Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի հետ կապված հարցերը, որոնք մեր օրերում հուզում են բոլորին

Մարտ 01,2020 23:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), իր ուշադրության կենտրոնում պահելով աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման դինամիկան, համակարգելով COVID-19-ի հետ կապված հետազոտություններն ու դեղամիջոցների մշակումը, իր պաշտոնական կայքում պարբերաբար թարմ տեղեկատվություն է ներկայացնում Չինաստանում հայտնաբերված նոր վիրուսի վերաբերյալ։ Իր հրապարակումներից մեկով ԱՀԿ-ն փորձել է հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ աշխարհի տարբեր հատվածներում ապրող մարդկանց շրջանում։

Որո՞նք են այդ հարցերը

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնց պաթոգեն ազդեցությունը մարդկանց և կենդանիների նկատմամբ ապացուցված է: Հայտնի է, որ մի շարք կորոնավիրուսներ մարդու մոտ կարող են առաջացնել շնչառական ինֆեկցիաներ՝ սկսած սովորական հարբուխից մինչև ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS) և սուր շնչառական համախտանիշը (SARS): Վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսը COVID-19 հիվանդության առաջացման պատճառն է համարվում:

Ի՞նչ է COVID-19-ը

COVID‑19-ը ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսն է։ Մինչ 2019 թ․-ի դեկտեմբեր ամիսը՝ Չինաստանի Ուհան քաղաքում վարակի բռնկումից առաջ այս նոր վիրուսի և հիվանդության մասին մարդկությանը ոչինչ հայտնի չէր։

Որո՞նք են COVID‑19-ի ախտանշանները

COVID 19-ի առավել տարածված ախտանիշներն են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, հոգնածությունը և չոր հազը: Մի շարք հիվանդների մոտ նկատվում են տարբեր բնույթի ցավեր, քթի փակվածություն, հարբուխ, ֆարինգիտ կամ լուծ։ Որպես կանոն այդ ախտանշանները աստիճանաբար են զարգանում և թույլ արտահայտված բնույթ են կրում։ Շատ վարակակիրների մոտ ախտանշաններն ու վատ ինքնազգացողությունը կարող են և չարտահայտվել։

Մարդկանց մեծամասնության դեպքում (մոտ 80%) հիվանդությունն ապաքինվում է, ընդ որում բուժման առանձնահատուկ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտություն չի առաջանում։ Մոտավորապես վեցից 1 դեպքում COVID-19-ը ծանր ախտանշաններ է առաջացնում՝ զարգացնելով սուր շնչառական անբավարարություն։ Հիվանդության ծանր ընթացքն առավել հավանական է տարեց մարդկանց շրջանում, ինչպես նաև այն մարդկանց մոտ, որոնք տառապում են օրինակ այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են զարկերակային բարձր ճնշումը, սրտի հիվանդությունները, շաքարախտը։ Հիվանդության՝ մահվամբ գրանցված ավարտը դեպքերի մոտ 2%-ն է կազմում։

Մարմնի բարձր ջերմաստիճանի, հազի և դժվարացած շնչառության դեպքում պետք է դիմել բժշկական օգնության։

Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

2019‑nCoV կորոնավիրուսով կարելի է վարակվել այն անձանցից, որոնք արդեն վարակակիր են։ Վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում մանր կաթիլների միջոցով, որոնք արտանետվում են COVID‑19-ով հիվանդ մարդու հազի կամ փռշտոցի ժամանակ։ Այդ կաթիլները շնչելու դեպքում մարդը վարակվում է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփման դեպքում պահպանել առնվազն 1 մետր հեռավորությունը։ Վիրուս պարունակող կաթիլները տարածվում են  նաև մարդուն շրջապատող առարկաների ու մակերեսների վրա, և մարդիկ կարող են վարակվել՝ նաև դիպչելով այդ առարկաներին կամ մակերեսներին, իսկ հետո իրենց քթին, աչքերին կամ բերանին։

COVID-19-ի հարուցիչը փոխանցվո՞ւմ է արդյոք օդի միջոցով

Գիտական թարմ տվյալների համաձայն վիրուսի՝ օդի միջոցով փոխանցումից առավել ծանրակշիռ գործոն են համարվում շնչուղիներից արտազատվող մանր կաթիլները։ (Տես՝ Ինչպե՞ս է տարածվում վիրուսը։)

COVID-19-ով կարելի՞ է վարակվել մարդուց, որի մոտ բացակայում են ախտանշանները

Վիրուսը հիմնականում տարածվում է հազի կամ փռշտալու ժամանակ մարդկանց շնչուղիներից արտանետվող կաթիլների միջոցով։ Ոչ մի ախտանշան չունեցող մարդուց վարակվելու հավանականությունը ծայրահեղ փոքր է։ Մյուս կողմից բազմաթիվ մարդկանց մոտ COVID-19-ի ախտանշանները շատ թույլ են արտահայտված լինում, ինչը հատկապես բնորոշ է հիվանդության վաղ փուլերին։  Այսպիսով COVID-19 -ի փոխանցումը մարդուց, որն իրեն հիվանդ չի զգում և միայն թույլ հազ ունի, հնարավոր է։ ԱՀԿ-ն հետամուտ է այն հետազոտությունների ընթացքին, որոնք կոչված են բացահայտելու հիվանդության ժամանակամիջոցը, որի ընթացքում հիվանդը վարակիչ է համարվում։

Կարո՞ղ եմ ես COVID-19-ով վարակվել հիվանդ մարդու կղանքի միջոցով

2019-nCoV վիրուսով վարակված մարդու կղանքի միջոցով հիվանդությամբ վարակվելու ռիսկը փոքր է։ Նախնական հետազոտությունների տվյալների համաձայն՝ որոշ դեպքերում վիրուսը կարող է հայտնաբերվել կղանքի մեջ, սակայն դրա միջոցով փոխանցման մեխանիզմը առաջատար դեր չունի հիվանդության բռնկման ներկայիս փուլում։

Նման վտանգը, սակայն, չարժե լիովին բացառել և այն եւս մեկ անգամ հաստատում է պետքարանից օգտվելուց հետո ձեռքերի կանոնավոր լվացման անհրաժեշտությունը։

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել ինձ և կանխել հիվանդության տարածումը

Անհատական պաշտպանության մեթոդները

Հետևեք COVID-19-ի բռնկման մասին թարմ տեղեկատվությանը, որը կարող եք գտնել ինչպես ԱՀԿ-ի պաշտոնական կայքում, այնպես էլ ձեր երկրի առողջապահական համակարգի տեղեկատվական հարթակներում։  COVID‑19-ով վարակման մասսայական դեպքերը, ինչպես և նախկինում, նկատելի են Չինաստանում, իսկ այլ երկրներում հիվանդության բռնկումները լոկալ բնույթի են։ Շատ դեպքերում հիվանդությունը բնորոշվում է թեթև ընթացքով և ավարտվում ապաքինմամբ, թեև հանդիպում են նաև բարդացած դեպքեր։ Սեփական և շրջապատի առողջության մասին կարելի է հոգ տանել՝ հետևյալ կանոնները պահպանելով․

  • Պարբերաբար մշակեք ձեռքերը սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվեք օճառով։
    Ինչո՞ւ է դա անհրաժեշտ․ Եթե ձեռքերի մակերեսին կա վիրուս, ապա սպիրտ պարունակող միջոցներով մշակումն ու օճառով լվացվելը կվերացնեն այն։
  • Հազացող և փռշտացող մարդկանցից պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ․Հազալու կամ փռշտալու ժամանակ քթից ու բերանից արտանետվում են վիրուսներ պարունակող մանրագույն կաթիլներ, որոնք տարածվում են մարդու շուրջը։ Այդպիսի մարդուն շատ մոտ գտնվելով՝ վտանգ է առաջանում այդ կաթիլները շնչելու և վարակվելու։
  • Որքան հնարավոր է, մի դիպչեք ձեր աչքերին, քթին ու բերանին։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ․ Ձեռքերը շփվում են շատ տարբեր մակերեսների հետ և կարող են վիրուս վերցնել, այդպիսով էլ թափանցել մեր աչքերի, քթի ու բերանի մեջ։ Այդպիսով վիրուսը կարող է օրգանիզմ ներթափանցել ու հիվանդության հարուցման պատճառ դառնալ։
  • Թե՛ մենք, թե՛ շրջակա միջավայրի մարդիկ պետք է խստորեն պահպանեն շնչառական հիգիենայի կանոնները։ Դրա համար անհրաժեշտ է հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը փակել անձեռոցիկով կամ դաստակով։
    Ինչո՞ւ է դա անհրաժեշտ․ Վիրուսը փոխանցվում է մանր կաթիլների միջոցով։ Խստորեն հետևելով շնչառական հիգիենայի կանոններին՝ դուք կարող եք պաշտպանել շրջապատի մարդկանց վարակվելուց այնպիսի վիրուսային հիվանդություններից, ինչպիսիք են գրիպը կամ COVID-19-ը։
  • Եթե դուք ձեզ վատ եք զգում, մնացեք տանը։ Անհապաղ դիմեք բժշկի օգնությանը, եթե բարձրացել է մարմնի ջերմութունը, հազ է առաջացել և դժվարացել է շնչառությունը։ Հետևեք տեղի առողջապահական մարմինների ցուցումներին։
    Ինչո՞ւ է դա անհրաժեշտ․ Ժամանակին բժշկական օգնության դիմելը թույլ կտա մասնագետներին ձեզ օպերատիվ կերպով ուղղորդել համապատասխան բժշկական հաստատություններ։ Այդպիսով դուք ինքներդ ձեզ կպաշտպանեք և կօգնեք կանխարգելել վիրուսի տարածումը հանրության լայն շրջաններում։

Որքանո՞վ է հավանական, որ ես կվարակվեմ COVID-19-ով

Հավանականության մակարդակը որոշվում է ձեր բնակության վայրով և վերջին շրջանում ձեր կատարած այցելությունների աշխարհագրությամբ։ Վարակման հավանականությունը ավելի բարձր է այն վայրերում, որտեղ մեծ թվով COVID‑19-ի դեպքեր են արձանագրվել։ Ներկա պահին COVID‑19-ի դեպքերի 95%-ը բաժին է ընկնում Չինաստանին, գլխավորապես Հուբեյ նահանգին։ Այլ շրջաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է մշտապես հետևել ընթացիկ իրավիճակի մասին տեղեկավությանն ու բնակության ձեր շրջանում վարակի դեմ իրականացվող միջոցառումներին։

Արժե՞ վախենալ COVID-19-ից

Հիվանդության հետ կապված փաստերի մասին տեղեկացված լինելով՝ ավելի լավ կկարողանաք գնահատել ձեզ սպառնացող ռիսկերն ու կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։

Կարևոր է իմանալ ձեր բնակավայրում ընթացող իրավիճակի դինամիկան և ըստ այդմ ձեռնարկել անհատական պաշտպանության միջոցներ։

Ո՞ւմ մոտ կարող է հիվանդությունը ծանր ընթացք ունենալ

Մեր տեղեկությունները COVID‑2019-ի վերաբերյալ դեռ վերջնական չեն, սակայն հիվանդության ծանր ընթացքն ավելի հաճախ նկատվում է տարեց մարդկանց շրջանում, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ (օր․՝ զարկերակային գերճնշում, սրտի հիվանդություններ, շաքարախտ)։

Նոր կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար արդյունավե՞տ են արդյոք հակաբիոտիկները

Ո՛չ, հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա, դրանք ակտիվ են միայն բակտերյալ վարակների դեպքում։ COVID‑19  հիվանդությունը վիրուսային բնույթի է, դրա համար էլ հակաբիոտիկներն անարդյունավետ են։ Չի կարելի հակաբիոտիկներ օգտագործել  COVID‑19-ի բուժման և կանխարգելման համար։

Գոյություն ունի արդյո՞ք COVID‑2019-ի բուժման մեթոդ, դեղամիջոց կամ պատվաստանյութ

Ներկա պահին՝ ոչ։ Տվյալ պահին նոր կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար չկա մշակված պատվաստանյութ կամ հակավիրուսային դեղամիջոց։ Այնուամենայնիվ հիվանդացած մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն՝ ախտանշանների թեթևացման համար։ Հիվանդության ծանր ընթացք ունեցող մարդիկ հոսպիտալացման ենթակա են։ Կենսական կարևորագույն գործառույթների պահպանմանն ուղղված բուժական միջոցառումների շնորհիվ հիվանդների մեծամասնությունն ապաքինվում են։ Ներկա պահին հատուկ ազդեցության դեղամիջոցներ ու պատվաստանյութեր են մշակվում․ դրանք ենթարկվում են կլինիկական հետազոտությունների։  COVID‑19-ի բուժման և կանխարգելման համար նախատեսված պատվաստանյութերի ու դեղամիջոցների մշակումը կոորդինացվում է ԱՀԿ-ի կողմից։

COVID-19-ը նույնն է, ինչ ատիպիկ թոքաբորբը

Ոչ, COVID-19-ի վիրուսային հարուցիչն ու ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի հարուցիչը թեև գենետիկորեն մոտ են, սակայն տարբեր վիրուսներ են։ Վերջինս ավելի մահացու է, սակայն պակաս վարակիչ, քան COVID-19-ը։ 2003 թ․-ից աշխարհում չի եղել  ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի բռնկում։

Արժե՞ դիմակ կրել պաշտպանվելու համար

Շնչառական հիվանդության ախտանշաններ, օրինակ, հազ չունեցող մարդկանց բժշկական դիմակ անհրաժեշտ չէ։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել այն մարդկանց, որոնք ունեն հիվանդության ախտանշաններ կամ խնամում են այդպիսի ախտանշաններ ունեցող մարդկանց։ Դիմակներ կրելը ծայրահեղ կարևոր է բուժաշխատողների և պացիենտների նկատմամբ խնամք իրականացնողների (տանը կամ հիվանդանոցային պայմաններում) դեպքում։

Ինչպե՞ս հագնել, օգտագործել, հանել և օգտահանել դիմակը

Դիմակի օգտագործումն անհրաժեշտ է բուժաշխատողներին, խնամք իրականացնող անձանց և շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց։

  1. Դիմակը վերցնելուց առաջ ախտահանեք ձեռքերը սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվեք օճառով։
  2. Հետևեք, որ դիմակը վնասված չլինի։
  3. Դիմակի վրա մետաղյա ներդիր կա, դիմակը վերցրեք այնպես, որ այդ ներդիրը լինի վերևի մասում։
  4. Դիմակի՝ վառ գունավորում ունեցող կողմով է անհրաժեշտ կրել այն։
  5. Ամրացրեք դիմակը և մետաղյա ներդիրը կորացրեք ձեր քթի ձևին համապատասխան։
  6. Ձգեք դիմակի ներքևի մասը, որպեսզի ծածկեք բերանն ու կզակը։
  7. Օգտագործելուց հետո հանեք դիմակը՝ բռնելով եզրերի թելերից՝ այնպես, որ դիմակը չդիպչի ձեր դեմքին կամ հագուստին։
  8. Օգտագործելուց հետո դիմակը գցեք փակվող աղբարկղի մեջ։
  9. Մշակեք ձեռքերը օճառով կամ սպիրտ պարունակող միջոցներով։

Որքա՞ն է տևում COVID‑19-ի գաղտնի շրջանը

Ինկուբացիոն է կոչվում վարակման և հիվանդության կլինիկական ախտանշանների դրսևորման միջև ընկած շրջանը։ Տվյալների մեծամասնության համաձայն՝ COVID‑19-ի գաղտնի շրջանը տատանվում է 1-ից 14 օրվա միջակայքում և հաճախ մոտ 5 օր է կազմում։ Այս տվյալները ենթակա են հետագա թարմացման՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես։

Մարդը կարո՞ղ է նոր կորոնավիրուսով վարակվել ընտանի կենդանուց

Ո՛չ, մինչ օրս տվյալներ չկան ընտանի կենդանիներից 2019­nCoV-ով վարակվելու դեպքերի վերաբերյալ։

Որքա՞ն ժամանակ է վիրուսն ապրում մակերեսների վրա

Մակերեսների վրա 2019‑nCoV վիրուսի կենսունակության ժամկետը դեռևս հստակ ճշգրտված չէ, սակայն ենթադրվում է, որ այդ չափանիշով այն նման է կորոնավիրուսների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին։ Հետազոտությունների համաձայն՝ մակերեսների վրա վիրուսն իր կենսունակությունը պահպանում է մի քանի ժամից մի քանի օրվա միջակայքում։ Կոնկրետ ժամկետները կախված են մի շարք պայմաններից՝ մակերեսի տեսակը, ջերմաստիճանը, շրջակա միջավայրի խոնավությունը։ Եթե կասկածներ կան, որ ինչ-որ մակերեսի վրա վիրուս կա, ապա այն վերացնելու համար բավական է այդ մակերեսը մշակել ախտահանիչ նյութով։ Ինչպես նաև չմոռանալ ձեռքերի հիգիենայի և դեմքին չդիպչելու կարևոր պայմանի մասին։

Անվտանգ է արդյո՞ք բեռների ստացումն այն շրջաններից, որտեղ գրանցվել են COVID-19-ով վարակման դեպքեր։

Այո։ Հավանականությունը, որ վարակը մարդկանց կփոխանցվի պատվիրված ապրանքներից, ցածր է։

Ի՞նչ չարժե անել

Ներքևում թվարկված միջոցները ՉԵՆ ՕԳՆՈՒՄ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում և կարող են վնասակար լինել

  • ծխելը,
  • խոտաբույսերի հիմքով ժողովրդական բժշկության միջոցների ընդունումը,
  • միանգամից մի քանի դիմակ կրելը,
  • ինքնաբուժումը, մասնավորապես հակաբիոտիկների ընդունումը։

Եթե ձեզ մոտ առկա է մարմնի բարձր ջերմաստիճան, հազ և դժվարացած շնչառություն, ապա հիվանդության բարդացման վտանգը նվազեցնելու համար հնարավորինս շտապ դիմեք բժշկական օգնության, ինչպես նաև առողջապահության մասնագետներին հայտնեք վերջին շրջանում ձեր կատարած այցերի մասին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031