Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնում շրջանառվող անունների ու սերունդ փչացնողների մասին․ բացահայտումներ՝ Շիրակի մայր բուհում

Հունվար 24,2020 23:50

«Ռեստարտ Գյումրի» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության անդամները Շիրակի պետական համալսարանում վեց ամիսների ընթացքում իրականացրել են հանրային մոնիթորինգ՝ իրենց խոսքերով ասած՝ արձանագրելով մի շարք խախտումներ, չարաշահումներ ու ապօրինություններ։

Մոնիթորինգի արդյունքները ներկայացնող «Ռեստարտ Գյումրիի» անդամներ Գևորգ Ղուկասյանը և Մարգարիտա Գրիգորյանը պնդում են, որ հեղափոխությունը Հայաստանի կրթական հաստատություններ մուտք չի գործել։ Գևորգ Ղուկասյանը նշում է, որ բուհում տևական ժամանակ է՝ ճգնաժամ է, տիրում է զրո կրթական մենեջմենթ, կրթական ցածր որակ, կան մասնագիտական իրազեկվածությամբ իրենց հաստիքին չհամապատասխանող դասախոսներ ու վարչական աշխատողներ, իսկ կոռուպցիան դեռ վերացված չէ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չկան հստակ չափորոշիչներ, պահանջներ այս բուհում աշխատանքի ընդունվելու համար։

Աղաղակող բացահայտումներից մեկը ուսանողական խորհրդի «խարդախ» գործունեությունն է․ բանախոսների ասելով՝ ուսանողական խորհրդի նախագահը ընտրվել է օն-լայն քվեարկությամբ՝ կասկածելի պայմաններում։

«ՇՊՀ ուսանողական խորհրդի մասին խոսելիս՝ պիտի արձանագրենք, որ Շիրակի պետական համալսարանում չկա ուսանողական խորհուրդ։ Այսինքն` այն խումբը, որն իրեն անվանում է ուսանողական խորհուրդ, ուսանողական խորհուրդ համարվել չի կարող, ապօրինի է, որովհետև այդ խումբը գործում է առանց իրավական ու կանոնադրական հիմքերի՝ իրականացնելով սխալ, ոչ ուսանողակենտրոն ու նաև խարդախ հակաիրավական գործունեություն, որի մասին մենք բազմաթիվ հրապարակումներ ենք արել», -ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ այս մասին նամակ են հղել երկրի վարչապետին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին։

«Վերջերս տեղի ունեցան Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրություններ, այսինքն՝ 24 հոգանոց հոգաբարձուների խորհրդից վեց հոգին ուսանողներ են և նրանց ընտրում է ուսանողական խորհուրդը, որը լեգիտիմ չէ, ապօրինի է, չի գործում կանոնադրական հիմքով, բայց իրականացնում է ընտրություններ՝ ուսանողական կազմից հոգաբարձուների խորհուրդ ուղարկելով ուսանողական ներկայացուցիչների։ Քանի որ այդ ընտրությունները ևս տեղի են ունեցել խախտումներով, մարդկային բանականությանը հակասող գործողություններով ու խարդախությանը ուղղված քայլերով, մենք նամակ ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որովհետև «Կրթության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության վարչապետն է հաստատողը բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմը։

Վարչապետից վերահասցեագրվել է ԿԳՍՄ նախարարություն, որոշում է կայացրել , որ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդում ուսանողական ներկայացուցիչների ընտրությունը չի ուղարկվելու վարչապետի հաստատմանը, որովհետև տեղի է ունեցել ապօրինություն»։

Բանախոսը նշեց, որ իրենց ուղարկած նամակի հիման վրա կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը ոչ միայն չի հաստատել ՇՊՀ հոգաբարձուների կազմում ուսանողների ընտրությունը, այլև ուսումնասիրելով «Ռեստարտ Գյումրիի» ուսումնասիրած բոլոր դրույթները՝ առաջարկություն է ուղարկել Շիրակի պետական համալսարանին և այնտեղ ապօրինի գործունեություն ծավալող ուսանողական խորհրդին, որպեսզի այն լուծարվի ու անցկացվեն ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Այս առաջարկությունը, սակայն, գաղտնի է պահվել անգամ ուսանողական խորհրդի անդամներից, ուսանողներից, բուհից։

Բանախոսը պնդում է, որ ուսանողական խորհուրդը լինելով ապօրինի, չի ծառայում ուսանողական խորհրդի շահերին, այն հսկվում է վարչական աշխատողի կողմից։ Խոսքը Արթուր Չարչօղլյանի մասին է, որը զբաղեցնում է ուսանողների աջակցության բուհ-գործատու համագործակցության բաժնում առաջին կարգի մասնագետի հաստիք։

«Խնդրահարույց է նրա մնալը բուհում, գործունեությունը ու այն բոլոր քայլերը, որոնք չեն նպաստում առողջ սոցիալական միջավայրի ձևավորմանը», -ասաց Գևորգ Ղուկասյանը՝ նշելով, որ վերջինս աշխատանքի է անցել 2018 թվականին՝ Սահակ Մինասյանի օրոք, անհայտ պայմաններով՝ հանդիսանալով նույն բուհի ուսանող։

«Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը մշտապես եղել է որպես գործիք տարբեր քաղաքական ուժերի սպասարկման համար։ Ապահովել է հանրահավաքներում մարդաքանակ, ընտրությունների քվեն, անհրաժեշտ իշխանական որոշումները և առկա ռեսուրսների ոչ նպատակային և միանձնյա ծախսումը», -ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ իրենք առաջարկություն են ուղարկել ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին, որ ուսանողական խորհուրդ կոչվող ապօրինի խմբին չթույլատրի օգտագործել բուհի տարածքը, գույքը, սակայն վերջինս ասել է, որ իրավունք չունի նման որոշում կայացնելու։

«Ռեստարտ Գյումրի» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարգարիտա Գրիգորյանն էլ ներկայացրեց 100 ուսանողների շրջանակում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներն՝ ուղղված կարիքների գնահատմանն ու բացահայտմանը։ Հարցումներն անցկացվել են անանուն։ Ուսանողները նշել են, որ կրթական գործընթացում իրենց անհանգստացնում է լսարանային ժամի անարդյունավետ օգտագործումը, թեմայի մատուցման հին մեթոդները, նյութի թերի մատուցումը, դասախոսների՝ տվյալ առարկայի տիրապետման ցածր մակարդակը և այլն։

Բանախոսները նշեցին, որ այս բուհում անհրաժեշտ են զտումներ, պիտի ձերբազատվել նրանցից, որոնք հակակրթական գործունեություն են իրականացրել, հայտնի են քրեական գործերով ու տարիներ շարունակ սերունդ են փչացրել։

Նրանք նաև շեշտեցին, որ լուծարվելու ու վերակազմավորվելու դեպքում ռեկտորի պաշտոնում չեն տեսնում այն անձանց, որոնց անունները շրջանառվում են Գյումրիում։ «Գյումրիում նման կրթական մենեջմենթի տիրապետող մասնագետներ չկան»,- ասացին բանախոսները։

Նրանք քննադատեցին նախարարությանը՝ նախկին հանցավոր ռեժիմի մնացուկներից ազատվելու հարցում «իներտ» կեցվածք ընդունելու համար։

Ասուլիսն ամբողջությամբ այս հասցեում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031