Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյանը կամազների մասին. «Եթե դա արվել է քաղաքի շահերի համար, ապա այդ պաշտոնատար անձին մենք իրավունք չունենք մեղադրել կոռուպցիայի մեջ»

Հունվար 23,2020 12:14

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն արժեքն 2019 թվականին աճել է 7 միավորով` հավասարվելով 42-ի: Անցած տարի այս ցուցանիշը 35 է եղել:

Հարեւան երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրն է Վրաստանում, այն կազմում է 56, Ադրբեջանում՝ 30, Թուրքիայում՝ 39, Իրանում՝ 26:

Նշենք, որ ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկրները և տարածքներն ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչեւ 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը կաշխատի, եթե կա քաղաքական կամք: ՀՀ նոր ռազմավարությունն, ինչպես ասաց Հոկտանյանը, ավելի լավն է, քան նախորդը:

Հոկտանյանն ասաց, որ ՀՀ-ն պետք է այնպիսի քայլեր կատարի, որպեսզի այս համաթիվը 50-ից բարձր լինի, եթե այս ցուցանիշին հասնենք, կարող ենք ասել, որ կոռուպցիան այլեւս համակարգային բնույթ չունի:

«Մենք շատ ավելի լավացրել ենք իրավիճակը, բայց վտանգը կա, պետք է շատ ավելի լուրջ տնտեսական, քաղաքական բարեփոխումներ իրականացնենք»:

Հաշվի առնելով նշված ցուցանիշները՝ արդյոք Հայաստանում կա՞ համակարգային կոռուպցիա հարցին Հոկտանյանը պատասխանեց, որ չկա հետազոտություն, որը կասի այ եթե կոռուպցիայի ընկալման համաթիվն այսքան է, ուրեմն գոյություն ունի համակարգային կոռուպցիա: «Կա ռիսկի խնդիր՝ որքան ցածր է համաթիվը, այնքան մեծ է հավանականությունը, որ կա համակարգային կոռուպցիա, այդ տեսակետից Հայաստանում ռիսկերը նվազել են: Հիմքեր չկա ասելու, որ կա համակարգային կոռուպցիա, բայց նաեւ հիմքեր չկան ասելու, որ այդ երեւույթը հաղթահարվածն է հեղափոխության հետ միաժամանակ»,- ասաց Հոկտանյանը:

Այն հարցին էլ՝ արդյոք Երեւանի քաղաքապետարանին կամազների նվիրատվությունը կոռուպցիա է, Հոկտանյանը պատասխանեց՝ կոռուպցիա չէ, բայց կան կոռուպցիոն լրջագույն ռիսկեր, քաղաքական կոռուպցիայի ռիսկեր. «Որեւէ մեկի առանձնատանը կամ գրպանում չհայտնվեցին այդ կամազները, դա արվել էր քաղաքի համար: Եթե դա արվել է քաղաքի շահերի համար, ապա այդ պաշտոնատար անձին մենք իրավունք չունենք մեղադրել կոռուպցիայի մեջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031