն տարիներին կարեւոր էր կենցաղային կարիքները հոգալու տրամաբանությունը»:

Տիկնոջ եւ զավակների հետ:

Հակոբ Արշակյանի ընտանիքը:

Հակոբ Արշակյանն ասում է, որ գործի բերումով, երեխաներին ուշ-ուշ է տեսնում, բայց աշխատում է այնպես անել, որ մեկուսացած չմեծանան. «Երեխաներիս այնպես եմ դաստիարակում, որ իրենք հնարավորինս լինեն ինտեգրված հասարակությանը, որ իրենց շատ ներսում չպահեմ, օտարություն չառաջանա հասարակության հետ…Ոսկե միջինը` ընտանիքի ամրությունը եւ հասարակության ուժեղությունը միշտ պետք է ապահովենք»:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, Carnegie Mellon University պրոֆեսոր, «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Պարզեցինք, որ նախարարը, չնայած բազմազբաղությանը` զուգահեռ մի քանի գիրք է կարդում: «Սեղանիս վրա հենց հիմա էլ մի քանի գիրք կա` թե գեղարվեստական գրքեր, թե բիզնեսի, ու թե կառավարման…Այս պահին մի հետաքրքիր գիրք կա ձեռքիս տակ` Homo Deus է կոչվում (նկատի ունի Յուվալ Նոյ Հարարիի հեղինակությամբ «Սափիենս. Մարդկության կրճատ պատմությունը»-Գ.Հ), ապագայի մասին է: Ճիշտն ասած, որ կարդում եմ, մի քիչ վախով եմ լցվում, որովհետեւ միշտ չէ, որ ուզում ես այդքան զարգանան տեխնոլոգիական բաները…Մյուս կողմից, հիշում ենք, թե ինչպես մի քանի հարյուր տարի առաջ կանխատեսում էին, որ կարող է թռչող ուղղաթիռներ լինեն, ու մարդիկ ահով ու սարսափով էին լցվում: Կային ժամանակներ, որ մարդկանց այրում էին կամ կախաղան էին հանում առաջադիմական մտքերի համար…Համենայնդեպս, պետք է իմանանք, ինչ է լինելու եւ թե հասարակությանը, թե ինքներս մեզ նախապատրաստենք առաջիկա զարգացումներին»,-ասում է մեր զրուցակիցը:

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ:

Հակոբ Արշակյանի հետ երաժշտությունից էլ խոսեցինք: Ասաց, որ սիրած կոմպոզիտորն Արամ Խաչատրյանն է: Տեղեկացանք, որ նվերներ սիրում է ստանալ, բայց ավելի շատ սիրում է, երբ նվիրում է: Քանի որ առաջիկայում Ամանորյա տոներն են մոտենում, հետաքրքրվեցինք, թե ինչ են խնդրել երեխաները` Հակոբ Արշակյանից: Նախարարը ժպիտով ասաց, որ շատ դժվար բաներ են խնդրել: Իրենց ընտանիքն անցյալ տարի է տեղափոխվել նոր բնակարան, ու ինքը միշտ երազել է պարտեզով տուն ունենալ, սակայն երազանքն առայժմ չի իրականացել: «Մեծ աղջիկս է հիմնական պնդողը, սակայն երկուսն էլ իրար հետ համոզում են, որ ընտանի կենդանի պահենք` շուն, վերջերս էլ նապաստակի մասին են խոսում, արդեն Ձմեռ պապին նամակ են գրել, բայց դեռ չգիտեմ՝ շուն են խնդրե՞լ, թե՞ նապաստակ: Ամեն դեպքում, երկուսն էլ դժվար կլինի մեզ համար, որովհետեւ նախ պարտեզ չունենք, հետո ես էլ, կինս էլ աշխատում ենք ու կենդանիներին չենք կարող խնամել»,-նշեց նախարարը:
Ընկերության մասին խոսելիս ասաց, որ իր կարծիքով դժվար ընկեր է. «Երկու բան կա, որոնք ինձ համար առաջնահերթ են եւ միգուցե խանգարում են շատ ընկերներ ունենալուն, մեկը հայրենիքի զարգացման տեսլականն է, որի համար ոչինչ չեմ խնայի ու չեմ ստորադասի դա, մյուսը սկզբունքներն են, որոնց մեջ առաջնահերթը պարզությունը, շիտակությունը եւ անկեղծությունն են, բացի դրանից, չեմ կարող ընդունել որեւէ բանի սուտ կամ սխալ ներկայացումը …»:

Հարցին` իր ձեւակերպմամբ, ի՞նչ է պաշտոնը մարդու համար, նախարարը պատասխանեց. «Մեծ հնարավորություն է..Ցավոք, պաշտոն բառը գցել են գետնին, ցեխոտել են ու չեն սիրում…Ես էլ չեմ սիրում այդ բառը…Ընդ որում, երբ նոր էի նշանակվել, մարդիկ կային, ասում էին` պաշտոնդ շնորհավոր… Մեկ-մեկ էլ ասում էին` բարով վայելես: Նման դեպքերում ուզում ես հարցնել` ի՞նչը վայելեմ…Մի քիչ բացասականացվել է այդ բառը…Ես ուզում եմ մի բան հստակ ասել, եթե դու բարձրաստիճան պաշտոնյա ես, ունես շատ մեծ հնարավորություններ առաջին հերթին քո գիտելիքը, կապերը ինքնադրսեւորվելու հնարավորությունները ծառայեցնելու քո պետությանը, ընտանիքիդ, ընկերներիդ, բոլորին եւ դրանով նոր կյանք ստանալ, ապրել, նոր էներգիա ստանալ: Պաշտոնը եւ շատ էներգիա տանող բան է, եւ շատ էներգիա տվող: Կարծում եմ` պաշտոնը հայրենիքին ծառայելու հնարավորություն է, եւ յուրաքանչյուր պաշտոնյա այդպես պետք է մտածի ու ջանք չխնայի ծառայելու հայրենիքին»:

Հակոբ Արշակյանն ասում է, որ կարող է հիասթափվել, օրինակ՝ անարդարությունից, երբ մի որեւէ իրավիճակում դեպքերը եւ իրադարձությունները զարգանում են այնպես, որտեղ ճշմարտությունը կորչում է. «Օրինակ, եթե Շեքսպիր կարդալու լինեք, տեսնում եք, թե ինչպես է իրական պատկերը աղավաղվում եւ թվացյալ ճշմարտությամբ մատուցվում, ինչի արդյունքում անմեղ զոհեր են լինում»: Միեւնույն ժամանակ նշում է, որ ինքը կարող է թեւաթափ լինել ինչ-ինչ պահերի, բայց երբեք չհանձնվել. «Ես հանձնվող մարդկանցից չեմ…Ի վերջո, առաջ տանող ուժը առաջնահերթությունների գիտակցումն է եւ պատասխանատվությունը»:

Ասում է` ոգեւորվում է այն մարդկանցից, ում համար հնարավորությունը վախենալու չէ. «Ոգեւորվում եմ, որ եթե հնարավորություն ունեմ մարդուն ցույց տալու օվկիանոսը, եւ նա լողալ չիմանալով՝ կտրում է այդ օվկիանոսը: Հասկանում եմ՝ այն ջանքերը, որ գործադրում ենք, ի վերջո արդարացված են»: Հակոբ Արշակյանը շատ է սիրում, երբ կարողանում է ընտանիքի հետ զբոսնել քաղաքում. «Սիրում եմ, որ մարդկանց մեջ քայլում եմ, ու հանդիպում եմ մեր ժպտացող համաքաղաքացիներին, ծանոթ դեմքեր եմ տեսնում»:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, նախարարը պատասխանում է. «Ես չեմ կարող ասել, հաջողակ եմ, թե ոչ, կարող եմ միայն ասել, որ իմ այս կամ այն աշխատանքը, որ արել եմ` հաջողվել է, թե ոչ: Ես համարում եմ, որ շատ մեծ գործեր եմ նախաձեռնել, եւ դրանք հաջողությամբ են պսակվել, ու որոնք կարող է ներկայացնել ցանկացած շրջանակում` առանց քաշվելու»:

Հակոբ Արշակյանը համոզված է նաեւ, որ հաջողության պատմություններ ներկայացնելու «բաց» կա ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում ընդհանրապես. «Երբ չենք տեսնում հաջողության պատմությունների ներկապնակը, դրանց տեղը ուրիշ պատմություններ են հայտնվում, ներկապնակն աղավաղվում է»: Չի թաքցնում` հաջողության հասնելու ճանապարհին իր ընտանիքը եւ թիմը մեծ դերակատարություն են ունեցել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Հակոբ Արշակյանի անձնական արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031