«Սա Ադրբեջանի կողմից պետական քաղաքականության դրսևորում է, ուղղակի իրենց լկտիությունն ու համարձակությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերություններում մի քիչ ավելի սահմանափակ է, քան այլ երկրների դեպքում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի ընդունած՝ հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ։
Գևորգ Ղուկասյանը նկատեց՝ սա Ադրբեջանի հերթական նման դրսևորումն է, որին նախորդել էր Եվրոպական խորհրդարանի կողմից մոտ երկու ամիս առաջ ընդունված բանաձևից հետո Ադրբեջանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի միջև հարաբերությունների պաշտոնական դադարը, երբ կրկին Եվրախորհրդարանը պահանջել էր հայ ռազմագերիների ազատ արձակում։
Դրան նախորդել էր Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որից հետո ԱԳ նախարարություն էր կանչվել Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, դրան զուգահեռ բողոքի նոտա էր ուղարկվել Նիդերլանդների խորհրդարան։ Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ Ադրբեջանն իր այս ագրեսիվ վարքագծով փորձում է անել ամեն ինչ, որ խորհրդարանական հարթակներում բարձրացված հարցերը երբևէ չվերածվեն պետական քաղաքականության այն առումով, որ դառնան գործադիր իշխանության համար օրակարգային հարցեր․
«Իսկ հատկապես արևմտյան ժողովրդավարական երկրների դեպքում գործադիր իշխանությունները որոշակիորեն կարող են աչք փակել խորհրդարանական բանաձևերի, այնպիսի փաստաթղթերի վրա, որոնք իրավապարտադիր բնույթ չունեն, բայց քաղաքական կամք են արտահայտում։ Մեկ-երկու անգամ կարող են աչք փակել, բայց մշտապես չեն կարող անուշադրության մատնել խորհրդարանների կողմից ընդունված որոշումները։
Կարդացեք նաև
Իսկ Ադրբեջանն այսպիսի ագրեսիվ վարքագծով փորձում է անել ամեն ինչ, որ այդ ընդունված բանաձևերը չդառնան գործադիր իշխանության համար օրակարգային նշանակության հարցեր, որովհետև այդ պարագայում ինքը խնդիր կունենա։ Իր հերթին հայկական սփյուռքի, Հայ դատի հանձնախմբերի նպատակն է ամեն ինչ անել, որ գործադիր իշխանությունները տարբեր երկրներում ընդունեն այդ խնդիրները՝ իբրև օրակարգային հարցեր Ադրբեջանի հետ հարաբերություններում»։
Մեր այն փաստմանը՝ Ադրբեջանն իր հայտարարությամբ նաև նշել է, որ հայկական լոբբիի կողմից տարբեր միջազգային խորհրդարանական ֆորումներում ծավալվող գործողությունները խոչընդոտել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ձգտել են պահպանել առճակատումը, ինչի մասին նաև խոսում են ՀՀ իշխանությունները, և հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք, Գևորգ Ղուկասյանը պատասխանեց․
«Իհարկե, կապ տեսնում եմ։ Լոբբիստական գործունեությունը կարող է հաջողել՝ մանավանդ հայկական լոբբիի պայմաններում, քանի որ չունի կոռումպացված մեխանիզմներ, անսահմանափակ ֆինանսական միջոցներ։ Այդ իսկ պայմաններում լոբբիստական գործունեությունը կարող է հաջողել այն պարագայում, երբ հիմքում կա ճշմարտություն, որովհետև հայկական լոբբիի հիմնական զենքը ճշմարտությունն է և ճշմարտության համար պայքարը։ Եվ Ադրբեջանը չի կարող հայկական լոբբիին, հայկական շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերին՝ այդ թվում Հայ դատի հանձնախմբին, միջազգային ցանցին կաշկանդել զբաղվելու արդարության, ճշմարտության բարձրաձայնմամբ»։
Հարցին՝ Ադրբեջանի այս կոպիտ հակադարձումների պատճառը նաև այն չէ՞, որ, բացի հայտարարություններից, կոնկրետ պատժամիջոցներ չկան՝ ուղղված Ադրբեջանին, այն շարունակում է Եվրոպայի էներգետիկ գործընկերը լինել, կամ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, Գևորգ Ղուկասյանը պատասխանեց․
«ՀՀ իշխանությունների քաղաքականությունը հանգում է նրան, որ որևէ խնդիր, կաշկանդում չի ստեղծում Ադրբեջանի համար։ Այս առումով՝ այո, ՀՀ իշխանությունների գործողությունները որոշակի ձևով բացում են Ադրբեջանի ձեռքերը։ Ինչ վերաբերում է գործադիր իշխանության կողմից կոնկրետ գործողությունների բացակայությանը, Ադրբեջանի ամբողջ ագրեսիան տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործադիր իշխանությունները չեն ձևակերպել որոշակի գործողություններ։
Եվ Ադրբեջանի ամբողջ անհանգստությունը դա է։ Քանի դեռ այդ գործողությունները չեն արվել, Ադրբեջանը կհոխորտա, բայց բավական է մեկ աննշան պատժամիջոց, և Ադրբեջանի ամբողջ հոխորտումն ուղղակի ի չիք կդառնա։ Դրա համար իրենք հոխորտում են, որ կանխեն գործադիր իշխանությունների կողմից ներգրավումը, որովհետև նույն Եվրոպական խորհրդարանի վերջին չորս-հինգ բանաձևերը, որոնք առնչվում են մեզ, գործադիր իշխանությանը հստակ քաղաքական ուղերձ են հղում, որ գործադիր իշխանությունը դադարեցնի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ համագործակցության հուշագիրը։
Սա մի ոլորտ է, որ Եվրոպական խորհրդարանը կարող է խորհուրդ տալ, կոչ անել, բայց ոլորտներ կան, որտեղ Եվրոպական խորհրդարանի որոշումն իմպերատիվ նշանակություն ունի, և այս պայմաններում նման որոշում Ադրբեջանի դեպքում 2018-ին է կայացվել, որով Եվրոպական խորհրդարանը գործադիր իշխանությանն ուղղակի արգելել է Ադրբեջանի հետ իրավապայմանագրային հարաբերությունների բարձրացում իրականացնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































