Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյանը Սեյրան Օհանյանին հարց ունի

Փետրվար 01,2020 13:30
vahram atanesyan

«Ուզում է ասել՝ բանակցում էինք բանակցելո՞ւ համար: Եվ որքա՞ն էին մտադիր բանակցել`բանակցելու համար: Սա լուրջ չէ: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել է, որ պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, բայց Ալիեւը տապալեց համաձայնությունը». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

– Նախօրեին կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեւեց յոթ ժամ եւ հաջորդ օրը կրկին շարունակվեց: Կողմերը դեռ հայտարարություններ կանեն, որոնք կվերլուծվեն, հետեւությունների կհանգենք: Բայց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպման ավարտից հետո ասել էր. «…հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»: Ապա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Twitter-ում գրառում էր կատարել. «Կողմերը եւ համանախագահները հանդես են գալիս բանակցություններն ակտիվացնելու եւ բանակցություններում [քննարկված] բոլոր հարցերում շոշափելի արդյունքների հասնելու օգտին»: Հայտնի է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եւ վարչապետն էլ հայտարարել է`որեւէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա: Հետեւաբար, խաղաղ կարգավորման ի՞նչ լայն շրջանակի մասին է խոսքը, ըստ Ձեզ: Կամ ինչպե՞ս են ջանում բանակցություններն ակտիվացնել, երբ հայկական կողմը հայտարարում է, որ բանակցություններ չկան:

– Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան երկօրյա հանդիպումներն, իմ կարծիքով, նպատակաուղղված են Փաշինյան-Ալիեւ բանակցությունների նախապատրաստմանը: Վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանն այդ հավանականությունը չբացառեց: Չեմ կարծում, թե կողմերը կբացեն փակագծերը, բայց եթե Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպվի, կնշանակի, որ բանակցային գործընթացի շարունակականությունը, գոնե տեսանելի ապագայի կտրվածքով, ապահովվում է:

– Բավական մեծ վրդովմունքի տեղիք տվեց նաեւ այն փաստը, որ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ, Ադրբեջանում տեղի էր ունենում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ`դեսպանի նախաձեռնությամբ: Դա պատահականությո՞ւն էր, զուգադիպությո՞ւն, թե՞… Ինչո՞ւ Ադրբեջանին տասնամյակներ շարունակ չէր հաջողվում այդ համայնքին գործոն դարձնել, հիմա` հաջողվում է:

– Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր նման քննարկում նախաձեռնել: Տպավորություն ունեմ, որ դա հայկական կողմի վրա դիվանագիտական ազդեցության համար է արվում՝ կապված բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածության մասին վարչապետ Փաշինյանի նախաձեռնության հետ: Միջնորդներն ակնարկում են, որ այդ դեպքում հարկ կլինի լսել նաեւ «ԼՂ ադրբեջանական համայնքի» տեսակետը: Նախկինում Հայաստանը բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շոշափում էր, բայց այլ տոնայնությամբ: Բայց տարածաշրջանային այցերի ժամանակ համանախագահները Բաքվում պարբերաբար հանդիպում էին նաեւ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին:

– «Լուծում գտնելու համար մենք ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժերն ու ջանքերը, մենք այդ հարցը կլուծենք: Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարեւորություն ենք տալու»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նկատի ունենալով տարածաշրջանային իրողությունները, Թուրքիային կհաջողվի՞ գործուն դերակատարում ստանձնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել`ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի գիտությամբ եւ թույլտվությամբ:

– Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ միշտ էլ ներգրավված է եղել ԼՂ հարցի կարգավորման մեջ: Չավուշօղլուն որեւէ նորություն չի ասել, թուրք-ադրբեջանական տանդեմը բազմիցս է փորձել խնդիրը տեղափոխել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների տիրույթ: Անձնապես տպավորություն ունեմ, որ Թուրքիան ներկայումս Ադրբեջանին մղում է դեպի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծերի տիրույթ, իսկ Ալիեւն առայժմ երկմտում է: Նա մեծ կախվածություն ունի Արեւմուտքից: Իսկ Ռուսաստանը ԼՂ հարցում գործնական ոչինչ չի անի, եթե փոխարենը չստանա Ադրբեջանում ռազմական ներկայություն: Ապրիլյան պատերազմի մասին ես տեսակետ արտահայտել եմ թարմ հետքերով. ասել եմ, որ ժամկետային ծառայության զինվորների հերոսությամբ կանխվել է Հայաստանին «Ալեքսանդրապոլ-2» պայմանագրի պարտադրումը եւ շարունակում եմ մնալ նույն տեսակետին:

– Հայաստանում դեռ շարունակվում է նախկինների եւ ներկաների վեճը`ազատագրված յոթ շրջանները վերադարձնելու մասին: Վերջերս, իր ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը`հղում անելով մամուլի հրապարակումներին, ասաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր վերադարձնել յոթ շրջանները` պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ այդ փաստաթղթերը եղել են միայն բանակցելու համար եւ տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցություն իր հետ չի եղել: Բայց խնդիրն այն է, որ պաշտոնական Երեւանը չի հայտարարել մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին`տարածաշրջանային իրողությունների եւ հնարավոր զարգացումների արդյունքում:

– Ես հարց ունեմ պաշտպանության նախկին նախարարին՝ ի՞նչ է նշանակում՝ դրանք միայն բանակցությունների համար փաստաթղթեր էին: Ուզում է ասել՝ բանակցում էինք բանակցելո՞ւ համար: Եվ որքա՞ն էին մտադիր բանակցել` բանակցելու համար: Սա լուրջ չէ: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել է, որ պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, բայց Ալիեւը տապալեց համաձայնությունը: Կան արձանագրված իրողություններ, խուսանավելու հարկ չկա: Գործել է սկզբունք՝ եթե Ադրբեջանը ճանաչում եւ ընդունում է ԼՂ ազատ եւ լիակատար ինքնորոշման իրավունքը, ապա… Սա է եղել հայկական դիվանագիտության մոտեցումը: Փոխվե՞լ է այն: Կամ փոխելու անհրաժեշտություն եւ հնարավորություն կա՞: Այս հարցադրումները պետք է ներքին քննարկումների առարկա դառնան: Ցավոք, փոխադարձ մեղադրանքների եւ երկուստեք պոպուլիստական հայտարարությունների ենք ականատես, ինչից, բնականաբար, փորձում են շահ քաղել թե Թուրքիան ու Ադրբեջանը, թե նաեւ միմյանց հետ սուր մրցակցության մեջ գտնվող միջնորդները:

– Նիկոլ Փաշինյանը թեեւ չի ներկայացրել հարցի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումը, բայց պահն օգտագործեց եւ Արցախի նախագահի թեկնածուներին մարտահրավեր նետեց իրենց տեսակետը ներկայացնելու համար: Վերջիններս էլ արձագանքեցին: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով դա արվեց:

– Պետք է անկեղծ լինել. երբ 1998-ին իշխանափոխություն եղավ, Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ նորերին խոչընդոտելու կամ հեղինակազրկելու փորձ չարեց, թեեւ առիթներ կային: Նա կարող էր ջախջախիչ քննադատության ենթարկել, ասենք, Քի-Ուեսթի կամ Կազանի փաստաթուղթը, բայց ոչ միայն չգնաց դրան, այլեւ որոշակի աջակցություն ցուցաբերեց, որպեսզի գործող իշխանությունը փորձի գտնել հանգուցալուծում: Երբ 2018-ին Փաշինյանը եկավ իշխանության, նախկինների առաջին քարոզչահնարքն այն էր, որ դա «Արցախը ծախելու ծրագիր է»: Եվ Փաշինյանը ստիպված էր հակադարձել, բացել որոշ խորհրդապահական պահեր: Կապանում նրա ասածը ես հասկանում եմ այնպես, որ կա կարգավորման հայեցակարգ, եկեք դա պայմանականորեն անվանենք այսպես՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի եւ հետաձգվող հանրաքվեի դիմաց»: Վարչապետը փաստացի ասաց, որ կամ պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ, կամ փորձել փոխել կարգավորման տրամաբանությունը եւ դիմեց Հայաստանի քաղաքական ուժերին, Արցախի նախագահի թեկնածուներին: Ստեփանակերտից հնչած արձագանքները միանգամայն օրինաչափ էին: Այլ կերպ չէր կարող լինել: Արցախում վաղուց «մադրիդյան սկզբունքները» չեն ընդունվում: Հայաստանի քաղաքական ուժերը կամ լռեցին, կամ դիմեցին մանիպուլյացիաների: Ցավալի է, երբ համապետական կարեւորության այդ հարցը դարձնում են ներքաղաքական մրցակցության առարկա: Իմ ընկալմամբ, կա ներհայկական քննարկումների անհրաժեշտություն:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    ”երբ 1998-ին իշխանափոխություն եղավ, Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ նորերին խոչընդոտելու կամ հեղինակազրկելու փորձ չարեց, թեեւ առիթներ կային”

    LTP was not jailed and members of his team did not end-up in court facing artificial accusations. Consequently, the level of tension in the country was significantly lower. In your opinion, the intense criticism of the current government has nothing to do with the way it is treating the former? Continuing legal and PR attacks on the HHK a year and a half after the revolution and not expecting it to reply is, to put it mildly, childish.

  2. Gagik says:

    Պարզ մանիպուլյացիաներ։ Սերժ Սարգսյաննել դեռ լռումա ոչինչ չի ասել, եթե Լևոնի մասին ենք խոսում։
    Իսկ եթե համեմատում եք Աշոտյանի Շարմազանովի ասածները ուրեմն բարի եղեք համեմատեք ասենք Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի ու Լևոնի մնացած զինակիցների ասածների հետ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829